Պատերազմում հաղթողի դիրքորոշումը միշտ էլ «արդար» է

Պատերազմում հաղթողի դիրքորոշումը միշտ էլ «արդար» է

Այո, պատերազմում հաղթողի դիրքորոշումը միշտ էլ «արդար» է՝ որքան էլ անարդար լինի այն իրականում: Այդպիսին է կյանքի օրենքը, ըստ որի ուժն է ծնում իրավունք: Մարդկային քաղաքակրթությունը ժամանակի ընթացքում փորձեց որոշակի շրջանակների մեջ մտցնել ուժի ծնած իրավունքը: Սակայն ինչպես «ամենայն հայոց բանաստեղծն» է 100 տարի առաջ ասել մարդ արարածի և ըստ այդմ՝ մարդկային հասարակության մասին, «Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան»: Եվ, ուզենք թե չուզենք, այդ սահմանափակումներն իրենք կլինեն սահմանափակ՝ հատկապես երբ խառը ժամանակներն են տիրում աշխարհում: Հենց ուժի ծնած իրավունքի դրսևորում էր տարեվերջյան ասուլիսին Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամով Ջեյհունի հայտարարությունն առ այն, որ իրենց դիրքորոշումն արդար է: Խոսքը վերաբերել է «Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ութ գյուղերի» ճակատագրին: Միջանկյալ ասեմ, որ այն, ենթադրաբար, ամբողջությամբ վերաբերելի է նաև նրա երկրորդ թեզին՝ «իրենց պատմական հողեր արևմտյան ադրբեջանցիների վերադարձին»: 

Անկլավային այդ գյուղերի խնդրի առումով խոսելով՝ թշնամի երկրի նախարարը խոստովանել է, որ «պաշտոնական Երևանն այս հարցում որոշակի պահանջներ ունի»՝ առանց կոնկրետացնելու, թե ինչ պահանջների մասին է խոսքը: Պահանջները պետք է որ վերաբերեն ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի կազմում «ներառված» Արծվաշեն գյուղին: Ներառվածը չակերտավոր, քանի որ 1992 թվականից այն զավթվել է թշնամու կողմից ու մնացել է այդ կարգավիճակում: Տարագրվելով՝ արծվաշենցիները բնակվել են այլ վայրերում, իսկ գյուղում բնակվել են զավթիչները: Այդ գյուղի զբաղեցրած տարածքը, որքան տեղյակ եմ, համարյա թե հավասար է թշնամու պահանջած ութ գյուղերի տարածքներին: Բայց ի տարբերություն այդ գյուղերի, Ադրբեջանի առումով Արծվաշենը չունի այն ստրատեգիական դիրքը, որ ունեն այդ գյուղերը մեր երկիրը Վրաստանին ու Իրանին կապող միջպետական ճանապարհներին: 

Ի դեպ, ամիսներ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իրեն հատուկ բառապաշարով՝ երբ նրա «ոչ չասելը չի նշանակի այո», անդրադարձել էր Արծվաշենի հարցին: Ու այդպես էլ անհասկանալի էր մնացել (գոնե ինձ համար), թե ինքը պահանջելու է արդյոք Արծվաշենի վերադարձը՝ եթե թշնամուն հանձնի նրա պահանջածը: Անորոշ ձևակերպումներով նույնն այսօր կրկնեց նրա նշանակած քպկական նախարարներից մեկը: Իսկ որ դրանք ինքը համաձայն էր հանձնելուն՝ կասկած լիներ չէր կարող, քանի որ այդ համատեքստում խոսում էր նոր ճանապարհների կառուցման մասին: Ինչը, ինչպես գիտենք, այդ անձի համար հաց ու պանիր ուտելու պես բան է: 2021 թվականին հեշտ ու հանգիստ զիջելով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը՝ նախաձեռնեց այլընտրանքի շինարարությունը: Արդյունքում երկիրը կորցրեց նորմալ ճանապարհ՝ փոխարենը ստանալով դրա խեղճուկրակ նմանակը, որն արդեն երկու տարի է, ինչ խելքի չի գալիս: Այա այլընտրանքը ճիշտ այնպիսին է, ինչպիսին առկա են բոլոր բնագավառներում՝ թերի ու անորակ:   

Ինչ վերաբերում է «իրենց պատմական հողեր արևմտյան ադրբեջանցիների վերադարձին», ապա նախարար Բայրամովին զարմանալի (և ցավալի) է թվում այն հանգամանքը, որ Հայաստանում դա ընկալվում է որպես տարածքային պահանջ։ Իսկ ես չեմ զարմանում, թե որքան կեղծ կարող է լինել ադրբեջանցին: Ու զարմանում եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը հույսը չի կորցնում, որ այդ մարդկանց հետ կարող է խաղաղության պայմանագիր կնքելու պայմանով ապահովել սեփական երկրի անվտանգությունը: Չնայած հանուն ճշմարտության պետք է ասվի, որ ինքը փորձում է Արևմուտքում գտնել այդ գործընթացի երաշխավորողների: Բայց մոռանում է, որ միջպետական փոխահարաբերություններում շարժվում են ոչ թե գաղափարախոսական սկզբունքներով, այլ պետական շահերով: Ու այդ հարցում բացառություն չեն նաև արևմտյան երկրները: Ու երբ նրանց շահերը պահանջնեն՝ նրանք անմիջապես կմոռանան իրենց նախկին խոստումները ժողովրդավարությանն աջակցելու առումով: Եվ լավագույն դեպքում դա կփոխհատուցեն ոչինչ չպարտադրող հայտարարություններով: