Նիկոլ Փաշինյանի միակ ընդդիմախոսը մնացել է լրագրողական համայնքը

Նիկոլ Փաշինյանի միակ ընդդիմախոսը մնացել է լրագրողական համայնքը

Որքան էլ հասարակությունը դժգոհ լինի լրագրողներից ու լրատվադաշտից, չեն կարող այսօր մեզ հետ չհամաձայնել, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանին հակադարձում, փաստերով խեղճացնում է միայն լրագրողական համայնքը։ Թվում է՝ դա ընդդիմության գործն է եւ հատկապես խորհրդարանական ընդդիմության, որը պետք է այնքան խելացի ու պատրաստված լիներ, այնքան աշխատեր ու փաստարկված ելույթներ ունենար, որ խորհրդարանի ամբիոնից շարունակաբար բացահայտեր նրա ստերը, սխալները, մանիպուլյացիաները եւ նրա հակասական քայլերը պարզ ներկայացներ հանրությանը։ Դա պետք է անեին եւ իր բացակայության պայմաններում, եւ իր ներկայությամբ։ Բայց, պարզվեց, մեր խորհրդարանական ընդդիմությունը խեղճ է, վախկոտ, անտեղյակ եւ ծույլ՝ ի վիճակի չէ փաստերով ու հիմնավորված ներկայացնել այդ ամենը, չի ուզում դիսկոմֆորտի զգացում ունենալ՝ Փաշինյանի հետ ուղիղ շփումներից, չի ուզում հայտնվել ֆեյքերի ու զոմբիների թիրախում եւ այլն։ Դա է պատճառը, որ, որպես կանոն, խուսափում են խորհրդարանի դահլիճում հայտնվելուց, նրա հետ ուղիղ բանավեճի մեջ բռնվելուց, անգամ հարց ու պատասխանի նիստերին չեն մասնակցում, որ մերկացնեն նրան՝ ի ցույց հանրության։ Չէ որ ամբողջ օրը բողոքում են, թե մեր լսարանը փոքր է, իսկ հարցուպատասխանի նիստերը հեռարձակվում են ողջ հանրապետությունով։

Արդյունքում Նիկոլ Փաշինյանը շատ լավ զգաց ու օգտվեց նրանց վախերից, խեղճությունից, անտեղյակությունից, ոչ ճկունությունից եւ սկսեց ԱԺ ամբիոնն էլ, կառավարության նիստերի ամբիոնի նման, լիուլի օգտագործել՝ սեփական քարոզչությունն անելու եւ իր հակառակորդներին «փչացնելու» համար։ Ընդդիմության հասցեին այդ ամբիոնից սկսեց հոխորտալ ու ծաղրել, մեղադրել աշխարհի մեղքերի մեջ, գլխիվայր շուռ տալ փաստերը, ապակողմնորոշել հանրությանը։ 

Հիմա դառնանք լրագրողական համայնքին եւ այդ համայնքի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններին։ Անզեն աչքով էլ երեւում է, թե ինչպես է Փաշինյանը զգուշանում լրագրողների հետ շփվելիս, ինչպես է ասուլիսների ժամանակ հարգալից խոսում, երբեմն անգամ սիրաշահում լրագրողներին, ուշադիր լսում նրանց հարցերը, աշխատում կոռեկտ պատասխանել՝ առանց իրեն բնորոշ վիրավորանքների ու հեգնանքի։ Եւ գիտե՞ք, թե որն է դրա պատճառը․ այն, որ լրագրողները միակ խավն են, որն, ըստ էության, բացահայտում են նրա ստերն ու սխալները, հարցեր են տալիս նրա վրիպումների մասին, անգամ նրա հոգեկան անհավասարակշիռ եւ իրարամերժ պահվածքն են իր աչքը մտցնում։ Ճիշտ է՝ այստեղ էլ են լինում քծնախառն հարցեր, բայց մեծ հաշվով, լրագրողական համայնքը տալիս է գրագետ, լավատեղյակ հարցեր, երեւույթների խորքն է նայում եւ թույլ չի տալիս, որ մանիպուլյացիաներով իրեն ֆռռացնի վարչապետը, ինչպես անում է այլ լսարաններում։ Եւ ամենակարեւորը՝ չի վախենում նույն ֆեյքերի ու զոմբիների արշավներից, որոնք հմտորեն կազմակերպում են ՔՊ-ականները։ Ասենք, «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի մի հարցն արժե ընդդիմության հարյուրավոր ելույթներին, անգամ «Ազատության», factor.am-ի, tert.am-ի, մյուս լրատվամիջոցների, նույնիսկ պրոիշխանական լրատվամիջոցների ներկայացուցիչները գրագետ եւ բովանդակալից հարցեր են տալիս՝ ցուցադրելով, որ շատ լավ հասկանում են, թե երկրում ինչ է կատարվում։ Նաեւ հեռուստադիտողի համար բացահայտելով, թե ինչ է անում Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար։

ՀԳ Այս հոդվածի առիթն այսօր ԱԺ Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի անզուսպ ելույթն ու հակադարձումների բացակայությունն էր։