Շարունակելով բարի ավանդույթները

Շարունակելով բարի ավանդույթները

Այս տարի բազում առիթներ ենք ունեցել՝ մեծ հաճույքով հայտնելու մեր մարմնամարզիկների բացառիկ նվաճումների մասին, որ ձեռք են բերվել ամենախոշոր ու պատկառելի մրցաշարերում: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ օրերս Խորվաթիայի Օսյեկ քաղաքում, գերազանցեց բոլոր սպասելիքները: Աշխարհի գավաթի հերթական փուլի խաղարկությունում մեր 3 պատվիրակները, կարելի է ասել, ոսկեփայլ ելույթներ ունեցան, նրանց բարձր ցուցանիշների պատվին երեք անգամ հանդիսավորությամբ հնչեց Հայաստանի պետական օրհներգը: Կրկին հիացրեց Արթուր Դավթյանը՝ իրեն հավասարը չունենալով հենացատկերում, ավելին` արծաթե մեդալ նվաճեց նժույգաթափերի վարժությունում, ընդ որում՝ զիջելով իր թիմակից Գագիկ Խաչիկյանին: Իսկ ահա օղակների վարժությունում բոլորին գերազանցեց մեկ այլ երեւանցի` Արթուր Ավետիսյանը: Ինչպե՞ս չուրախանալ, չհպարտանալ մեր մարմնամարզիկների նման արտասովոր հաղթարշավով: Ապրե՛ք, տղաներ, դուք մեր մեծ սպորտի փառավոր ավանդույթների արժանի շարունակողներն եք: Հուսանք, որ ձեր հաղթարշավը համարժեք շարունակություն կունենա նաեւ Լեհաստանում, որտեղ (Կրակովում) հունիսի 21-ին կմեկնարկի այս տարվա ամենալայնամասշտաբ մարզական ստուգատեսը` եվրոպական ամառային երրորդ խաղերը՝ 7 հազարից ավելի մարզիկների մասնակցությամբ: Նրանք 26 մարզաձեւի մրցումներում վիճարկելու են տարբեր ձուլվածքների մեդալների 258 հավաքածու: Հայաստանի պատվիրակությունն արդեն ժամանել է Կրակով եւ մտադիր է լուրջ պայքար մղել:

Իսկ Երեւանում անցած շաբաթ անցկացվեց ազատ ոճի անվանի ըմբիշ, աշխարհի բազմակի գավաթակիր, Սեուլի օլիմպիական խաղերում (1988 թ․) 62 կգ քաշային կարգում փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված միջազգային 25-րդ հուշամրցաշարը՝ 15 երկրների ըմբիշների մասնակցությամբ: Մրցանակային ֆոնդը` տարբեր քաշային կարգերում հաղթողների համար, 3 հազարական դոլար էր, երկրորդ տեղ գրավածների համար` 2 հազարական, երրորդ տեղ գրավածներինը` 1000-ական դոլար:

Այս մրցաշարում գլխավոր անակնկալը մատուցեց Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր Վազգեն Թեւանյանը (65 կգ), ով եզրափակիչ գոտեմարտում աներեւակայելի կարճ` 48 վայրկյանում, բացարձակ առավելության հասնելով բուլղարացի Միկայ Նաիմի նկատմամբ (13:0)՝ գրավեց առաջին տեղը: Նույնը կարելի է ասել 57 կգ քաշային, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանի մասին: Շատ խոսուն էր վրացի Գեորգի Գեգելաշվիլու հետ ունեցած վճռական հանդիպման հաշիվը` 11:1: Հայաստանի ըմբիշներից մրցաշարի հաղթող ճանաչվեց նաեւ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, ով ոսկե մեդալի համար պայքարում առավելության հասավ (5:3) ղազախ Մուրատ Ձակուպովի նկատմամբ:

Իսկ ֆուտբոլի երկրպագուները վաղուց այդքան չէին ոգեւորվել, որքան անցած ուրբաթ օրը, երբ մեր ընտրանին Եվրոպայի առաջնության շրջանակներում անցկացրած երկրորդ խաղում, Քարդիֆում մրցելով Ուելսի հավաքականի հետ՝ 4:2 հաշվով փայլուն հաղթանակ տարավ: Ակամա հիշեցի մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի` խաղի նախօրյակին կայացած ասուլիսի ժամանակ արտասանած վստահ խոսքը․ «Մեր տղաները պատրաստ են լեփ-լեցուն մարզադաշտում խաղալ, այնպես որ` մի՛ անհանգստացեք»: Հայտարարեց, ասես ռեալ կերպով պատկերացնելով, թե ինչպես են զարգանալու կարեւոր մրցակցության իրադարձությունները: Եվ իրոք, ամբողջ խաղի ընթացքում մեր ֆուտբոլիստները գործում էին նպատակասլաց եւ վստահ ու տպավորիչ հաղթանակ տարան: Իսկ մրցակցության հերոսներ դարձան դուբլ ձեւակերպած Լուկաս Սելարայանը (հրավիրվել է ԱՄՆ-ի ու Կանադայի համատեղ բարձրագույն լիգայի առաջնության մասնակից «Կոլամբուս Քրյու» թիմից) եւ Հրանտ-Լեոն Ռամոսը (Երանոսյանը), ով Գերմանիայի Մյունհենգլադբախի «Բորուսիա» թիմի նորեկ հարձակվողն է: Հատկանշական է նաեւ, որ նրանց խփած 4 գոլերը թիմակիցների ճիշտ ու ժամանակին կատարած փոխանցումները, գրոհները դիպուկ հարվածներով ավարտելու հստակությունը կոլեկտիվ եւ անհատական գործողությունների նուրբ վարպետության դրսեւորումներ էին: Հուսանք, որ այս հաջողությունը շարունակություն կունենա:

Հունիսի 16-ին ելույթ ունեցավ նաեւ մեր բասկետբոլի հավաքականը, որը ներկայում Լոս Անջելեսում է անցկացնում իր ուսումնամարզական հավաքը: Այստեղ էլ կայացավ ընկերական հանդիպում Եվրոպայի փոխչեմպիոն Ֆրանսիայի ընտրանու հետ: Ֆրանսիացիները համոզիչ առավելության հասան 107:74 հաշվով: Ապա կայացավ եւս մի ստուգողական հակամարտություն՝ դարձյալ, ցավոք, հաղթանակ տարան ֆրանսիացիները, 98:83 հաշվով:

Միսակ Նազարյան