Ադրբեջանը հասավ իր նպատակին` Լաչինի միջանցքը վերածվեց ճանապարհի

Ադրբեջանը հասավ իր նպատակին` Լաչինի միջանցքը վերածվեց ճանապարհի

Եթե ամփոփելու լինենք Լաչինի միջանցքի 10-օրյա շրջափակման արդյունքները, կարող ենք արձանագրել, որ ադրբեջանական ներխուժման արդյունքում միջանցքը, որպես այդպիսին, վերացել է՝ այն վերածվել է սովորական ճանապարհի, որն էլ արգելափակված է ադրբեջանցիների կողմից: Ադրբեջանցիներն ի վերջո հասան իրենց ուզածին`Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն: Ինչ-որ ժամանակ հետո ադրբեջանցիները, միջազգային հանրության ճնշման տակ, իհարկե, կբացեն ճանապարհը, բայց ադրբեջանական ուժային կառույցների ներկայացուցիչները չեն հրաժարվի ճանապարհի վրա հաստատած վերահսկողությունից:  

Ադրբեջանն արդեն տեւական ժամանակ է՝ փորձում էր վերահսկողություն հաստատել Լաչինի միջանցքի նկատմամբ, բայց հայկական կողմն անընդհատ ընդդիմանում էր: Արցախի իշխանությունները պնդում էին, որ ադրբեջանցիների կողմից ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը շատ վատ կանդրադառնա արցախցիների վրա. ադրբեջանցիները կարող են արգելել հայերի ազատ տեղաշարժը, կարող են տարբեր պատճառաբանություններով մերժել արցախցիների ելումուտը, ինչը պատճառ կդառնա Արցախի արագ հայաթափմանը: Լաչինի միջանցքը վերահսկող ռուսական խաղաղապահներն էլ էին հասկանում, որ եթե Ադրբեջանի հետ կիսեն ճանապարհի վերահսկողությունը, դրանով իրենց դերն էականորեն կնվազի, մեծ հաշվով՝ իրենց գոյությունը կդառնա անիմաստ: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ, ասենք, ռուս զինվորը թույլ է տալիս ինչ-որ մեկին անցնել այդ ճանապարհով, իսկ ադրբեջանցին մերժում է: Հիմա ռուսներն ընդհանրապես կորցրել են ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը, միակ բանը, որ կարող է նրանց սփոփել, այն է, որ ադրբեջանցիները դեռեւս չեն խոչընդոտում ռուսներին՝ իրենց զորքին ապահովել անհրաժեշտ սննդամթերքով եւ վառելիքով: Ռուսաստանը կա՛մ չցանկացավ հանուն Արցախի հակամարտության մեջ մտնել Ադրբեջան-Թուրքիա զույգի հետ, կա՛մ այլ պայմանավորվածություններ կան:

Արդեն 10 օր է՝ Լաչինի միջանցքում հայտնվել են ոչ միայն ադրբեջանցի ուժայիններ, այլ նաեւ խաժամուժ, որը հումանիտար աղետի առաջ է կանգնեցրել արցախցիներին: Արցախում հաշվում են սննդի եւ վառելիքի պաշարները, վստահեցնում են, որ դեռ զգալի պաշար կա, բայց բնական է, որ այն անսպառ չէ: Ինչ-որ պահի այդ պաշարները սպառվելու են կամ մոտ են լինելու սպառման, եւ միակ լուծումը լինելու է ճանապարհը բացելը: Ադրբեջանցիներն ուզում են հայաթափել Արցախը, բայց դժվար թե սովամահության միջոցով: Երբ նրանք բացեն ճանապարհը եւ առաջարկեն հայերին՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ երթեւեկել Լաչինի ճանապարհով, դա նրանց կողմից կդիտվի հումանիզմի եւ մարդասիրության բացառիկ դրսեւորում, միջազգային կառույցների պահանջների կատարում: Բայց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կամ որեւէ այլ միջազգային կառույց, կամ երկրի իշխանություն չի պնդի, որ Ադրբեջանը միջազգայնորեն ճանաչված իր տարածքում հրաժարվի մարդկանց ու բեռների տեղաշարժը վերահսկելու իրավունքից: 
Իսկ ի՞նչ են անելու արցախցիները, երբ Ադրբեջանն առաջարկի իր վերահսկողության տակ օգտագործել այդ ճանապարհը. մի՞թե նրանք մերժելու են ադրբեջանական վերահսկողության տակ անցած ճանապարհով ալյուր կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխել Արցախ, թե՞ հրաժարվելու են այդ ճանապարհով երթեւեկելուց: Մարդիկ ամեն ինչի հետ համակերպվում են, երբ պարտադրված են լինում, եւ երբ չի լինում այլընտրանք:

Ի վերջո, բոլորը համակերպվեցին, որ պետք է երթեւեկեն ռուսների վերահսկողության տակ. պետք է ռուս զինվորի հրահանգով փաստաթուղթ ներկայացնեն, բացեն մեքենայի բեռնախցիկը: Մի բան, որն անհնար էր անգամ պատկերացնել մինչեւ 2020 թվականի պատերազմը: Այնպես որ, ադրբեջանցիների հսկողությամբ երթեւեկելուն եւս կհամակերպվեն, իսկ չհամակերպվողներն ընտրության հնարավորություն կունենան. մեկընդմիշտ լքել Արցախը եւ այլեւս չերթեւեկել այդ ճանապարհով: Մի բան, որին ձգտում է Ադրբեջանը: Ի դեպ, ադրբեջանցիները ճանապարհը փակելով եւ դրա նկատմամբ վերահսկողություն սահմանելով՝ լուծեցին նաեւ, այսպես կոչված, «բնապահպանական» խնդիրը. Արցախում գտնվող հանքավայրերը դժվար թե այլեւս շահագործվեն, քանի որ արդյունահանվող խտանյութը դժվար թե հնարավոր լինի տեղափոխել Հայաստան: Հանքավայրերի նկատմամբ ամբողջական վերահսկողություն ադրբեջանցիները կհաստատեն այն ժամանակ, երբ Արցախը կդատարկվի, եւ չի լինի մեկը, ով կփակի դեպի հանքավայր իրենց ճանապարհը:

Հայաստանի իշխանությունը բացի Լաչինի միջանցքի փակ լինելու փաստն արձանագրելուց, ոչ մի կերպ չի միջամտում ստեղծված իրավիճակին՝ դրանով հավատարիմ մնալով իր այն դիրքորոշմանը, որ Արցախն Ադրբեջանի ներքին հարցն է, եւ ինքն այն դիտարկում է իբրեւ հումանիտար հարց, այնպես, ինչպես կվերաբերվեր, օրինակ, Սոմալիի սովյալների փրկությանը: Փաշինյանին ձեռնտու է, որ Ադրբեջանը վերահսկողություն հաստատի Լաչինի միջանցքում եւ վերահսկի մարդկանց եւ բեռների տեղաշարժը: Նա հույս ունի, որ դրանից հետո Ադրբեջանն այլեւս որեւէ լեգիտիմ իրավունք չի ունենա Հայաստանից պահանջելու միջանցք՝ Նախիջեւանին կապվելու համար: Մինչեւ հիմա Ադրբեջանը եւ Թուրքիան կրկնում էին, որ Հայաստանով անցնող միջանցքն ունենալու է նույնպիսի իրավական կարգավիճակ, ինչպես Լաչինի միջանցքը: Երբ ադրբեջանցիների կողմից միջանցքի նկատմամբ վերահսկողությունը դառնա կայացած փաստ, թվում է, թե Ադրբեջանը պետք է հրաժարվի Հայաստանից միջանցք պահանջելուց:

Այս ամենն իրավացի է թվում միայն առաջին հայացքից: Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվի միջանցք պահանջելուց, այլեւ շարունակելու է ամեն ինչ անել՝ դրան հասնելու համար: Ադրբեջանն իր նպատակին հասնելու համար կարող է խախտել նաեւ միջազգային իրավունքը եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես դա արել է 2021 եւ 2022 թվականներին, եթե իմանա, որ չի հանդիպելու կոշտ հակազդեցության, առաջին հերթին՝ Հայաստանի կողմից: Այնպես որ, «Արցախը տվեցինք, բայց 29 հազար եւ տակը մնացած մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրը փրկեցինք» փաշինյանական թեզն ինչպես չի աշխատել, այնպես էլ չի աշխատելու: Արցախի վերջնական գրավումն ուղղակի ադրբեջանական ծրագրերի հերթական հանգրվանն է եւ ոչ վերջնանպատակը:

Ավետիս Բաբաջանյան