Հարգելի Դավիթ, դուք չպետք է մտահոգվեք, այլ պետք է հպարտանաք

Հարգելի Դավիթ, դուք չպետք է մտահոգվեք, այլ պետք է հպարտանաք

Քրիստան Ամանպուրը, CNN-ից հարցազրույց է վերցրել Դավիթ Վարդանյանից, ում հայրը հանրաճանաչ գործարար, «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր և բարերար Ռուբեն Վարդանյանն է։ Որդին հարցազրույցում պատմել է, որ Ռուբեն Վարդանյանը օրերս կապվել է իր քրոջ հետ եւ հեռախոսազրույցի ժամանակ ասել է․  «Հիմա ես հասկանում եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան կյանքը»։ Սա նման է նրան, ինչպես որ Աստված տեսավ լույսը և ասաց՝ եղիցի լույս․․․

Ռուբենը վաղուց գիտեր, որ կյանքից ու փողից ավելի կարևոր բաներ կան աշխարհում։ Քրիստիան Ամանպուրի հարցին, թե. «Ձեզ դա մտահոգել է, որովհետև նա ձեզ փաստացի փոխանցել է, որ իր կյանքը վտանգվա՞ծ է», Վարդանյանի որդին` Դավիթը պատասխանել է՝ այո։ 

Թանկագին Դավիթ Վարդանյան, դուք չպետք է մտահոգվեք, քանզի այդպիսի հայր ունեք․ դուք պետք է հպարտանաք նրանով։ Ռուբեն Վարդանյանն էլ պետք է հպարտանա իր որդով։ Սա իսկական հայի գենն է։ Ուրեմն՝ հայն, անկախ բոլոր արհավիրքներից, ապագա ունի։ Թող մտահոգվեն անհայտ ծագմամբ ցեղերը, անհայտ գեներով մարդիկ, որոնց համար կարեւորն իրենց ֆիզիկական ճղճիմ գոյությունն է` առանց գաղափարի ու նպատակների: Մտահոգվեն նրանք, ովքեր իրենց շրջապատին ու հայրենիքին ծանր վնասներ են պատճառում` ամեն գնով պահելով աթոռները եւ չունեն որեւէ արժեք, սկզբունք, հավատամք... 

Հուսանք, որ Իլհամ Ալիեւը, այնուամենայնիվ, գիտակցում է, թե ինչ բան է արժանապատվությունը եւ կհասկանա, որ Ռուբեն Վարդանյանի նման մարդուն եւ Արցախի 8 ռազմագերիներին Բաքվի բանտում պահելը ոչինչ չի տալիս իրեն` բացի անպատվությունից ու անարգանքից։ Ժամանակն է, որ գիտակցի եւ ազատ արձակի մեր գերիներին։
Ազատություն՝ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ։

Գագիկ Վարդանյան

Հ․Գ․ Ռուբեն Վարդանյանի եւ մեր մյուս գերիների համար պետք է աշխարհը քայլեր ձեռնարկի` եթե, իհարկե, մարդկայնության, բարոյականության, արժանապատվության վերջին նշույլները դեռ չի կորցրել։