Դատարանը կասեցրել է ապօրինի շինարարությունը, քաղաքապետարանը մեկ տարով երկարացրել է շինթույլտվությունը

Դատարանը կասեցրել է ապօրինի շինարարությունը, քաղաքապետարանը մեկ տարով երկարացրել է շինթույլտվությունը

Մի քանի ամիս է, ինչ «Օրրան» բարեգործական կազմակերպությունը կռիվ է տալիս` ի պաշտպանություն իր եւ իր շահառու սաների իրավունքների: Բանն այն է, որ Երեւան քաղաքում իրականացվող հերթական ապօրինի կառուցապատման զոհ է դարձել նաեւ 2000-ից բարեգործական գործունեություն ծավալող կազմակերպությունը, ինչի առիթով դեռեւս անցած տարվա դեկտեմբերին «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը մամլո ասուլիս հրավիրեց «Օրրանի» հարկի տակ եւ ահազանգեց խնդրի մասին։

Ըստ փորձագիտական եզրակացության՝ կառուցապատողը, որը հասարակական նշանակության շինության աշխատանքներ է սկսել «Օրրանի» հարեւանությամբ, խախտում է մի շարք շինարարական նորմեր։ «Օրրանի» եւ կառուցվող շենքի հեռավորությունն ընդամենը 1,6 մետր է, որը չի ապահովում ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգություն» նորմի 150-րդ կետի եւ ՀՀՇՆ 30-01-2024 «Քաղաքաշինություն. քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» նորմի 439-րդ կետի պահանջները, ըստ որի՝ շենքերի միջեւ թույլատրելի հեռավորությունը պետք է լինի առնվազն 6 մետր։

Բացի այդ, ինչպես մեզ հետ զրույցում նկատում է Արմինե Հովհաննիսյանը, քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությունն անօրինական է, որովհետեւ քաղաքապետարանն այդ թույլտվության մեջ նշել է, որ 2.5 մետր հեռավորության վրա կարող են կառուցել, ինչն անօրինական է, քանի որ առնվազն 6 մետր հեռավորություն պետք է պահպանվի։ «Մենք փորձագետ վարձեցինք, որպեսզի հասկանանք հարցի էությունը, եւ փորձագետի նշումները ցույց են տալիս, որ ոչ միայն հեռավորությունը չի պահպանվել, այլեւ այն տեղը, որ վավերացվել ու թույլտվություն է տրվել, այդ տեղից էլ են շեղվել։ Այսինքն, մի քանի շեղումներ կան: Ես զարմանում եմ, թե ինչու քաղաքապետարանը կամ վերահսկողական մարմինները չեն պատասխանում մեր նամակներին եւ չեն գալիս զննելու, որովհետեւ եթե որեւէ ներկայացուցիչ գա ու նայի իրավիճակը, կտեսնի, թե ինչ լուրջ խնդիրներ կան այստեղ։ Ես ուզում եմ շինարարության կասեցում, նամակը հոկտեմբերի 4-ին եմ գրել, որովհետեւ մինչեւ այդ չէր երեւում, որ այդքան մոտ են մեզ կառուցում, բայց երբ այդ բետոնե սյուները դրեցին, տեսանք, որ նույնիսկ ձեռքով ենք կարողանում դրանք բռնել»։ 

Շինարարությունը կասեցնելու պահանջով, «Օրրանը» դիմել էր դատարան, եւ ահա երեկ ստացել են դատարանի որոշումը, որում ասված է, որ հունվարի 3-ին ՀՀ վարչական դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Օրրանի» հարեւանությամբ իրականացվող ապօրինի շինարարությունը, մինչեւ գործի ըստ էության քննելը` բուն դատական լսումները, որոնք նախատեսված են հուլիսին: «Մենք հիմա շատ շնորհակալ ենք, որ դատարանն անաչառ ձեւով կասեցրել է շինարարությունը, եւ հույս ենք տածում, որ դատարանը մինչեւ վերջ կպահի արդարադատությունը»,- ասում է Ա. Հովհաննիսյանը: 

Այս պահին շինարարությունը դադարեցվա՞ծ է, թե՞ ոչ։ Զրուցակիցս նկատում է` քանի որ երեկ են երկու կողմերն էլ ստացել դատարանի որոշումը, ապա մինչեւ 5 օր ժամանակ ունեն շինարարությունը դադարեցնելու համար. «Մենք կհետեւենք, թե 5 օր հետո իրենք դադարեցնո՞ւմ են շինարարությունը, թե՞ ոչ: Ամեն դեպքում, եթե արդարությունը պահվի, ես ոչ մի կասկած չունեմ, որ դատը շահելու ենք, քանի որ ակնհայտ է, որ անօրինականություն է տեղի ունեցել»: 
Ակնհայտ անօրինականությունը կասեցնելու խնդրագրերով «Օրրանը» դիմել է մի շարք պատկան մարմինների, սակայն` անարդյունք։ «Օրրանի» հիմնադիրը բաց նամակ է հղել նաեւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որտեղ եւս մեկ անգամ ահազանգել է «Օրրանի» շահառուների կյանքը վտանգող շինարարության մասին։ «Ինքը` Տիգրան Ավինյանը, «Առավոտի» լրագրողին ասել էր, որ մենք քանդելու բան չունենք, եւ թող իրենք դատարան դիմեն: Ավինյանը նաեւ ասել էր, որ մենք մեր համաձայնությունն ենք տվել եւ շինարարության թուղթ ենք ստորագրել.... ես հիմա ուզում եմ պարզաբանել, թե մենք ինչ թուղթ ենք ստորագրել․ ուրեմն տարիներ առաջ շինարարն ինձ թուղթ է բերում, որտեղ նշված էր, որ ինքը 2 հարկանի շենք է ուզում կառուցել «Օրրանի» հարեւանությամբ, ես համաձայնել եմ դրան՝ ասելով, որ մենք կողմ ենք, որ մեր շուրջը բարեկարգվի, եւ նոր շենքեր կառուցվեն: Հիմա իրենք դրան են հղում անում, բայց այդ թղթում ոչ մի ձեւ նշված չէր շենքի չափերի մասին, եւ որ իրենք անօրինական ձեւով այդ շենքը պետք է կառուցեն: Ավելին` հիմա իրենք շատ անազնիվ խաղ են խաղում` հղում անելով մի փաստաթղթի, որը չի ասում այն, ինչ հիմա իրենք են ասում»: 

Արմինե Հովհաննիսյանն այլ փակագծեր էլ է բացում. «Այդ թուղթը ստորագրելուց շաբաթներ անց նույն մարդը մոտեցավ ինձ եւ հրամցրեց, որ մեկ այլ թուղթ ստորագրեմ: Այդ երկրորդ թուղթը պետք է ավելի մանրամասներ, թե իրենք ինչ շենք պետք է կառուցեն, բայց ես արդեն այդ թուղթը չստորագրեցի: Բայց նույնիսկ իմ կողմից ստորագրված առաջին թղթի պայմաններն իրենք չեն պահել, որովհետեւ շինությունը կառուցում են այդ թղթին ոչ համապատասխան` շեղումներով: Եվ հիմա այնքան անազնիվ են գտնվում, որ հղում են անում այդ թղթին: Բայց եթե իրավական առումով իմ կողմից ստորագրված թուղթը պաշտպանելու լիներ, իրենք 2-րդ անգամ չէին գա ինձ մոտ` 2-րդ թուղթը ստորագրելու նպատակով, որովհետեւ առաջին թուղթն ինքն իրենով ոչ մի իրավական ուժ չունի, ավելին` մեր ցուցաբերած բարի կամքը մեր դեմ են օգտագործում: Հետո, զարմանալին գիտե՞ք որն է, այդ վարչական, տեսչական մարմինները, որ այդքան ահազանգում եմ, փոխանակ գան տեսնեն, թե ինչ է կատարվում, իրենք հովանավորում են այդ կառուցապատողին»:

Մեկ այլ հանգամանք եւս․ քաղաքապետարանը շինթույլտվությունը տվել է մինչեւ դեկտեմբերի 15-ը, եւ «Օրրանի» պահանջն էր` չերկարացնել շինթույլտվությունը ու դրանով չշարունակել ապօրինությունը, բայց «մինչեւ դեկտեմբերի 15-ը կառուցապատողը պետք է վերջացներ շինարարությունը, որը չէր արել, եւ ինչի համար քաղաքապետարանն օրենքով պետք է նրան տուգաներ, բայց քաղաքապետարանը ոչ միայն չի տուգանել կառուցապատողին, այլեւ մեկ տարով ավելի է երկարացրել շինթույլտվությունը` վնաս պատճառելով նաեւ համայնքին, որովհետեւ տուգանքի այդ գումարը պետք է գնար համայնքին։ Այսինքն՝ այդ կողմից էլ հովանավորություն կա, եւ մի քանի մակարդակներով անօրինականություն է տեղի ունենում, ու փոխանակ բացահայտեն, անընդհատ կոծկում են»,- ցավով արձանագրում է Ա. Հովհաննիսյանը ու հույս հայտնում, որ դատարանի որոշումը շեշտակիորեն կփոխի իրավիճակը եւ վերջնականապես կկանգնեցնի ապօրինի կառուցապատումը: