Կեղծիքի շղթան

Կեղծիքի շղթան

Սուտը, կեղծիքը, երկակի ստանդարտներն այնքան են ներխուժել մեր կյանք, որ մենք հաճախ դրանք չենք էլ նկատում: Մենք վաղուց չենք նկատում, որ օրենքի առաջ բոլորը հավասար չեն, ավելին` չափից դուրս խիստ պատիժներ ու սահմանափակումներ գործում են միայն ընտրովի մարդկանց նկատմամբ, եւ արդարության տարրական սկզբունքները մեզանում չեն գործում: Խոսքը նույնիսկ քրեական հանցանքների եւ օրենսգրքի հոդվածների մասին չէ, այլ վարչական խախտումների, տուգանքների, աշխատանքի եւ կյանքի իրավունքի:

Բոլորը տեղյակ են, որ նոյեմբերի 1-ից, կառավարության որոշմամբ, բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, եւ չկրողների նկատմամբ պետք է կիրառվեն տուգանքներ: Բոլորը գիտեն նաեւ, որ շատ քչերն են դիմակ կրում` ոչ միայն բաց, այլ նաեւ փակ տարածքներում: Բայց մեր պետությունն ու հասարակությունն այնքան են թաղվել կեղծիքի մեջ, որ հանդուրժում են այս վիճակը, երբ կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք համատարած մնում են թղթի վրա կամ կիրառվում են հատուկենտ մարդկանց նկատմամբ եւ, որ առավել անհասկանալի է` հատուկենտ վայրերում:

Ասենք, օրինակ, Հյուսիսային պողոտան դարձել է կառավարության որոշման իրականացման բացառիկ վայր` այստեղ ոստիկանները ողջ օրը զբաղված են դիմակ չկրողների որսով ու առավել ձախորդներին, որոնք ընկնում են իրենց ծուղակը, տուգանելով: Ճիշտ է` տուգանք գրող ոստիկանների կողքով բազմաթիվ անդիմակ անցորդներ են անցնում եւ չեն տուգանվում, բոլորին հնարավոր էլ չէ տուգանել: Ճիշտ է` մետրոյում լիքը անդիմակ մարդիկ են երթեւեկում, խանութներում դիմակ կրողներ չկան, բայց, հավանաբար, ոստիկանների վրա այս անհեթեթ որոշումն իրականացնելու պլան է դրված, եւ նրանք այս կեղծիքի շղթայում իրենց դերն են խաղում: Եվ սա միակ կեղծիքը չէ մեր կյանքում: