Արցախում հեղաշրջում իրականացնելու ծրագիրը ձախողվել է

Արցախում հեղաշրջում իրականացնելու ծրագիրը ձախողվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսում Արցախի վերաբերյալ սկանդալային արտահայտություններ հնչեցին, որոնք մի քանի օր է՝ փոթորկել են արցախահայությանը: Արցախի նախկին պաշտոնյաները, Արցախի խորհրդարանական ուժերը, Արցախի գործող նախագահը, արտգործնախարարը հայտարարություններ արեցին՝ քննադատելով Փաշինյանի մոտեցումներն ու շեշտելով, որ Արցախի ինքնիշխանությունը չունի այլընտրանք: 

Նշենք․ Փաշինյանն ասել էր, թե ինքը համաձայն չէ, որ Արցախը կարող է լինել հայկական, քանի որ ԼՂԻՄ-ում ապրել են նաեւ ադրբեջանցիներ, որոնք բանակցային բոլոր առաջարկների արդյունքում պետք է վերադառնային։ «ԼՂԻՄ-ը բանակցային բովանդակության մեջ երբեք հայկական չի եղել։ Ես նախկինում բանակցային բովանդակության վերաբերյալ իմ վերապահումներն արտահայտելիս ասել եմ՝ ենթադրենք, էդ հանրաքվեն հայկական մեկնաբանությամբ պիտի տեղի ունենար, իսկ հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ հանրաքվեին պիտի մասնակցեն ԼՂ ադրբեջանցի բնակիչները, հիմա, երբ ինքնորոշման իրավունքն իրացվում էր, հարց` իսկ ԼՂ ադրբեջանցիներն այդ համատեքստում իրենց հերթին կարող են բարձրացնել իրենց ինքնորոշման խնդիրը: ԼՂ-ն միշտ դիտարկվել է ադրբեջանական եւ հայկական տարածք, եթե ինքնորոշման հարցը լուծվեր, բա Ադրբեջանի բնակիչը որտե՞ղ պետք է բնակվեր… եթե հարցնեք, թե ինչ աղետ է տեղի ունեցել 2016 թվականին բանակցությունների մեջ, ես կպատասխանեմ՝ ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ 2011 թվականից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանցիկ կարգավիճակ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ՄԱԿ-ում 1993 թվականին ընդունվել է բանաձեւ, որով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ հարցին, թե ԼՂ-ն որ երկրին է պատկանում, պատասխանել է. «Ես համաձայն չեմ այն մտքին, որ Արցախը պետք է լիներ հայկական, այնտեղ նաեւ ադրբեջանցիներ են ապրել»: Փաշինյանը շեշտել է, որ այսպիսի բանակցային ժառանգություն է ստացել նախկիններից՝ մոռանալով իր ավելի վաղ արած հայտարարությունն առ այն, որ Արցախի հարցով բանակցություններն իր սեփական կետից է սկսել: 

Այս հայտարարություններից հետո փորձագետները համոզմունք հայտնեցին, որ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը» ենթադրում է Արցախի հարցի քաղաքական կարգավորումից հրաժարում եւ Ղարաբաղի ադրբեջանացում: Փաշինյանին 2 օր անց պատասխանեց նախ Արայիկ Հարությունյանը. «Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որեւէ վերապահման ու զիջման ենթակա չէ, եւ այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից»: Իսկ երեկ գրեթե նույնը կրկնեց Արցախի խորհրդարանը` բոլոր քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարությամբ՝ դատապարտելով Փաշինյանի հայտարարությունները. «Արցախի ճակատագիրը որեւէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել եւ չի լինելու։ Արտահայտելով Արցախի Հանրապետության հանրային եւ քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը՝ մեր անհամաձայնությունն ու վրդովմունքն ենք հայտնում հարցազրույցի ընթացքում հնչած մի շարք վնասակար եւ վտանգավոր ձեւակերպումների ու գաղափարների առթիվ»:

Ասուլիսին հաջորդած արձագանքները Փաշինյանին ստիպեցին վերջին երկու օրվա ընթացքում երկու անգամ «արդարացումներով» հանդես գալ՝ նշելով, որ ինքն ասուլիսում ընդամենը արձանագրել է այն բանակցային բովանդակությունը, որը եղել է մինչեւ 2018 թ. ապրիլը, այսինքն` մինչեւ իր վարչապետ դառնալը: Սակայն ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը, մինչ ասուլիս հրավիրելը, Արցախում փորձել է որոշ գործընթացներ գեներացնել եւ Արցախը զրկել, այսպես կոչված, սուբյեկտայնության բաղադրիչից, որ հեշտանա իր ծրագիրը կյանքի կոչելը:

Արցախի մեր աղբյուրների վկայությամբ, Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձել է գլխատել Արցախը` Արայիկ Հարությունյանի իմպիչմենթի գործընթաց կազմակերպել՝ այն հաշվարկով, որ այս իրավիճակում Արցախում նոր ընտրություններ կազմակերպելն անհնարին է: Արդյունքում Արցախի նախագահը կհեռացվեր, իսկ նորը չէր ընտրվի, եւ դրանով Փաշինյանը կկատարեր իր արտաքին պատվիրատուների կամքը՝ Արցախը դարձնելով ադրբեջանցիների ու հայերի համար ապրելու «տարածք»: Ինչպես հայտնի է՝ անցած շաբաթ ԱՀ խորհրդարանին էր ներկայացվել 2022-ի բյուջեն: Նկատի ունենալով, որ ընդդիմադիրները դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին, Սամվել Բաբայանը որոշել է պահն օգտագործել, մեկնել է Արցախ, հավաքել է խորհրդարանական իր խմբակցությանն ու պահանջել, որ դեմ քվեարկեն բյուջեին: Հաշվարկը եղել է այն, որ եթե խորհրդարանում հաջողվեր տապալել բյուջեի նախագիծը, ապա հաջորդ, այսպես կոչված, տրամաբանական քայլը պետք է լիներ նախագահին անվստահություն հայտնելու գործընթացը: Տեղեկանալով Բաբայան-Փաշինյան տանդեմի այս հակապետական ծրագրի մասին՝ արցախյան ուժերը կոնտրքայլեր են ձեռնարկել:

Մեր տեղեկություններով՝ ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանն են հանդիպել եւ քննարկել իրավիճակից ելքերը: ԱՀ նախագահը կոնսուլտացիաներ է իրականացրել ընդդիմադիր խմբակցությունների հետ եւ ներկայացրել իրավիճակը, արդյունքում ընդդիմադիր ուժերը, ներքաղաքական հակասությունները ստորադասելով պետական շահին, այնպես են արել, որ բյուջեի նախագիծը չտապալվի: Եվ դեկտեմբերի 23-ի քվեարկությանն այն ընդունվել է 18 կողմ, 11 դեմ ձայնով: Ընդդիմադիրներից ոմանք չեն քվեարկել, ոմանք չեն մասնակցել, ոմանք անգամ կողմ են քվեարկել, քանի որ 16 «դեմ»-ի պարագայում այն չէր ընդունվի, իսկ, ինչպես հայտնի է, Արայիկ Հարությունյանի հենարան «Ազատ հայրենիքը» միայնակ խորհրդարանում 50+1 չունի եւ կոալիցիա է կազմել Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքի» հետ: Փաստացի, ինչպես Հայկ Մարությանի դեպքում, որին Փաշինյանը բերեց իշխանության եւ հիմա հեռացրեց իշխանությունից, այնպես էլ Արայիկ Հարությունյանին այն ժամանակ բերեց, հիմա փորձում է հեռացնել:

Սամվել Բաբայանի կուսակցությունը խորհրդարանում 9 մանդատ ունի, 9-ից 7-ը մասնակցել է բյուջեի քվեարկությանը եւ դեմ քվեարկել, Մարսել Պետրոսյանը կողմ է քվեարկել, սակայն հետո, հավանաբար, վախեցել է Բաբայանի դատաստանից ու հայտարարել է, թե ինքն էլ է դեմ քվեարկել: Դաշնակցության 3 հոգանոց խմբակցությունից մասնակցել են երկուսը եւ դեմ քվեարկել, Աշոտ Ղուլյանի ԱԺԿ-ի երկու պատգամավորներից մեկը՝ կողմ, մյուսը՝ դեմ, «Արդարություն» 3 հոգանոց խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը չի մասնակցել այդ օրվա նիստին, խմբակցության մի պատգամավորը՝ կողմ, մյուսը դեմ է քվեարկել: Այսինքն, Արցախի ընդդիմությունը ոչ թե Արայիկ Հարությունյանին է փրկել, այլ կանխել է, ինչպես մասնավոր զրույցներում մեզ ասացին, Արցախը սուբյեկտայնության բաղադրիչից զրկելու դավադիր ծրագիրը:

Դավիթ Գալստյանը, բնականաբար, չխոստովանեց Արցախում վերջին շաբաթն ընթացող խորքային գործընթացների մասին: Իսկ հարցին, թե ինչով է բացատրում, որ արմատական ընդդիմության ներկայացուցիչ պատգամավորը կողմ է քվեարկել բյուջեին, շեշտեց, որ այսօր էլ իրենց խմբակցությունն ամենաընդդիմադիր ուժերից մեկն է, իսկ իրենք ոչ թե իշխանություններին են կողմ, այլ պետականությանը: Եթե բյուջեի նախագիծը չընդունվեր, փաստացի հազարավոր թոշակառուներ, աշխատողներ առանց թոշակի ու աշխատավարձի էին մնալու, եւ, ինչպես Գալստյանն ասաց, հանրային շահը ենթադրում էր ազատ քվեարկություն հայտարարել, ինքն անձամբ բացակայել է անձնական խնդիրների պատճառով։ «Բայց կիսում եմ մեր խմբակցության պատգամավորների դիրքորոշումները»,- շեշտեց նա:

Բաբայանի կուսակից պատգամավորների հետ կապ հաստատել չհաջողվեց, չի բացառվում, որ առաջիկայում Արցախում փոխվի ներքաղաքական ուժերի հարաբերակցությունը, եւ Բաբայանի կուսակցությունը դուրս մղվի պետական համակարգի կառավարման գործընթացից: