Տոնական ուղերձ «նախկիններն են մեղավոր» ձեւաչափով

Տոնական ուղերձ «նախկիններն են մեղավոր» ձեւաչափով

Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33 ամյակի առթիվ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է բացառապես իրեն հատուկ «նախկիններն են մեղավոր» ձեւաչափին: Մեկ հարցում էլ է կայունություն նկատվում. այս տարվա ուղերձը ոչ մի տրամաբանական ընդհանրություն չունի նույն առթիվ նախորդ տարիներին հղված ուղերձների հետ:

Որոշ օրինակներ.

1. Այս տարի՝ 2023-ի օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձեւ, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի»: Այսինքն սխալ ենք արել: Մինչդեռ 2021-ին նույն Նիկոլ Փաշինյանը նույն առիթով ասել է, որ հռչակագրի ընդունումը «ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկը: Այդ փաստաթուղթը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի անկոտրում կամքի վրա»: Այսինքն ճիշտ ենք արել, կամք ենք դրսեւորել:

2. Այս տարի՝ 2023-ի օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետեւ, եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն»: Այսինքն անկախության միակ հիմքը խաղաղությունն է: Իսկ 2022-ին Աստվածաշունչն է հիշել. «Ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի: Եվ հետեւաբար ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն: Անկախությունը մեզ համար անվտանգություն է»: Այսինքն անկախությունն է ամենի հիմքը, կունենաս անկախություն, խաղաղություն ու մնացաշծ ամեն ինչը կվաստակես:

3.    Այս տարի՝ 2023-ի օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թեւածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»: Այսինքն կա անլուծելի խնդիր: Իսկ 2021-ին հայտարարել է. «Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, եւ սա պատմական առաքելություն է մեզ համար՝ հաղթահարել մարտահրավերները, ամրացնել մեր պետականության հիմքերը, բարձրացնել նրա միջազգային հեղինակությունը, մեծացնել ներդրումային գրավչությունը, կերտել անսասան քաղաքացիական պատասխանատվություն ու վստահություն՝ պետության հանդեպ: Այս առաքելությունը մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն»: Այսինքն անլուծելի խնդիրներ չկան, պարզապես տքնաջան աշխատանք է պետք:
Այլ տարիների ուղերձների հետ զուգահեռների իմաստը չեմ տեսնում: Այս երեքն էլ լրիվ բավական են հերթական անգամ արձանագրելու համար որ միակ բանը, որում հաջողում է Նիկոլ Փաշինյանը բառախաղն է: 

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ