Այդ օրենքն ամբողջությամբ ենթակա չէ հաստատման
ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում ընդգրկված էր նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։ Ըստ այս նախագծի՝ ՀՀ բուհերի ռեկտորները եւ գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են անմիջապես ԿԳՄՍ նախարարության կողմից, մինչեւ 5 տարի ժամկետով, ինչն էլ նշանակում է, որ նախագծում ներառված դրույթների ընդունման դեպքում բուհերը կզրկվեն ինքնակառավարման իրավունքից։
Ավելի ուշ տարածվեց հաղորդագրություն, որտեղ նշված էր, որ կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին, եւ այս օրենքի նախագծով բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում առաջարկվում են արմատական փոփոխություններ: Ըստ այդմ, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը հաստատելու օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունը համարել է անհետաձգելի. դրանք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիտական խորհրդում որոշում են կայացրել եւ կառավարությանը խնդրում են չհաստատել այդ օրենքը եւ ուղարկել քննարկման, քանի որ օրենքը դարձյալ քննարկման կարիք ունի: Բուհի ռեկտորը նշեց, որ խնդիրը միայն տնօրենների նշանակման հարցը չէ, կան այլ կարեւոր հարցեր եւս։ «Այնտեղ բազմաթիվ վիճելի հարցեր կան` լիցենզավորման, գիտական աստիճանների հետ կապված։ Անհասկանալի է նաեւ, թե բուհերն ինչ կարգավիճակ ունեն, կա նաեւ առարկայական հավատարմագրման եւ գումարների խնդիր։ Մի խոսքով՝ օրենքը լրացուցիչ քննարկման կարիք ունի»,- ասում է նա ու ընդգծում, որ գաղափար չունի, թե ինչ նպատակ է հետապնդում կառավարությունը՝ բուհերին ինքնավարությունից զրկելով:
Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում այն կետը, ըստ որի՝ բուհական, ակադեմիական համակարգում ռեկտորների եւ տնօրենների նշանակումը պետք է վերապահված լինի նախարարությանը։ «Դա զրկում է բուհերին ինքնուրույնությունից»,- ասում է Արզումանյանն ու հույս հայտնում, որ բողոքի ձայնը չի ուշանա թե՛ բուհական, թե՛ ակադեմիական շրջանակներից։ «Իմ խորին համոզմամբ, այդ օրենքն ամբողջությամբ, ներկա վիճակով ենթակա չէ հաստատման, այստեղ բազմաթիվ խնդիրներ կան: Հետո՝ ես չեմ ընդունում մի օրենք, որն ունի միայն 3 էջ անցումային դրույթներ, օրենքը չի կարող տարիներ շարունակ «տվայտվել», հետո նոր օրենք դառնալ։ 43 էջանոց օրենք չի լինում, դա օրենսգիրք է, ես սա ասել եմ ԱԺ-ում եւ հիմա էլ եմ ասում, օրենքը պետք է լինի հիմնադրույթներով, մնացած հարցերը պետք է լուծվեն իրավական ակտերով: Այս օրենքն ամբողջությամբ ինձ համար ընդունելի չէ»:
ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն ասում է` այն օրինագիծը, որն ավելի վաղ ներկայացվել էր հանրությանը, նման դրույթներ չէր պարունակում. «Իրենք փոխել են եւ անմիջապես տարել կառավարություն` հաստատման: Փաստորեն, սա օրենսդրական շատ կոպիտ խախտում է, եւ բուհական, ակադեմիական համակարգերի համար շատ տհաճ բան կլինի, եթե ընդունվի: Այս իշխանությունները փոխանակ մտածեն հեռանալու մասին, անկապ-անկապ օրենքներ են ընդունում: Վստահ եմ, որ այդ օրենքները չեն գործի, եթե իրենք ընդունեն էլ, որովհետեւ ժողովուրդն արդեն ոտքի է կանգնել, եւ չեմ կարծում, որ սրանք կշարունակեն իրենց աշխատանքը: Հիմա ընդունեն դա, թե չընդունեն, նոր իշխանությունները, կարծում եմ, անմիջապես կմերժեն այդ կարգի շատ անհեթեթ նախագծեր: Նման նախագիծ չի կարող լինել 21-րդ դարի Հայաստանում, դա չգիտեմ ում մտքի տարօրինակ վարժանքներն են: Ինչո՞ւ պետք է նախարարությունը նշանակի բուհի ռեկտոր կամ գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, երբ թե՛ բուհական, թե՛ գիտական համակարգում շատ լավ կարողանում են ընտրել այն մարդուն, ում հետ իրենք ուզում են աշխատել, ու տարիներ շարունակ այդ ամենն արվել է»:
Ինստիտուտի տնօրենը նկատում է` երբ այս բարեփոխումները ձեռնարկեցին, սկսեցին վարկաբեկել ե՛ւ գիտությունը, ե՛ւ բուհական համակարգը: «Մեր գիտությունների ազգային ակադեմիան հրաշալիորեն աշխատում է ֆինանսավորման այս սուղ պայմաններում, ակադեմիական ինստիտուտները լավ գիտական արտադրանք են տալիս: Առանց ծանոթ լինելու այս ամենին, գիտության վրա ցեխ շպրտվեց: Նույնը ուզում են անել մեր բուհական համակարգի հետ եւ մեր բուհական համակարգի վրա իզուր տեղն են ցեխ շպրտում: ԵՊՀ-ում շատ լավ ֆակուլտետներ կան, որոնցում շատ լավ կրթություն է մատուցվում, օրինակ՝ բանասիրական կամ օտար լեզուների ֆակուլտետները, որ շատ լավ մասնագետներ են պատրաստում: Իհարկե, իդեալական ոչինչ չկա, դրա համար պետք է շարունակաբար զարգացնել, փոփոխություններ անել, բայց ոչ թե ցեխ շպրտելով եւ ինքնավարությունից զրկելով, այլ տեսնել այն իրողությունները, որ խանգարում են ավելի առաջ գնալու եւ դրանք զարգացնելու: Իսկ զարգացումը չի պարտադրում անպայման մերժում: Զարգացումը նշանակում է տեսնել դրական միտումները եւ դրանք ավելի ուժեղացնել․ միայն այսպես կարելի է աշխատել, թե չէ ամեն ինչ սեւացնելով՝ տեսանք, թե ինչի հասանք»:
Կատվալյանը հույս ունի, որ ակադեմիական եւ բուհական շրջանակները չեն հասցնի անգամ ըմբոստանալ, եւ այս իշխանությունները ժամ առաջ կհեռանան եւ իրենց օրենքներով չեն աղավաղի մեր կրթությունն ու գիտությունը. «Հույս ունեմ՝ իրենք ավելի շուտ կգնան, քան մենք կհասցնենք ըմբոստանալ»:
Կարծիքներ