Ահաբեկչություն դատապարտողները՝ ահաբեկչության աջակիցներ

Ահաբեկչություն դատապարտողները՝ ահաբեկչության աջակիցներ

Նախորդ դարի 50-ական թվականների սկզբից անգլիացի վիպասան Յան Ֆլեմինգը նախաձեռնեց ՄԹ Գաղտնի հետախուզական ծառայության (SIS) Ռազմական հետախուզության (MI-6) «007» կարգային համարով աշխատակից (իհարկե, ոչ իրական), սուպերգործակալ Ջեյմս Բոնդի վերաբերյալ վեպերի հրապարակումը: Իսկ 60-ականների սկզբից վեպերը սկսեցին էկրանավորվել ամերիկյան կինոստուդիաներում: Բայց եթե վերջինս հանդես էր գալիս որպես արդարության եւ ազնվության ասպետ (անգլիական ըմբռնմամբ), ապա, այսպես կոչված, «Թիկնոցի եւ դաշույնի ասպետները» (ամերիկյան ԿՀՎ գործակալները) այդպիսին չէին՝ հաստատ: Ընդհանրապես, նախորդ դարի երրորդ քառորդը կարելի է համարել ամերիկյան իրական գործակալների ակտիվ գործունեության ժամանակաշրջան:  

Չնայած արդեն թեւակոխել ենք 21-րդ դարի երրորդ տասնամյակը, բայց ահաբեկչությունը շարունակում է իր հաղթարշավը երկրագնդով: Ընդամենը գաղտնի գործակալների թիկնոցն ու դաշույնը փոխարինվել են այլ գործիքակազմով: Հերթական, բայց դժբախտաբար՝ ոչ վերջին, ահաբեկչական գործողությունը կատարվել է ռուս փիլիսոփա, հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի 30-ամյա դստեր՝ լրագրող Դարյա Դուգինայի նկատմամբ: Վերջինիս սպանեցին՝ մեքենան պայթեցնելով: Ինչն իրականացվել է, ըստ ռուսական տվյալների, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության (ԶՈՒ ԳՀՎ) գործակալ Նատալյա Վովկի կողմից:
Դասական ահաբեկչական գործողության առումով արեւմտյան միակ քիչ թե շատ ադեկվատ արձագանքը տվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ ցավակցություն հայտնելով Դուգինայի մահվան կապակցությամբ: Կաթոլիկ եկեղեցու հովվապետը նշել է, որ լրագրողը «դարձել է ռուս-ուկրաինական պատերազմի անմեղ զոհերից մեկը»:

Ահաբեկչության վերաբերյալ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունը», եւ հավելել, որ այս փուլում ինքը կարող է միայն ասել, որ «Ուկրաինան հերքում է իր առնչությունը դրան»: Միաժամանակ նշել է, որ ոչինչ չունի ավելացնելու Կիեւի վարչակարգի ներկայացուցիչների հայտարարություններին։ Այստեղ կանգ առնենք եւ պատկերացնենք պարոն Փրայսի եւ նրա ուկրաինացի գործընկերոջ հավանական զրույցից մի հատված:
Փրայս - Դուք չեք կազմակերպել, չէ՞, Դուգինայի սպանությունը:
Փրայսի ուկրաինացի գործընկեր - Իհարկե, ոչ:
Փրայս (կասկածելով) - Հաստա՞տ:
Փրայսի ուկրաինացի գործընկեր - Պապայի արեւ:

Կարծում եմ, ուկրաինական միջավայրում դժվար թե գործածական լինի «պապայի արեւ» երդումը, բայց երեւի դրա մեկ այլ տարբերակ կլինի: 

Անցնենք առաջ եւ ԱՄՆ-ից վերադառնանք եվրոպական մայրցամաք: Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան հայտարարել էր, որ չի խղճում ո՛չ անձամբ ռուս լրագրող Դարիա Դուգինային, ում սպանել են օգոստոսի 21-ի գիշերը, ո՛չ էլ նրա հորը։ Նաեւ հավելել է, որ «օգոստոսի 21-ի գիշերը երկար կհիշվի Ռուսաստանում»։ Բնականաբար, դրան հետեւել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի մեղադրանքը՝ նախարարի խոսքը բնութագրելով որպես «քաղաքացիական անձի դեմ ահաբեկչական հարձակումների բացահայտ աջակցություն եւ քարոզչություն»։ Նեբենզյան կոչ է արել Չեխիայի իրավասու մարմիններին՝ համապատասխան գնահատական տալ նախարարի խոսքերին։ Եվ գնահատականն իրեն ուշացնել չէր տվել. Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին հայտարարել էր Չեխիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զմեեւսկուն նախարարություն հրավիրելու որոշման մասին: Twitter-ի իր էջում վերջինս գրել էր. «…Փոխնախարար Յարոսլավ Կուրֆիրստը խստորեն դատապարտեց Ռուսաստանի աղաղակող եւ կեղծ մեղադրանքները Չեխիայի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Եթե Ռուսաստանը ցանկանում է խոսել ահաբեկչության մասին, ապա պետք է մաքրի իր գործերը»: 

Այստեղ տեղին է հիշել մայիսի կեսերին Լիտվայի Սեյմի կողմից ՌԴ-ն որպես ահաբեկչական պետություն ճանաչելու որոշումը: Ավելի վաղ նմանատիպ բանաձեւ էր ընդունվել Կանադայի խորհրդարանում։ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը եւս ցանկանում էր նույնն անել, բայց Պետդեպարտամենտը դեմ էր եղել: Ստացվում է, որ Ռուսաստանին մեղադրելով ահաբեկչության մեջ՝ Արեւմուտքը ողջունում է ահաբեկչական գործողությունը ՌԴ քաղաքացու նկատմամբ: Ի դեպ, այդ որոշումների ֆոնին Հայաստանում բեւեռականները հայտարարում էին, որ «Սուրմալու» տոնավաճառի պայթյունը ռուսների ձեռքի գործն է:  

Վերադառնալով Դուգինայի սպանությանը՝ նշեմ, որ, ըստ ռուսական ալիքների, Ուկրաինայի նախագահի գրասենյակը ԶՈՒ ԳՀՎ-ին հանձնարարել է խզել բոլոր կապերը գործակալ Նատալյա Վովկի հետ: Իսկ գործակալին եւ նրա 12-ամյա դստերն արգելվել է վերադառնալ Ուկրաինա: Ի դեպ, ահաբեկչությունից անմիջապես հետո տիկինն իր դստեր հետ լքել էր Ռուսաստանը: Ըստ նույն աղբյուրների, սկզբից մինչեւ վերջ գործողությունը վերահսկվել է անգլիական «MI-6»-ի կողմից: Ահաբեկչությամբ ավարտված այսպիսի լրտեսական պատմություն՝ կյանքի կոչված ժողովրդավարական Արեւմուտքի կողմից: