Հայաստանը չսիրողների ժամանակը

Հայաստանը չսիրողների ժամանակը

Տարիներ առաջ ընկերներիցս մեկը մի առիթով ասաց․ «Տանել չեմ կարողանում ինքնաթիռով թռչելը՝ միայն այն պատճառով, որ դու որեւէ դերակատարում չունես,  քո ճակատագիրը քո ձեռքում չէ՝ 100 տոկոսով կախված ես այլ անձանց գործողություններից, նրանց պրոֆեսիոնալիզմից ու հմտությունից»։

Այսօր ավելի ու ավելի հաճախ եմ հիշում այս խոսքերը՝ ցավով արձանագրելով, որ մեր ճակատագիրը մեր ձեռքում չէ՝ մենք 100 տոկոսանոց կախման մեջ ենք ընկել այլ անձանցից, ում վրա բացարձակապես ազդեցություն չունենք․ ՀՀ իշխանությունը զավթած խմբակի, Ռուսաստանի իշխանությունների եւ խաղաղապահների, Ալիեւի ու Էրդողանի, ռուս-ուկրաինական պատերազմի։ Մենք մեր ճակատագիրը կամովին հանձնել ենք հայատյաց եւ Հայաստանը չսիրող մարդկանց, որոնք այն օգտագործում են իրենց հայեցողությամբ՝ մեկը տարածաշրջանում ամրանալու եւ իր ազդեցությունը տարածելու, մյուսը՝ մեզ այս տարածաշրջանից դուրս մղելու եւ մեր պետությունը ոչնչացնելու, իսկ երրորդները, որոնք ձեւով հայ են, բովանդակությամբ՝ հակահայ, մեզ որպես մանրադրամ են օգտագործում՝ իշխանությունը պահպանելու, 2018-ին ձեռք բերած արտոնությունները վայելել շարունակելու համար։

Ոմանք կառարկեն, թե անելանելի դրություն է, ի՞նչ անի խեղճ Նիկոլը, ինչպե՞ս հետ մղի ատամները սրած ոսոխին։ Բայց մենք՝ շարքային քաղաքացիներս, պարտավոր չենք իր փոխարեն մտածել եւ ելքեր առաջարկել։ Եթե ձեւը չգիտեր, չէր պատկերացնում, թե ինչ բարդ երկիր է գալիս կառավարելու, եւ որքան մեծ է վտանգը, որ պատերազմ ու ավերածություններ կլինեն, թող չմտներ այդ պատասխանատվության տակ։ Հիմա էլ ուշ չէ՝ թող հեռանա, ասպարեզը զիջի նրանց, ովքեր գիտեն ձեւերը։ Հաստատ՝ ավելի վատ չի լինի, եւ հաստատ՝ երկիրն ավելի մեծ փակուղի եւ ավելի խոր անդունդ հնարավոր չի լինի գցել։