Գերագույն հոգեւոր խորհուրդն այլեւս համահայկականություն չի արտացոլում

Գերագույն հոգեւոր խորհուրդն այլեւս համահայկականություն չի արտացոլում

Մայր Աթոռի տարածած երկու հաղորդագրությունների համաձայն, անցյալ շաբաթ տեղի է ունեցել Գերագույն hոգեւոր խորհրդի ժողովը։ Դատելով եկեղեցական-պաշտոնական լրահոսից` ժողովն ունեցել է բավական հագեցած օրակարգ։ ԳՀԽ կազմը թարմացվել է. nախ ներկայացվել են ԳՀԽ նոր անդամները՝ Շիրակի, Դամասկոսի, Արցախի, Գուգարաց, ԱՄՆ Հայոց արեւելյան թեմերի առաջնորդները, ինչպես նաեւ՝ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմից՝ Հայկ Իգնաթյանը։ Կարող ենք արձանագրել, որ ԳՀԽ կազմը թարմացվել է, եւ այժմ այն ունի հետեւյալ տեսքը․
Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոս
Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան
Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ
Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան
ԱՄՆ Հայոց արեւմտյան թեմի առաջնորդ
 Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
 Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ
 Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան՝ Վայոց Ձորի թեմ
 Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան՝ Շիրակի թեմի առաջնորդ
Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան՝ Տավուշի թեմի առաջնորդ
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ
Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան՝ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան՝ Արցախի թեմի առաջնորդ
Մուշեղ եպիսկոպոս Բաբայան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
Հովնան եպիսկոպոս Հակոբյան՝ Գուգարաց թեմի առաջնորդ
Մեսրոպ վարդապետ Պարսամյան՝ ԱՄՆ Հայոց արեւելյան թեմի առաջնորդ
Թագվոր Բոյաջյան՝ Դամասկոսի հայոց թեմ
Գեւորգ Դանիելյան՝ Հայաստան
Վահան Տեր-Ղեւոնդյան՝ Հայաստան
Շահեն Կարամանուկյան՝ Հայաստան
Հայկ Իգնաթյան՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմ

Այս կազմից երեւում է, որ Գերագույն հոգեւոր խորհուրդը դարձել է չափազանց հայաստանակենտրոն։ Ըստ էության՝ պայմանական ասած՝ Արեւմուտքը, որպես այդպիսին, չափազանց թույլ է ներկայացված։ Ֆրանսիան, որ ամենից հոծ հայ համայնք ունեցող երկիրն է, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպաների հայ համայնքները, ըստ էության, ներկայացված չեն ԳՀԽ-ում։ Լատինական Ամերիկան, որը եւս հայկական սփյուռքի ավանդական ամենաազդեցիկ ռեգիոններից է՝ Բրազիլիայով, Արգենտինայով, Ուրուգվայով եւ այլն, առհասարակ ԳՀԽ-ում ներկայացված չէ։ Ավստրալիան եւ, ինչպես եկեղեցական տերմինաբանությամբ է ընդունված ասել, «Ծայրագույն Արեւելքը» եւս ԳՀԽ-ում չկան։ Ու արդյունքում կարելի է ֆիքսել՝ արդյո՞ք ԳՀԽ ներկայիս կազմը կարող է արտացոլել համահայկականություն-համազգայնություն։ Իհարկե՝ ոչ, որովհետեւ հայկական աշխարհի կարեւոր մի շարք շրջաններ պարզապես ներկայացված չեն Գերագույն խորհրդում։ Չենք խոսում այն մասին, թե ԳՀԽ անդամներին երբ եւ ինչպես Ազգային-եկեղեցական ժողովը հասցրեց ընտրել, որ մարդ չիմացավ, քանի որ, առաքելական եկեղեցու օրենքներով, հենց Ազգային-եկեղեցական ժողովն է ընտրում ԳՀԽ անդամներին, ու ԳՀԽ անդամի նշանակումը, մեղմ ասած, եկեղեցու ղեկավարի կողմից հենց եկեղեցու օրենքների խախտում է նշանակում։

Մյուս կողմից, առնվազն զարմանալի է, որ Գյումրու եւ Վանաձորի առաջնորդները նոր են համալրում ԳՀԽ կազմը՝ այն դեպքում, երբ Գյումրին եւ Վանաձորը Հայաստանի բնակչությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքներն են, ու տրամաբանական էր, որ այս քաղաքների եպիսկոպոսները պետք է մաս կազմեին ԳՀԽ-ին դեռ վաղուցվանից։ Թեեւ հանուն արդարության ֆիքսենք, որ Վանաձորի հանգուցյալ առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը եղել է ԳՀԽ անդամ, իսկ նրա մահվանից հետո առաջնորդական պաշտոնը ստանձնած Հովնան Հակոբյան եպիսկոպոսին երեւի նոր են հարմար նկատել նշանակել այդ պաշտոնում։ Նույնիսկ հարեւան Վրաստանի հայ համայնքն այլեւս ներկայացված չէ ԳՀԽ-ում, թեեւ մշտապես ներկայացված եղել է։ Այդ թեմի նախկին առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, իհարկե, հիմա ԳՀԽ անդամ է, բայց լրիվ այլ կարգավիճակ ունի, ինչը կարելի է տեսնել նաեւ վերեւում ներկայացված ցանկից։

Դատելով ԳՀԽ պաշտոնական խմբակային լուսանկարից, Երուսաղեմի եւ Պոլսի պատրիարքություններից էլի ներկայացուցիչներ չեն եղել, ու եթե Պոլսի դեպքում հասկանալի է՝ Թուրքիան աղետի մեջ է երկիրը ցնցած երկրաշարժերի պատճառով, ապա Երուսաղեմի դեպքում բոյկոտը կարծես թե դառնում է «բարի ավանդույթ», այն դեպքում, երբ երկու պատրիարքները, անկախ անձերից, ի պաշտոնե համարվում են ԳՀԽ ատենապետներ։