Ես հիմա վատ չեմ զգում, որ չհաջողվեց առաջադրվել, այլ՝ որ իմ պատճառով մարդկանց են ճնշում

Ես հիմա վատ չեմ զգում, որ չհաջողվեց առաջադրվել, այլ՝ որ իմ պատճառով մարդկանց են ճնշում

Դեկտեմբերի 5-ին Արարատի մարզում համամասնական կարգով տեղական ինքնակառավարման մարմիններ են ընտրելու Վեդիում, Արարատում, Մասիսում, Արտաշատում և Արաքսում։ Մարզկենտրոն Արտաշատում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է վեց քաղաքական ուժ՝ «Ալյանս», ՀՅԴ, «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Քրիստոնյա Հայաստան», «Օրենք և արդարություն» կուսակցությունները։ Մեր տեղեկություններով՝ Արտաշատում առաջադրվելու մտադրություն է ունեցել նաև նախկինում հալածանքների ենթարկված Գրիշա Վիրաբյանը։ Նրան չի հաջողվել առաջադրվել, քանի որ իր եւ թիմակիցների նկատմամբ այս օրերին տարատեսակ ճնշումներ են գործադրվել։

Գրիշա Վիրաբյանը hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` ասելով․ «Այո, ես Արտաշատում քաղաքապետի թեկնածու էի ուզում առաջադրվել։ Ճնշումներ եղան ոչ թե անձամբ իմ, այլ ավագանու անդամների թեկնածուների նկատմամբ։ Դալար, Այգեզարդ գյուղերում ես կարողացա թեկնածուներին համոզել, Մրգանուշ գյուղում 65 տարեկան նախկին կոլտնտեսության նախագահին շանտաժ էին արել, հարսը դպրոցում է աշխատում, թե կազատեն աշխատանքից, եթե առաջադրվի, իմ ընկերներից մեկին ոստիկանություն էին կանչել, թե ավագանի ես ուզում լինել, մենք չգիտենք, եթե ուզում ես ավագանի դառնալ, ասեիր՝ ՔՊ-ով կդարձնեինք։ Ինքն էլ ասել է՝ ես ավագանի չեմ ուզում դառնալ, Վիրաբյանը հորս ընկերն է, կողքին եմ կանգնել։ Անվանական կարող եմ ասել, ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի բարեկամը մոտեցել է մեր անդամին, ասել է՝ խաբել եք մարդկանց, ընդգրկել ձեր ցուցակ։ Վերջին 2 օրը ճնշումների պատճառով մարդիկ ուղղակի փախան։

Ըստ օրենքի՝ ես 19 գյուղից պիտի ներկայացուցիչ ունենայի, բայց 6 գյուղից այդպես էլ չկարողացա թեկնածուներ ներգրավել եւ չառաջադրվեցի։ Պատկերացնու՞մ եք՝ ինֆորմացիան ոստիկանությունից գնում էր համայնքապետարան, այնտեղից՝ գյուղեր, եւ ճնշումներ էին իրականացվում` առանց այդ էլ ճնշված գյուղացիների վրա։ Թող ոստիկանությունը ծառայողական քննություն անցկացնի, թե էդ ինֆորմացիան նպատակային ինչպես էր դուրս գալիս, որպեսզի մարդկանց ահաբեկեին: Ոստիկանությունը հիմա ինքն է կազմակերպում ընտրությունները, բանուգործ թողած` ընտրական ցուցակներ է ճշտում, դրա համար երկրում ժամառժամ կրիմինալն է ավելանում։

Ընդհանուր պրոցեսը գնում է նրան, որ էս երկիրն անօրինական է դառնում։ Իմ 30 տարվա ընդդիմադիր գործունեության ընթացքում էսպիսի բան չէի տեսել։ Գիտեք՝ ես ոչ մեկի համակիր չեմ եղել, նախկիններն անձնապես ինձ էին հալածում, բայց հիմա շարքային, անպաշտպան քաղաքացուն են ճնշում, որն ընդամենը փորձում է ակտիվություն ցուցաբերել, ավագանի ընտրվել, դա հանցագործություն է։ Իմ անձի նկատմամբ մի անգամ եղավ, ամբողջ երկրով տեսան՝ ինչ կատարվեց, հիմա անցել են կռված, խեղճ գյուղացի մարդուն։ Ես հիմա էնքան վատ չեմ զգում, որ չհաջողվեց առաջադրվել, այլ՝ որ իմ պատճառով մարդկանց են ճնշում»։ Գրիշա Վիրաբյանի խոսքով՝ ինքն առաջադրվելու էր Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունով, բայց ստեղծված իրավիճակն ստիպում է ետ չկանգնել պայքարից, ընտրություններին սատարելու են մեկ այլ քաղաքական ուժի։ Մեր ճշգրտող հարցին, թե որ քաղաքական ուժին են աջակցելու, Վիրաբյանը պատասխանեց․ «Դեռ քննարկում ենք, բայց միանշանակ՝ ոչ նախկին եւ ներկա իշխանությանը»։