Ե՞րբ սպասել նոր «Գյուլիստանի պայմանագրի» կնքմանը

Ե՞րբ սպասել նոր «Գյուլիստանի պայմանագրի» կնքմանը

Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ ձեռք բերված համաձայնության հանդեպ միջազգային մամուլում արձագանքները եղել են տարբեր: Վրացական մամուլում, օրինակ, փորձագիտական մակարդակում մտահոգություններ են հնչել, որ Վրաստանը, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շրջափակումը վերացվի, ապա ուշ թե շուտ կկորցնի իր տարանցիկ նշանակությունը։ Ֆրանսիական Le Monde-ը համարել է, որ Հարավային Կովկասում խաղի տերը շարունակում է մնալ Պուտինը, իսկ New York Times-ն էլ փորձում է հասկանալ, թե ում ինչ բաժին հասավ այս համաձայնությամբ։ Ռուսները սա ընկալում են որպես խոշոր հաղթանակ՝ համարելով, որ Թուրքիայի թեկուզ սահմանափակ ներկայությունը՝ բուն Ադրբեջանի տարածքում մոնիթորինգային կենտրոնում դիտորդություն անելու դերով, ավելին չէ, քան այս փուլում «ճամփի ընկեր» լինել Ռուսաստանին։

Հաղթանակ էր այն մասով, որ նախ պատերազմը կարծես թե վերջանում է, եւ ապա՝ ռուսական հեղինակությունը բարձրացավ, խաղաղապահ առաքելությունն էլ իրականացնելու են իրենք։ Իհարկե, առանձին մեկնաբաններ այս առնչությամբ հարցեր բարձրացնում են, օրինակ, ինչքանո՞վ է նպատակահարմար, տնտեսապես ու ֆինանսապես երկիրը պատրա՞ստ է դրան եւ այլն, սակայն սրանք կարծես թե որպես երկրորդական հարցեր են դիտարկվում։ Իրականում ականատես ենք լինում բավական հետաքրքիր մի պրոցեսի, որը պայմանականորեն կանվանենք «Ադրբեջանի սեփականաշնորհում», ու պատահական չենք համարում հետեւյալ հռետորական հարցադրումը․ իսկ ե՞րբ է կնքվելու նոր «Գյուլիստանի պայմանագիրը»։

Հիշեցնենք, որ Գյուլիստանի պայմանագրով՝ այլ տարածքների հետ, ժամանակակից Ադրբեջանը նույնպես անցնում էր Ռուսաստանին։ Այս համաձայնությամբ, որով կարծես թե սկսվում է բավական տարողունակ եւ տեւական բազմաշերտ քաղաքական-դիվանագիտական գործընթաց, կարծես թե ռուսական դիրքերն են ամրացվում Ադրբեջանում։ Ի վերջո, պատահական չէ, որ այսօր որոշ ադրբեջանական շրջանակներ արդեն ֆիքսում են, որ Իլհամ Ալիեւը խորապես սխալվում է սա իր հաղթանակը համարելով, քանի որ սա ռուսների հաղթանակն է, քանի որ ռուսական խաղաղապահները մտան Լեռնային Ղարաբաղ։ Իսկ այդ խաղաղապահները, եթե անկեղծ ասենք, բավականին լավ են զինված եւ լավ պատրաստված, որոնք անցել են Ղրիմի, Սիրիայի եւ այլ ռուսական «марш-бросок»-ներ։ Ի դեպ, ռուսական փորձագետները նաեւ արձանագրում են, որ Ուկրաինայում ռազմատենչ հայտարարությունների հաճախակիանալը հուշում է, որ Ղարաբաղից հետո պետք է սպասել Դոնբասում սրացման կամ նույնիսկ՝ Ղրիմի համար ռուս-ուկրաինական բախման։ Կարծես թե մենք էլ անմասն չմնացինք աշխարհաքաղաքական այս վերադասավորումներից, եւ գեոպոլիտիկ նուրբ ու գեղեցիկ խաղը, որն արդեն քանի տարի ընթանում է գլոբալ ուժային կենտրոնների կողմից՝ նոր աշխարհակարգի ձեւավորման ու բյուրեղացման համար, կարծես թե հասավ նաեւ «մեծ մոլորակի մեր փոքրիկ տանը» նույնպես։