Երրորդ պաշտոնյան է գործուղվում Սյունիք․ Հանրությունից թաքցնելու են արդյունքները

Երրորդ պաշտոնյան է գործուղվում Սյունիք․ Հանրությունից թաքցնելու են արդյունքները

Հունվարի 23-ին «Հրապարակը» գրել է, որ  թշնամու հետ բանավոր պայմանավորվածություններով Սյունիքում տարածքներ հանձնող հողատու վարչապետը ծածուկ է պահում միայն իր հավատարիմների Սյունիք գործուղման նպատակները: Ի տարբերություն այլ գործուղումների, որոնց արդյունքների վերաբերյալ գործուղվողը հաշվետվություն է ներկայացնում, հողերն հանձնելուց հետո Սյունիք գործուղված վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը (Սյունիքում էր դեկտեմբերի 1-4-ը) ու վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը (Սյունիքում է լինելու մինչեւ փետրվարի 15-ը), հաշվետվություն ներկայացնելու որեւէ պարտավորություն չունեն: Ի տարբերություն այլ պաշտոնյաների, այլ գործուղումների, վարչապետը Սյունիք գործողումների որոշումներում չկա հաշվետվություն ներկայացնելու պարտադիր պահանջ:

Հիմա էլ նոր գործուղում՝ հունվարի 27-ին Նիկոլ Փաշինյանը իր տեղակալ Տիգրան Ավինյանին է գործուղել Սյունիք՝ դարձյալ առանց հաշվետվություն ներկայացնելու պահանջի:
Ծածուկ պահվող արդյունքներով այս որոշումներում հետաքրքիր այլ բան էլ կա: Արայիկ Հարությունյանի գործուղման նպատակը չէր հրապարակվում: Ռոբերտ Ղուկասյանի գործուղման որոշման մեջ նշված է՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով: Նույն նպատակն է նշված Տիգրան Ավինյանի գործուղման որոշման մեջ:

Ստացվում է, որ Տիգրան Ավինյանը գնում է օգնելու արդեն մեկ շաբաթ Սյունիքում աշխատանքային հանդիպումներ անցկացնող Ռոբերտ Ղուկասյանին: Ուրեմն Ղուկասյանը տապալել է իրեն վստահված աշխատանքը: Աստված գիտի (քայլոների դեպքում՝ Սատանան գիտի), թե իր գաղտնի առաքելությամբ ինչքան վնաս է տվել Ղուկասյանը Հայաստանին եւ Նիկոլ Փաշինյանին ու հիմա Տիգրան Ավինյանը պիտի փորձի հարցերը կարգավորել: Այն է ակնհայտ, որ ոչ Ղուկասյանը, ոչ մնացած քայլոները վերջին 3 տարում Հայաստանին օգուտ չեն տվել:

Արեգ Մարգարյան