Լոլոներ ու բառերի հեղեղ` ուղղված եվրոպական լսարանին

Լոլոներ ու բառերի հեղեղ` ուղղված եվրոպական լսարանին

Օգոստոսի 1-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը: Հարցազրույցի ամեն տողից ճառագող խեղճությունը, անօգնականությունը, բառերը զգուշորեն ընտրելու, ոչ մեկին չնեղացնելու ձգտումը խիստ ակնառու էին, եւ դրա մասին շատ գրվեց: Բայց մի հարց ու պատասխան ինձ զարմացրին: Լրագրողի հարցին, թե «Ադրբեջանը շարունակաբար հերքում է, պնդում է, որ Աղդամի ճանապարհը հասանելի է», մի խառնափնթոր ու բառերի կույտից կազմված պատասխան է հնչեցրել ՀՀ վարչապետը` կարծես լրագրողական հոդված գրելիս լինի: Բոլոր հավանական վարկածներն է թվարկել եւ անհեթեթ բառերի հեղեղ արտաբերել: Պատկերացնում եմ, թե հարցազրույց վարողն ինչքան է զարմացել` լսելով այդ պատասխանը:

Ասել է. «...իհարկե, Լեռնային Ղարաբաղում, մանավանդ՝ այս սեզոնին, որոշակի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվում են, բայց Ադրբեջանի զինվորականները կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց, գյուղատնտեսական տեխնիկայի վրա: 2020 թվականից այս կողմ մենք դեպքեր ունենք, երբ տրակտորիստը սպանվել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս: Բայց հիմա տրակտոր էլ չի աշխատում, որովհետեւ վառելիք չկա: Եվ վառելիքի բացակայության պատճառով մարդիկ չեն կարողանում բերքահավաք իրականացնել։ Եթե ինչ-որ հրաշքով բերքահավաք են իրականացնում, ասենք, օրինակ՝ հացահատիկի, այդ բերքը հնարավոր չէ, կրկին վառելիքի բացակայության պատճառով, հասցնել ալրաղացներ։ Եթե ինչ-որ հրաշքով ալյուր են ստանում, կրկին վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հասցնել հացի թխման արտադրամասեր։ Եթե ինչ-որ հրաշքով ալյուրը հասցնեն, էլեկտրաէներգիայի, գազի բացակայության պատճառով հնարավոր չէ արտադրական ծավալներով հաց արտադրել։ Եթե ինչ-որ ձեւով հնարավոր է հաց արտադրել, կրկին տրանսպորտի բացակայության պատճառով այդ հացը դժվար է կամ հնարավոր չէ խանութ հասցնել: Եթե հնարավոր է խանութ հասցնել, հասարակական եւ մասնավոր տրանսպորտ չի գործում՝ կրկին վառելիքի բացակայության պատճառով, որպեսզի մարդիկ գնան եւ այդ հացը ձեռք բերեն խանութից: Եթե ինչ-որ ձեւով նրանց հաջողվի հասցնել խանութ, այս բլոկադայի պատճառով բոլոր ձեռնարկությունները փակվել են, բոլորը կորցրել են իրենց աշխատանքը, եւ մարդիկ չունեն եկամուտներ՝ խանութից հաց ձեռք բերելու համար: Եթե ինչ-որ հրաշքով ունեն հաց ձեռք բերելու համար անհրաժեշտ եկամուտ, հերթերն այնքան մեծ են, իսկ ապրանքը՝ այնքան քիչ, որ նույնիսկ ինչ-որ հրաշքով այդ խանութի մոտ հասնելով՝ այդ վաճառվող քիչ, հրաշքով, հրաշքի շղթայով խանութ հասած ապրանքն իրենց կարող է ուղղակի չհասնել»:

Այս նաղլը, հեքիաթը կարդացող, տեղեկատվություն փոխանցող, փաստերն արձանագրող վարչապետից ի՞նչ կարելի է սպասել: Այս մարդը 5 տարի իշխանության գլխին է, դեռ խմբագիր ու լրագրող է մնացել, որը չի հասկանում վարչապետի ու խմբագրի տարբերությունը: Չի հասկանում, որ միջազգային լրատվամիջոցին տված հարցազրույցում ինքը պարտավոր է քաղաքական գնահատականներ տալ, իրադարձություններն ամփոփել, վերլուծություն անել, հստակ խոսք ասել, որ եվրոպացի հեռուստադիտողը չխճճվի իր արտաբերած բառերի հեղեղում, որից կարող է գլուխ հանել միայն հայաստանյան ինֆորմացված քաղաքացին: Չի հասկանում, որ այս հնարավորությունն իրեն տրված է, որ գնահատական տա, այն էլ` սուր, հատու, անվախ գնահատական՝ հակառակորդի գործողություններին, ոչ թե վախվորած ու զգույշ արտահայտություններ անի, որ հանկարծ իր կիրթ հարեւանը չվիրավորվի: Այս զգուշությունը պետք էր դրսեւորել մինչեւ 2020 թվականը` 2018-ին իշխանության գալուց ի վեր պետք էր ոչ թե պոռոտախոսել Սերգեյ Լավրովի ու Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի ու Էրդողանի հասցեին, ոչ թե սադրիչ հայտարարություններ անել, այլ բանակցել եւ փորձել լուծել Արցախի հարցը` օգտվելով Սերժ Սարգսյանի հեռացման արդյունքում իր ստացած թայմ-աուտից: Իսկ 2020 թվականից հետո, հակառակը` պետք է այլեւս չվախենալ ու ողորմելի պարտվողականի լեքսիկոն չկիրառել, այլ համարձակ ու սուր խոսել` հակազդելով օրեցօր լկտիացող հակառակորդին: Որովհետեւ ամենաթանկն արդեն կորցրել ենք, եւ ավելի վատ չի լինելու, քան եղել է 44-օրյայի ընթացքում: Ցավոք սրտի, հենց այս պահվածքի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ մենք պատերազմում այնքան կորուստ չունեցանք, որքան պատերազմից հետո: Եվ 2020 թվականի նոյեմբերի 9-ի վիճակն այսօր արդեն ուղղակի երանելի վիճակ է թվում:

Եվ եթե 2020-ի նոյեմբերին ինքը հրաժարական տված լիներ եւ անգամ իր թիմից մեկին փոխանցած լիներ իշխանությունը, այսօր, վստահաբար, մենք ավելի լավ վիճակում կլինեինք: Գոնե այսքան ստորացած, նվաստացած, բոլոր ստորացումների հետ հաշտված ու ամեն նոր ստորացման համաձայն չէինք լինի: Ահա թե ինչ գին ունեցավ մեզ համար 2020 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը: