Այսօրվա անտարբերության գինը

Այսօրվա անտարբերության գինը

Արցախում սովահարությունից արդեն մահացության դեպք է գրանցվել։ Մի քանի շաբաթ առաջ էլ հղի կին էր մահացել` վառելիքի բացակայության պատճառով չէին հասցրել հիվանդանոց։ Ու դրա փոխարեն՝ փառատոններ, ուտուշ-խմուշներ Հայաստանում, նաեւ՝ հաթաթաներ՝ ուղղված արցախցիներին, այն տոնայնությամբ, թե «մեզ մի նախանձեք, քեֆ ենք անում, լավ ենք անում, չուզողի աչքն էլ հանում ենք»։ Սարսափելի է։

Այն, ինչ կարդացել ենք ժամանակին պատմության դասագրքերում, օրինակ, միջնադարի կամ 1915 թվականի մասին, դարձել է մեր օրվա լրահոսը, իսկ արցախցիներն անցնում են այդ դժոխքի միջով։ Իհարկե, կարելի է հանուն մխիթարության ասել, որ սա դեպի Գողգոթա ընթացքի «խաչի ճանապարհն» է, եւ ցանկացած խաչելության հաջորդում է հարությունը, քանի որ բարին միշտ հաղթանակում է։ Սակայն այլ միտք էլ է ծագում` բոլորս էլ մահկանացու ենք։ Ես էլ եմ մեռնելու, Նիկոլն էլ, Ալիեւն ու Պուտինն էլ, եւ մահը միակ բանն է, որն անհաղթելի է եւ բոլորիս դարձնում է հավասար։

Սակայն ուզում եմ հասկանալ, թե ինչ են զգում վերը թվարկածներիցս յուրաքանչյուրը՝ սովից մեռած 40 տարեկան մարդու կամ դեռեւս չծնված երեխայի ու վառելիքի բացակայության պատճառով հիվանդանոց չհասած հղի կնոջ մահվան մասին լսելիս։ Այստեղ ոչ մի թիկնապահ ու ոստիկան, ոչ մի պաշտոն ու միջուկային զենքի կոճակ նրանց չի փրկի: Եվ անխտիր բոլորս, ովքեր անտարբերությամբ, ջայլամի նման գլուխներս ավազի մեջ խրած, փորձում ենք ակնբախը չտեսնել, մի օր հանդիպելու ենք դեռ արեւի լույսը չտեսած արցախցի մանկան աչքերին եւ արդարանալու ոչ մի բան չենք ունենալու։