Մատենադարանի տնօրենը փակել է մի ողջ բաժին եւ կրճատել 12 աշխատակցի 

Մատենադարանի տնօրենը փակել է մի ողջ բաժին եւ կրճատել 12 աշխատակցի 

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արա Խզմալյանի՝ Մատենադարանի տնօրեն նշանակվելուց հետո, Մատենադարանը կանգնել է կառուցվածքային մի շարք փոփոխությունների առաջ։ Մասնավորապես՝ անցած տարվա վերջին փակվել է Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը եւ լուծարվել են բոլոր 12 աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը։   

Պարզվում է՝ Մատենադարանի զարգացման ռազմավարական ծրագրում այլեւս չի տեղավորվում այս բաժինը, որը շուրջ 14 տարի արդյունավետ գործել է նախկին տնօրենների օրոք։ Մատենադարանի կայքէջից տեղեկանում ենք, որ Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը ստեղծվել է 2009 թվականին Մատենադարանի նախկին տնօրեն՝ Հրաչյա Թամրազյանի նախաձեռնությամբ․ «Բաժնի գործունեության կարեւորագույն խնդիրն է ճշգրիտ կրկնօրինակումների միջով պահպանել ու զարգացնել հայկական ավանդական մանրանկարչության ու գրչության արվեստն իր կանոնիկ պատկերագրությամբ: Առավելագույն ճշգրտությամբ կրկնօրինակումների կատարման նպատակն է բնօրինակ ձեռագրերը օդի, լույսի, ջերմության վնասակար ու քայքայիչ, ոչնչացնող ներգործությունից փրկել եւ դրանք փոխարինել կրկնօրինակ մակետներով»։

Ի սկզբանե, նախատեսված է եղել, որ Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը միանա Վերականգնման բաժնին, բայց չգիտես ինչու վերջին պահին այս տարբերակը նպատակահարմար չի համարվել եւ որոշվել է դեկտեմեբրից բաժինը փակել, իսկ աշխատակիցներին ազատել աշխատանքից՝ առանց հնարավորություն տալու նրանց ներգրավվելու Մատենադարանի այլ բաժինների աշխատանքներին։  

Բաժինը լուծարելու հարցը քննարկվել է նաեւ Հոգաբարձուների խորհրդում, որը հանդիսանում է Մատենադարանի կառավարման բարձրագույն եւ հսկողություն իրականացնող մարմինը։  

Մենք փորձեցինք կապ հաստատել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հետ, բայց մեզ ուղղորդեցին՝ Հանրային կապերի բաժին, որտեղից եւս մեր զանգերին պատասխանող չեղավ։ Մենք կապ հաստատեցինք հոգաբարձուների խորհրդի անդամ, Մատենադարանի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների եւ հրատարակչական հարցերի գծով խորհրդական՝ Գուրգեն Գասպարյանի հետ եւ նրան հարց ուղղեցինք, թե հոգաբարձուների խորհրդում ինչպե՞ս է հիմնավորվել մի ողջ բաժին փակելու որոշումը․ «Հարցը, իհարկե, քննվել է հոգաբարձուների խորհրդում եւ որոշում է կայացվել․․․»:

Թե ինչո՞վ էր, ի վերջո, պայմանավորված այդ կառուցվածքային փոփոխությունը, Գ․ Գասպարյանը հորդորեց դիմել հոգաբարձուների խորհրդի քարտուղարին, որն ի դեպ եւս, մեր զանգերին չպատասխանեց։ Հետաքրքրվեցինք բաժինը փակելու հարցը միաձա՞յն է ընդունվել՝ հոգաբարձուների խորհրդի բոլոր 13 անդամների կողմից․ «Անպայման»,-կարճ հավալեց ու իր խոսքն ավարտեց Գ․ Գասպարյանը։ 

Նկատենք, որ անցած տարվա ամռանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որի նախագահն է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախկին 24 անդամի փոխարեն նոր կազմը ձեւավորված է 13 հոգուց, որից միայն 2-ն են Մատենադարանի աշխատակից։ 

Հիշեցնենք նաեւ, որ անցած ամռանը՝ Մատենադարանի տնօրենի ընտրություններից առաջ իշխանությունն արագացված կարգով գնաց մի շարք փոփոխությունների. Նախ՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոփոխված կանոնադրության համաձայն, նշանակվեց ԿԳՄՍ նախարարը։ Հաջորդիվ՝ Հոգաբարձուների խորհրդի նոր կազմում, նախկին 11-ի փոխարեն, միայն 2 հոգի են Մատենադարանի աշխատակից, մյուսները տարբեր գերատեսչությունների պետական ծառայողներ են: Բացի այդ, իջեցվեց Մատենադարանի տնօրենին ներկայացվող պահանջների նշաձողը՝ գիտությունների դոկտորից մինչեւ գիտությունների թեկնածու: Հանվեց տնօրենի կողմից հրապարակված գիտական աշխատանքների ցանկ ներկայացնելու պահանջը, ինչն առկա էր նախկինում գործող կանոնակարգում։ Եվ այս ամենը նրա համար, որ Արա Խզմալյանը հնարավորություն ունենա առաջադրվել եւ ընտրվել տնօրենի պաշտոնում, ով փաստորեն ընտրվելուց հետո կառուցվածքային փոփոխությունների անվան տակ մի ողջ բաժին փակեց ու 12 աշխատակից կրճատեց։