Սա իրենց ծնած հրեշն է ու անամոթաբար խոսում են միայն հետևանքների մասին, պատճառների մասին լռում են

Սա իրենց ծնած հրեշն է ու անամոթաբար խոսում են միայն հետևանքների մասին, պատճառների մասին լռում են

«Հրապարակի» զրուցակիցը 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանն է:

- Տիկին Նաիրա, վերջերս մի անչափ հուսահատ և տխուր գրառում էիք արել: Հուսահատությունն այնքան շատ էր Ձեր գրառման, որ այն ընթերցողների էլ էր փոխանցվում: Մի կողմից զոհված զինծառայողների ծնողներին են դատում, մյուս կողմից էլ ծնողների մեծ մասը հուսահատության մեջ է: Այս ամենից չի՞ շահում իշխանությունը:

- Գիտեք ինչ, վաղուց ինձ էլ հետաքրքիր չէ այս քաղաքականությունը, որը չգիտեմ, կոյուղի ասեմ, թե քաղաքականություն: Ինձ ոչ մի քաղաքական երևույթ չի հետաքրքրում: Իշխանություն կլինի, ընդդիմություն կլինի, թե ժողովուրդ կլինի, բոլորն իրար արժանի են: Իմ կորուստը միայն իմ կորուստն է, ես այս ողջ ընթացքում համոզվել եմ դրանում ու ոչ ոք ինձ հակառակը չի կարող համոզել: Մնացածն ինձ հետաքրքիր չէ:

- Բայց շարքային մարդկանց մեջ կան Ձեր վիշտը կիսողներ, ինչո՞ւ եք շարքային մարդուց էլ հիասթափված:

- Չեմ հավատում, չեն կարող իմ վիշտը կիսել, դա իմ անձնական ցավն է: Ամեն մարդ ինքը գիտի, թե ինչքան է իր սիրտը ցավում: Հա, գուցե էդպես հպանցիկ ցավում են մեր համար, բայց դա վիշտ կիսել չէ: Եթե մեր վիշտը կիսեին, այս վիճակում հայ ազգը չէր լինի: Այնպես չէ, որ միայն իշխանությունն է մեղավոր այս վիճակի համար, ավելի սարսափելի է այն ընդդիմությունը, որը բերեց այս իշխանությանը ու շարունակում է ընդդիմություն խաղալ` սպանելով ցանկացած նախաձեռնություն: Ես կոնկրետ այս պահին ընդդիմությանն ավելի շատ եմ մեղադրում, լավ շատ ու քիչ չանենք, բայց այդ ընդդիմությունը հավասարապես մեղավոր է` իշխանության հետ միասին: Սա իրենց ծնած հրեշն է, իրենց բերածը ու իրենք անամոթաբար խոսում են միայն հրեշի հետևանքների մասին, բայց պատճառների մասին լռում են: Չեն ասում, որ տարիներ շարունակ մեր երկիրը խայտառակության մեջ է ապրել, իրավական պետություն դառնալու փոխարեն տիրել է անիրավահավասարություն:

- Բայց, կարծես, Ձեր հիասթափությունը բոլորին է ուղղված, ոչ միայն քաղաքական ուժերին, ինչո՞ւ…

- Եթե հայ ժողովուրդը մի փոքր քիչ կոնֆորմիստ լիներ, արձագանքներ իր իշխանության այլանդակություններին, ոչ թե ամեն մեկն իր տեղում նստած ասեր` ոչինչ ինձ բան չեն ասում, ես գործ չունեմ, լռեմ…. մենք այս համատարած անտարբերության արդյունքում ենք հասել այս օրին: Վերևը շատ բան կարող է անել, բայց ներքևում` ժողովուրդը պետք է արձագանքի, պետք է պահանջատեր լինի: Մի կողմից էլ` ժողովրդին էլ չեմ մեղադրում, դարձրել են անասուն տարիներ շարունակ: Կրթությունից զրկել են, սոցիալական խնդիրներով են հեղեղել, արդյունքում մի մեծ մասը հեռացել է հայրենիքից…. ամեն դեպքում պայքարելու բան չկա` ով զավակ ունի, թող նա պայքարի, ես չեմ երկիրն այս վիճակին հասցրել, որ միայն ես մտածեմ Հայաստանը փրկելու մասին: Ես իմ մասով ամեն ինչ արել եմ, իմ ամենաթանկին եմ տվել, իմ պարտքը կատարել եմ: Դրանից հետո էլ ակտիվ պայքար եմ տարել: Այսօր եթե ժողովուրդը լուռ է, ուրեմն թող լուռ էլ մնա, էս իշխանությունն էլ թող ընդդիմության հետ միասին երկիրը հանձնի: Թող վայելեն իրար, արժանի են մեկը մյուսին:

- Իսկ եթե Դուք և էլի շատերը ապաքաղաքական շարժում սկսեիք:

- Ի՞նչ պետք է անեն զոհվածների ծնողները: Չորս տարի պայքարել եմ ու այդ կոյուղու մեջ ամեն մի կեղտի, ամեն մի տերևի, ամեն մի ճյուղի հասցրել եմ ճանաչել: Այդ ընդդիմություն կոչվածը բացի աղբ նետելուց ի՞նչ է անում ամբողջ օրը`ուտելուց ու խրախճանքին տրվելուց բացի: Ժողովրդին են շփոթեցնում ողջ օրը, հայրենասեր են խաղում, բայց բոլորը մի տականքի տակ են ու բոլորն էլ նույն երգն են երգում. կամ մենք կգանք իշխանության, կամ ոչ ոք չի գա: Էլ այդ ամենից հետո ի՞նչ անի զոհվածի ծնողը, հուսահատ ու կոտրված: Ես ամենաակտիվ ծնողն եմ` ի՞նչ անեմ, քանի անգամ եմ պայքարել ու քանի անգամ են ինձ տուն ուղարկել` պայքարը շարունակելու փոխարեն: Պետք է այս կոյուղին, որ քաղաքականություն ենք ասում, ամբողջությամբ մաքրվի: Պատերազմ հետաձգելով Ադրբեջանին են ուժեղացրել սրանք, վերջում էլ Նիկոլին բերեցին գլխներիս կապեցին ու առանց ամաչելու ազգի փրկիչ են խաղում, մոռանալով, թե ինչեր են արել, ոնց են մարդկանց զզվացրել, հիմա էլ զարմանում են, թե ոնց Նիկոլը եկավ իշխանության: Հարթակներում միայն մենաշնորհ հաստատի այս ընդդիմությունը, ինչքան հին զիբիլ կա` հանի ասպարեզ ու ժողովրդին տուն ուղարկի, էլ ի՞նչ կարող է անել զոհվածի ծնողն այդ ամենից հետո: Ի՞նչ է` պա՞րտք եմ մնացել էս երկրին, զավակ եմ տվել, էլ ի՞նչ անեի, թող հիմա էլ մնացածը մտածեն: