Մրցույթի օրերին բազմաթիվ ուսուցիչներ դահլիճից սելֆիներ էին դնում, որ իրենք են դասագրքերը փորձաքննում

Մրցույթի օրերին բազմաթիվ ուսուցիչներ դահլիճից սելֆիներ էին դնում, որ իրենք են դասագրքերը փորձաքննում

Դասագրքերի փորձաքննության նոր կարգով, ԿԳՄՍՆ-ն առարկայական հանձնաժողովների ձեւավորման պահանջները խստացրել է։ Համաձայն ԿԳՄՍՆ-ի, քանի որ դասագրքերի ստեղծումը նոր ընթացակարգով իրականացվում էր առաջին անգամ, եւ կարգի կիրարկման, մասնավորապես մրցութային կարգով աշխատանքների կազմակերպման ընթացքում ի հայտ էին եկել որոշակի խնդիրներ, հատկապես՝ ուսումնական նյութի գիտականությունը, հայերեն եզրույթների ճիշտ կիրառելիությունը ստուգելու առումով, գործընթացի բարելավման ուղղությամբ փոփոխություններ են կատարվել հանրակրթական առարկաների դասագրքերի եւ ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման (լույսընծայման) եւ հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձեւավորման կարգում, որն արդեն հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով: 

Վերանայված կարգով սահմանվել են նոր մոտեցումներ՝ յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով ուսումնական նյութի գնահատման հստակ գործառույթներ: 

Առաջին փուլում դասագրքերն անցնելու են մրցութային պահանջներին համապատասխանության գնահատման փուլ, որն իրականացնելու է դրամաշնորհային հանձնաժողովը: Սահմանված փաստաթղթերի ամբողջականության, դասագրքի ձեւաչափին եւ ծավալին ներկայացված պահանջներին համապատասխանելու դեպքում ուսումնական նյութը ներկայացվում է փորձաքննության հաջորդ փուլ:

Երկրորդ/ գիտականության եւ չափորոշչին համապատասխանության գնահատման փուլում առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից գնահատվում է ներկայացված ուսումնական նյութի բովանդակության համապատասխանությունը, եւ կազմվում է համապատասխանության վերաբերյալ եզրակացություն: 
Երրորդ․ բովանդակային գնահատման փուլում դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի բովանդակության եւ չափորոշչի մեթոդաբանությանը համապատասխանության գնահատումն իրականացվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից՝ մշակված գնահատման սանդղակին համապատասխան։

Առարկայական հանձնաժողովները ձեւավորվելու են համապատասխան մասնագիտական որակավորում շնորհող բուհի ռեկտորի կամ համապատասխան ոլորտում գիտական գործունեություն իրականացնող պետական կառույցների ղեկավարի հրամանով, որոնք ի պաշտոնե հանձնաժողովի ղեկավարն են: Առարկայական հանձնաժողովում ընդգրկվելու են տվյալ առարկայի ոլորտում առնվազն գիտական աստիճան ունեցող մասնագետներ՝ տվյալ ուղղությամբ կրթություն իրականացնող բուհերից, գիտական գործունեություն իրականացնող պետական կառույցներից: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաեւ տվյալ առարկայի մասնագետներ հանրակրթական ուսումնական հաստատություններից, որոնք ունեն տվյալ ոլորտում գիտական աստիճան:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն առաջարկում է իր մոդելը, թե ինչպես է տեսնում դասագրքերի փորձաքննության կարգը․ «Անցած տարվա թերություններից մեկն այն էր, որ ուսուցիչները, ովքեր ընտրվում էին այդ հանձնաժողովներում, բացահայտ սոցիալական ցանցերում դնում էին փոխնախարարի նամակը, որ իրենք ընտրվել են հանձնաժողովի անդամ։ Սա ինձ համար անընդունելի է, որովհետեւ մեր հասարակությունում հանձնաժողովի այդ անդամների մասին չպետք է մարդիկ իմանան, թե ովքեր են հանձնաժողովում ընդգրկվել, միայն ծայրահեղ դեպքում կարելի է բացահայտել։ 2-րդ․ մրցույթի օրերին բազմաթիվ ուսուցիչներ նախարարության դահլիճից սելֆիներ էին դնում, որ իրենք են դասագրքերը փորձաքննում, մրցույթն անցկացնում։ Այդ ամենին պետք է վերջ տանք։ Այն անդամները, որոնց առաջարկում է նախարարությունը՝ առարկայի մասնագետ, դիզայներ, հոգեբան, ես համաձայն եմ դրան, բայց այդ մարդկանց ընտրությունը պետք է լինի գաղտնի, եւ այդ մարդիկ պետք է ստանան դասագիրքն ու իրարից առանձին գնահատեն դասագրքերը՝ ըստ ներկայացված չափորոշիչների»։ 

Ս․ Խաչատրյանը դրական է գնահատում այն հանգամանքը, որ միայն գիտական աստիճան ունեցողները կարող են ընտրական պրոցեսին մասնակցել․ «Որովհետեւ այս տարվա աղմուկի պատճառներից մեկն էլ այն էր, որ այդ դասագրքերի ընտրությանը գիտնականներ չեն մասնակցել, իսկ եթե դու առանց գիտնականի դասագիրք ես ընտրում, դա նույն բանն է, որ առանց հետազոտության մարդուն վիրահատես, քանի որ գիտական ապարատի ստուգելիության խնդիր ունի ցանկացած դասագիրք։ Պետք է ընտրել մասնագետներ, ցանկալի է, որ նրանց 50 տոկոսը լինեն ուսուցիչներ, 50 տոկոսը՝ գիտնականներ, լինի համալսարաններից, թե գիտական ինստիտուտներից, որից հետո այդ մարդիկ առանձին, ամեն մեկն իր տներում գնահատում են այդ դասագիրքը եւ արդյունքները ներկայացնում են նախարարություն։ ԿԳՄՍՆ-ն էլ հանում է միջին թվանշաններ, բայց եթե նախարարությունը տեսնում է, որ հանձնաժողովի անդամներից մեկը բարձր է գնահատել, մյուսը՝ ցածր, այսինքն՝ մեծ տարբերություն է տեսնում, ապա ներգրավում է 3-րդ մարդու, որը փորձում է ավելի չեզոք գնահատական տալ եւ տեսնել՝ բարձր դնողնե՞րն են օբյեկտիվ եղել, ցածր դնողնե՞րը, թե՞ գնահատման չափորոշիչն է սխալ։ Իսկ այն փորձագետը, որը միտումնավոր ցածր է գնահատել կամ բարձր, կարող է ընդհուպ հաջորդ տարիներին այլեւս չընդգրկվել հանձնաժողովներում։ Նաեւ շատ կարեւոր է, որ այդ ընթացքում որեւէ բուհում կամ գիտական հաստատությունում անցնի համապատասխանության փուլ։ Ես այդպես եմ տեսնում եւ կարծում եմ՝ մրցույթը պետք է արվի փակ, մարդիկ չպետք է իմանան, թե ովքեր են գնահատողները, ինչը Հայաստանում շատ դժվար է, բայց պետք է փորձենք ապահովել»։ 

Նախկինում 2 փուլով է իրականացվել դասագրքերի գնահատումը․ «Առաջին փուլում մի հանձնաժողով էր, որի մեջ ներգրավված էին ե՛ւ գիտնականներ, ե՛ւ ուսուցիչներ, իսկ երբ գիտնականն ու ուսուցիչը նստած գնահատում են, գիտնականն այդ ուսուցիչների դասախոսն է եղել, ու ինքն այդ ուսուցիչներին ասում է՝ այսպես պետք է անենք․․․ դա հոգաբանորեն ազդում է ուսուցիչների վրա։ Որպեսզի ուսուցիչների կարծիքը չճնշվի, շատ կարեւոր է, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, իր տանը նստած, իր խղճի առաջ գնահատի դասագիրքն ու արդյունքները տա նախարարությանը, որովհետեւ, եթե ողջ հանձնաժողովով գնահատում ենք իքս մարդու գիրքը, վաղը կարող է ինֆորմացիայի արտահոսք լինի, մեկը կարող է ասել, որ գիրքդ քննարկում էինք, եւ այս մարդը դեմ էր խոսում քո գրքին, իսկ երբ մարդը տանը նստած առանձին գնահատում է, իրեն ավելի անկախ է զգում։ Մենք պետք է երաշխավորենք այդ մարդկանց անկախությունը»։ 

Ըստ ԿԳՄՍՆ-ի, թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի հեղինակ է, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ, վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) անձ, միեւնույն առարկայի հավակնորդ այլ դասագրքի փորձագետ, հեղինակի ուսանող, ասպիրանտ կամ վերջինիս հետ ակադեմիական կապ ունեցող անձ կամ որեւէ այլ ձեւով մասնակից է դասագրքի ստեղծմանը․ «Օբյեկտիվորեն եթե նայում ենք, կարող է 2 քույր կամ 2 եղբայր, կամ հայր եւ որդի նստեն ու դասագիրք գրեն, ես այստեղ խնդիր չեմ տեսնում, որովհետեւ մենք ունեցել ենք նման դեպքեր խորհրդային տարիներին էլ, բայց ես համաձայն կլինեմ, որ ով ուզում է դասագիրք գրի, նախ մի հատ լիցենզավորում անցնի, որի մեջ որոշ չափով ստուգվի նաեւ նրա հայերենի իմացությունը, որովհետեւ դա էլ է շատ կարեւոր, ու որպեսզի ինչ-որ մարդիկ, ովքեր նորմալ հայերեն չգիտեն, չխցկվեն այդ պրոցեսների մեջ։ Իսկ նրանում, որ դասագրքի ստեղծման մեջ մասնակցում են հարազատներ, ես խնդիր չեմ տեսնում, որովհետեւ կարեւորը՝ լավ արդյունք լինի, բայց եթե մի եղբայրը գիրքը գրի, մյուսն էլ գնահատի այդ դասագիրքը, դա արդեն կոնֆլիկտ է, կոռուպցիա, ինչն էլ հենց նկատի է ունեցել նախարարությունը»։

Ս․ Խաչատրյանը համաձայն չէ բուհի ռեկտորին այս պրոցեսում ներգրավելու նախարարության որոշման հետ, որն ի պաշտոնե հանձնաժողովի ղեկավարն է լինելու, քանի որ գործընթացը խճճելուց բացի կարող են առաջանալ նաեւ անձնային խնդիրներ․ «Որովհետեւ ունենք բուհեր, որտեղ ինչ-որ մարդկանց հետ ինչ-որ խնդիրներ կան, արդյունքում չստացվի, որ հանկարծ փորձեն այդ մարդու դեմ դուրս գալ»։ 

Ի վերջո, այս փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա դասագրքաստեղծ պրոցեսի վրա, եւ ինչքանո՞վ կբարելավվի առկա վիճակը, որն ունենք։ «Այս տարի լավն այն է, որ ժամանակը մի քիչ երկար է, եւ ավելի հանգիստ կգրեն, բայց ես շարունակում եմ պնդել, որ վճարը բավականին ցածր է, մենք նաեւ պետք է կտրուկ բարելավենք տպագրական որակը, որովհետեւ, եթե նայեք այսօրվա դասագրքերը, հետեւի էջի նյութը տվյալ էջի վրա երեւում է։ Այսինքն՝ թուղթն այդքան բարակ է ու անորակ, վերցրեք 2-րդ դասարանի դասագրքերից եւ նայեք։ Այսինքն՝ չպետք է հպարտանալ դասագրքի վրա գումար խնայելով, այո, եթե այդ գումարը կոռուպցիայի է ծառայել, դրա դեմ պետք է պայքարել, դա պետք է բացառել, բայց չպետք է ափսոսալ հեղինակներին, հրատարակչություններին նորմալ վճարել»։