Նիկոլ Փաշինյանը «Գնա մեռիր, արի՝ սիրեմ» տրամաբանությամբ նորից է պառակտում մեզ

Նիկոլ Փաշինյանը «Գնա մեռիր, արի՝ սիրեմ» տրամաբանությամբ նորից է պառակտում մեզ

ՀՀ վարչապետի այսօրվա որոշմամբ ձեւավորվել է արցախյան ազատամարտում զոհվածների եւ անհայտ կորածների հուշահամալիրի ստեղծման աշխատանքների  համակարգման աշխատանքային խումբ: Հուշահամալիրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է լինելու: Սա այն պանթեոնն է, ուր վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը մտավ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին՝ կապիտուլացիայից 40 օր անց: Մտավ մի քանի շարք ոստիկանների ուղեկցությամբ: Ինքն էր այդ օրը սգո օր հայտարարել, բայց մտավ իր համախոհների «Նիկոլ վարչապետ» գոռում-գոչյունների ներքո: Փաշինյանի գաղափարներն ու մտքերը չկիսողներն ասացին՝ Նիկոլ Փաշինյանը պղծեց Եռաբլուրը:

Ու հիմա իր, մեղմ ասած, անհեռատես, վատ, դավաճանական կառավարման արդյունքում զոհվածների հիշատակի հուշարձան է սարքում: Սա «Գնա մեռիր, արի՝ սիրեմ» արատավոր տրամաբանության դրսեւորում է:

Անհետ կորած մեր լուսավոր երիտասարդներից մեկի հայրը մեքենայով վնասեց պաշտպանության նախարարության դարպասը: Անզորությունից, պետության բացակայությունից, ճարահատ: Նրա որդու դին գտան: Ասում են՝ լուսավոր որդուն հուղարկավորել ու խաղաղվել է: Բայց դեռ շատ լուսավոր տղերքի դիեր գտնված չեն, իսկ մեր չեղած պետությունը հուշարձան  է կառուցում: Հիմա եթե մի անհետ կորածի ծնող գնա ու հուշարձանը վնասի, կամ վնասի շինարարներին:

Անզորությունից, պետության բացակայությունից, ճարահատ: Ի՞նչ է անելու նրա խաղաղվելու մասին չմտածող պետությունը: Կամ. ո՞նց է այս հուշարձանը բացվելու՝ մի քանի շարք ոստիկանների ուղեկցությա՞մբ, «Նիկոլ վարչապետ» գոռում-գոչյունների ներքո՞: Ո՞վ է բացելու: Վստահաբար, այս մասին չեն մտածել մեր չեղած պետության չեղած բարձր օղակներում:
Ուստի միանշանակ պնդում եմ. արցախյան ազատամարտում զոհվածների եւ անհայտ կորածների հուշահամալիրի ստեղծում նախաձեռնելով Նիկոլ Փաշինյանը հասարակության պառակտման հերթական քայլն է անում:

Արեգ Մարգարյան