40 տարվա ընտանիքի ապրուստը հնարավոր չէր տեղավորել «Ժիգուլիի» մեջ ու հեռանալ
Հարցազրույց արձակագիր, Արցախի վաստակավոր գործիչ Համլետ Մարտիրոսյանի հետ
- Պարոն Մարտիրոսյան, հիմա Երեւանում երբ փորձում եք հետահայաց գնահատել իրավիճակը, ունե՞ք պատասխան, թե ինչ կատարվեց սեպտեմբերի 19-ին` Արցախն ընկա՞վ, թե՞ հանձնեցին:
- Շատ դժվար է ինձ համար, ամեն պահի վերհիշում եմ ու անտանելի հոգեկան ցավեր եմ զգում, մի բան, որ զգացել եմ իմ մաշկի վրա 9 ամիս շարունակ: Սեպտեմբերի 19-ը, բլոկադան, այսպես կոչված` էկոլոգների ցույցերը, սպանված աղավնի թռցնելը, բոլորը մի սցենարով պլանավորված ծրագիր էր, որն իրականացվեց, եւ որին լավագույնս մասնակցել է Հայաստանի վարչապետը: Բլոկադայի օրերին քիչ թե շատ տանելի էր կյանքն Արցախում, որովհետեւ դեռեւս խանութներում սննդամթերք կար, բայց օր-օրի, գնալով այդ ամենը պակասում էր: Արցախյան բլոկադան ես համեմատում եմ Լենինգրադի բլոկադայի հետ, բայց, ի տարբերություն մեզ, Լենինգրադն ուներ մի առավելություն` ունեին կյանքի ճանապարհ եւ Լադոգա լճի վրայով տանում էին սննդամթերք։ Մենք դրանից էլ էինք զրկված: Մերը բլոկադա չէր, այլ` պաշարում, Արցախն 9 ամիս պաշարման մեջ էր, բայց փառք ու պատիվ ղարաբաղցիներին, զրկանքների միջով անցանք, մաքառեցինք, ու եթե Աստված ինձ առողջություն տա, անպայման գիրք եմ գրելու այդ 9 ամիսների մասին: Սա կազմակերպված խաղ էր, որի մեջ խառն էր բոլորի մատը՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ղեկավարների: Դեռեւս շրջափակման առաջին օրերին միջազգային մի վերլուծաբանի խոսք կարդացի, որտեղ նա, հղում անելով իր ունեցած աղբյուրներին, նշում էր, որ ԱՄՆ-ն պլանավորում է Արցախի հայաթափում: Այդ պահին մտածեցի՝ այդ մարդը խելապակաս է, այս ինչե՞ր է գրել, դա չլինելու բան է... մյուս կողմից էլ՝ հիշում եք վարչապետի կնոջ` Էյնշտեյնի պատկերով վերնաշապիկը, որտեղ գրված էր․ «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»: Հապա հիշեք դա երբ էր... այսինքն՝ իրենք դեռ այն գլխից գիտեին, որ Արցախը պետք է հայաթափվի...:
- Իսկ դուք ներսից զգո՞ւմ էիք այդ մոտեցող վտանգը, հատկապես, որ վերջին ամիսներին թե՛ ՀՀ-ի, թե՛ Արցախի ղեկավարներն ուղիղ տեքստով հայտարարում էին, որ Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն։
- Ոչ, որովհետեւ մեզ անընդհատ, թող կոպիտ չհնչի` «կուտ էին տալիս», հայրենասիրության ոգին բարձր էին պահում, ու մեկը՝ ես մինչեւ վերջին պահը հավատացել եմ, որ եթե մեր կողքին կան ռուս խաղաղապահները, բացառվում է Արցախի հայաթափում: Մեր ղեկավարությունն էլ թեպետ ասում էր, որ վիճակը ծանր է, բայց որեւէ մեկն Արցախի դատարկման մասին մեկ բառ անգամ չէր նշում: Ասում էին` դժվար է, պետք է բանակցել, ձգտել խաղաղության, իսկ իրականում այդ ամենը շոու էր, թատրոն։ Ես ցավ եմ ապրում հիմնականում նրա համար, որ 9 ամիս ժողովրդին կտտանքների ենթարկեցին թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես, որից հետո արտաքսեցին իրենց հայրենի օջախներից: Եթե այսպես պետք է լիներ, ըստ պլանի, այն գլխից ասեիք` դուրս եկեք-գնացեք, մարդիկ էլ իրենց գլխի ճարը տեսնեին, ոչ էլ այդքան զոհեր տայինք: Միայն սեպտեմբերի 19-ին 200-ից ավելի զոհ ենք ունեցել ճակատում, էլ չեմ ասում, որ հազարին մոտ պայթյունի ժամանակ է եղել...:
- Բայց պաշտոնապես որեւէ կոնկրետ թիվ չի ասվել...
- Խնդիրն այն է, որ այսօր դեռ մարդիկ կան, ովքեր իրենց հարազատի մասունքները չեն գտել: Մի 20 օր առաջ հանդիպեցի արցախցի ծանոթներիցս մեկին, ասաց` 3-րդ անգամ գնում է իր հարազատի համար ԴՆԹ անալիզ տալու, եւ որ իր հարազատի մասունքի համարը 1023-ն է... հիմա եթե անգամ միեւնույն մարդու տարբեր մասունքներ մի քանի անգամ թվագրած լինեն, միեւնույն է՝ դա ահռելի թիվ է, անկախ նրանից՝ հազար է, 800, թե 600...:
- Իրադարձություններն արագ զարգացան, ու մեկ շաբաթում ամբողջապես Արցախը հայաթափվեց, առաջինն ո՞վ ասաց, որ Արցախից պետք է դուրս գաք, հավատո՞ւմ էիք, որ կհեռանաք Արցախից, թե՞ մինչեւ վերջին պահը հույս էիք փայփայում, որ իրավիճակը կփոխվի:
- Մի դրվագ պատմեմ․ այդ օրերին ես մի ամբողջ օր ձեռքի սրճաղացով ցորեն եմ աղացել, որպեսզի գոնե մի լավաշ դառնա, ու ուտելու բան ունենանք... իմ խորին համոզմամբ, ամբողջը պլանավորված էր, եւ այն գլխից որոշել էին ժողովրդին սովամահության հասցնել, որպեսզի մարդիկ հեշտությամբ հեռանան: Եթե մենք ունենայինք սնունդ, մեզ տեղահան անելը հեշտ չէր լինի, ինքնապաշտպանություն կկազմակերպեինք, բայց քանի որ ժողովուրդը բացարձակապես ոչինչ չուներ իր գոյությունը պահելու համար, հետն էլ հայտարարում են, որ կա հնարավորություն դուրս գալու, մարդը մտածում է` հանուն իր ընտանիքի փրկության հեռանա: Խնդիրը սա է, բոլորը կարծում են, թե Ալիեւը թելադրում է, Նիկոլը՝ կատարում, իրականում առաջին ջութակը Նիկոլն է, եւ նա է թելադրում: Բերեմ օրինակ․ Նիկոլն անվտանգության նիստի ժամանակ հայտարարում է` իմ ունեցած ստույգ տեղեկություններով, Ալիեւը մտադիր է միակողմանի բացել Լաչինի անցակետը ելքի համար, ու մեկ օր անց Լաչինի միջանցքը բացվում է: Նիկոլը որտեղի՞ց գիտեր, թե ինչ է մտածում Ալիեւը, չէ՞ որ Ալիեւը որեւէ տեղ հայտարարություն չի արել: Նա ուղղակի Ալիեւին հուշեց, որ հիմա ժամանակն է՝ միակողմանի բացելու անցակետը։ Այսպես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել: Ուրեմն մենք ոչ թե հեշտությամբ թողել ենք մեր տները, հեռացել, այլ մարդկանց պարզապես հասցրել էին սովամահության, միայն 3 դեպք ես գիտեմ, որ մարդիկ սովամահ են եղել: Դուք չեք կարող պատկերացնել մարդկանց հեռանալն իրենց հարազատ օջախներից, անձամբ ես իմ ընտանիքի հետ 2 օր ճանապարհ եմ եկել...
- Դուրս գալուց ի՞նչ եք հասցրել վերցնել ձեզ հետ...
- Նույնիսկ չեմ ուզում հիշել, որովհետեւ դա ինձ ցավ է պատճառում... ես անգամ իմ ձեռագրերը չեմ վերցրել, 2 պատրաստի գիրք եմ թողել, մի խոսքով՝ իմ ամբողջ արխիվը, փոխարենը քանի որ առջեւում ձմեռ էր, կինս իր վերարկուն է վերցրել, աղջիկս՝ իր սապոգները... «Ժիգուլի» մեքենայի մեջ ի՞նչ կարող ես տեղավորել, 40 տարվա ընտանիքի ունեցվածքը, կահկարասին, ապրուստը հնարավո՞ր էր տեղավորել «Ժիգուլի» մեքենայի մեջ, իհարկե` ոչ, ամբողջը թողել ենք, բանալիով փակել ու դուրս եկել, բայց այդ պահին ոչինչ մեր աչքին չէր երեւում, եւ գոնե իմ մտածմունքն այն էր, որ ընտանիքս ողջ-առողջ դուրս բերեմ այդ գեհենից: Իսկ, ընդհանրապես, Արցախում ամեն մարդ ապրել է արքայական կյանքով, հատկապես՝ գյուղացիները, մարդիկ իրենց ֆերմաների դռները բաց են արել ու տասնյակ կովեր, խոզեր, հնդկահավեր, սագեր բաց թողել, որովհետեւ հնարավոր չէր բերել, ու այդպես բազմաթիվ բաներ` տոննաներով պահեստավորված խնձոր, ցորեն։ Այսինքն՝ բոլորն էլ հարուստ, ունեւոր մարդիկ էին, բայց այսօր Երեւանում այդ մարդկանց հանդիպում եմ, ու լացս գալիս է, որովհետեւ դարձել են բոմժ, իսկ այդ մարդկանց բոմժ է դարձրել Նիկոլը: Ու այնքան լպիրշ է, որ ասում է` քույրեր, եղբայրներ, ես ձեզ զրկել եմ տնից, բայց չեմ զրկել հայրենիքից, որովհետեւ դուք հայրենիք չեք ունեցել... արցախցիները մինչեւ սեպտեմբերի 19-ը սոված, քաղցած դիմանում էին միմիայն մի ակնկալիքով, որ հաղթելու ենք, բայց այդ մարդկանց խաբեցին, որեւէ մեկը պաշտոնական հայտարարություն չարեց, իսկ գնչուական ռադիոն շատ արագ աշխատեց, որ պետք է արագ դուրս գանք, որովհետեւ քաղաքի վրա էլ էին ռումբեր գցել, քաղաքացիական անձինք զոհվեցին, եւ վիճակն էլ շատ օրհասական էր...
- Հիմա Հայաստանում ո՞նց եք ձեզ զգում, որքանո՞վ եք հաշտվել սեպտեմբերի 19-ից հետոյի իրականության հետ:
- Ահավոր վատ, չեմ կարողանում հաշտվել այս իրականության հետ, բացատրեմ, թե ինչու։ Օրինակ հայտարարում են, որ այսինչ տեղն աշխատանք կա, ու մասնագետ է պետք, դիմում եմ իրենց, ասում են` մի արի, օնլայն ներկայացրու քո տվյալները, մենք քեզ կզանգենք... ախր ինչո՞ւ եք խաբում, ուղիղ ասեք` մենք քեզ չենք ուզում, ես իմանամ իմ անելիքը, 25 օր է՝ սպասում եմ, որ ինձ պետք է զանգեն: Իհարկե, սա բոլորին չի վերաբերում, Հայաստանում պայծառ մարդիկ կան, բայց ընդհանուր` մեռած, անտարբեր մթնոլորտ է, ամեն մեկը մտածում է միայն իր գլխի ճարը տեսնելու մասին: Այն տպավորությունն ունեմ, որ կարծես բոլորը գլխահակ սպասում են, թե երբ են իրենց տանելու կառափնարան, որեւէ մեկի մեջ չկա հայրենիք հասկացողություն, պայքարելու, ընդվզումի ցանկություն, խոնարհ, համերաշխ սպասում են, բայց` մահվա՞ն, չեն տեսնում, որ դա տանում է մեզ կործանման: Մենք պարտվել ենք 2018-ից սկսած: Օրեր առաջ Գրողների միությունում տեսա, թե ինչպես է համագումարն անցնում, այդ մարդկանցից շատերի մտքում մի բան էր, որ բուֆետում անվճար սուրճ են տալիս` մի հատ բուլկիի հետ, այսինքն, հանուն այդ բուլկիի ու սուրճի էին եկել համագումարի, ու դահլիճում չէին էլ նստել շատերը։ Այդ մարդի՞կ պետք է Արցախի հարցը բարձրաձայնեին միջազգային ատյաններում, նրանք ի վիճակի չեն: Ինձ համար ցավալի է, որ Հայաստանում ապրող շատ-շատերն Արցախում չեն եղել, եթե գոնե մեկ անգամ եղած լինեին, կհասկանային, թե ինչ դրախտավայր ենք կորցրել ու տվել թուրքերին, որն արել ենք Նիկոլի ջանքերով:
- Կառավարությունն օրեր առաջ ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը պետք է ապահովի հաղորդակցություն Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ...
- Դա խաղաղության խաչմերուկ չէ, մենք արդեն ոտնատակ ենք ընկնում: Երբ Ալիեւն ասում է, որ մենք Հայաստան ենք գալու ոչ թե տանկերով, այլ մեր մեքենաներով, հենց այնպես չի ասում: Այս բոլորը պլանավորված է, ու ակնհայտ, որ Նիկոլն ու Ալիեւը եղբայրաբար համագործակցում են, իսկ ռուսն էլ դրան մասնակից եղավ...
- Մոտ ապագայում կտեսնե՞նք այն օրը, որ արցախահայությունը վերադառնա իր բնօրրանը:
- Մարդկային բան է, որ հույսդ չես կորցնում, ու դա ինձ մոտ ավելի շատ ցանկություն է, որ կգա մի օր, ու ես կվերադառնամ Արցախ` Ստեփանակերտ, բայց ոչ Խանքենդի: Արցախի հայերն Ադրբեջանի կազմում գոյատեւել չեն կարող, դա չլինելու բան է, որովհետեւ երբ տեսնում ես, թե թուրքերն ինչպես են ավիրում քո հարազատի գերեզմանը, քո զոհված ընկերոջ հուշաքարը, հնարավոր չէ դրա հետ համակերպվել, անհնարին բան է: Բոլորն էլ ասում են` հենց լինի հնարավորություն, մենք կգնանք, բայց դա կարող է լինել մի դեպքում՝ եթե միջազգային խաղաղապահ զորքեր տեղակայվեն Արցախում, եւ Արցախը լինի միջազգային կարգավիճակով` միջազգային վերահսկողության ներքո:
Կարծիքներ