Կայացնենք չորրորդ եւ վերջին հանրապետությունը

Կայացնենք չորրորդ եւ վերջին հանրապետությունը

ՌԴ նախկին նախագահ ու վարչապետ, ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի գրառման մեջ, ըստ հեղինակի օգնականի, արձանագրվել է Տիրոջ կամքը: Այն է՝ «Ռուսաստանը եղել է եւ կլինի Հայաստանի՝ որպես պետության, հայության՝ որպես ազգի գոյության երաշխավորը։ Հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճաններն իրենց անդրծովյան հովանավորների հետ կուղարկվեն դժոխք»։ Իհարկե, վատ չէր լինի, եթե այն համապատասխաներ իրականությանը: Սակայն իրադարձությունները զարգացան այնպիսի ուղղությամբ, որ առնվազն Արցախի առումով Ռուսաստանը չկարողացավ կատարել երաշխավորի դերը: Թե ինչ կկատարվի արդեն Հայաստանի հետ՝ Նիկոլի վարչապետության շարունակման դեպքում, դժվարանում եմ կանխատեսել: Համենայնդեպս, դրական սպասելիքներ ունենալ հաստատ չեմ կարող: Եվ դժվար թե նման բան ունենա որեւէ գիտակից անձ՝ թեկուզ նա լինի Նիկոլի շրջապատից: Չնայած կասկածում եմ, որ այնտեղ այդպիսի մեկը կարող է գտնվել:

Գանք Անկախության տոնին, որի հիմքը դրվեց նախորդ դարի 60-ականների սերնդի կողմից, իսկ կյանքի կոչվեց արդեն մեր սերնդի կողմից: Իրավական առումով, դժբախտաբար, այն արդեն գոյություն չունի, քանի որ մեր անկախությունը հիմնված էր Հռչակագրի վրա, իսկ այն եւս գոյություն չունի՝ որպես մեկ ամբողջական փաստաթուղթ: Որովհետեւ նրա հիմքն էին կազմում Լեռնային Ղարաբաղի հայկական լինելն ու Հայաստանի Հանրապետության՝ որպես դրա երաշխավորի, լինելիությունը: Այսօր չկա ո՛չ առաջինը եւ ո՛չ էլ երկրորդը: Ի դեպ, սիմվոլների սիրահար Իլհամը որոշել էր հենց Հայաստանի անկախության օրը վերացնել Արցախի հայկականությունը: Իսկ որ 44-օրյա կապիտուլյացիայից հետո Բաքու-Ստեփանակերտ բանակցությունը կապիտուլյացիոն ակտ է լինելու՝ հիմա երեւի Նիկոլն էլ չի կասկածում: Եվ ոչ էլ նրա թուլեքը, որ կրկնօրինակում էին վերջինիս անհեթեթ միտքը Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների վերաբերյալ: Ասվածը նշանակում է, որ հերթական սեպտեմբերի 21-ին Արցախի չգոյությամբ դադարում է գոյություն ունենալ Հայաստանի երրորդ հանրապետությունը: 

Չէ, ձեւական առումով այն դեռեւս կշարունակի քարշ տալ իր գոյությունը: Այն դեռեւս կունենա, ասենք, Արարատյան դաշտավայրով ու Շիրակի մարզի մի մասով սահմանափակված ինչ-որ տարածք, կունենա մայրաքաղաք եւ ձեւական այլ ատրիբուտներ: Բայց իրական անկախություն, որն է՝ ինքնիշխանությունն ու միջազգային հարցերում սուբյեկտայնությունը, այլեւս չի լինի: Ու, մոռացա ասել, կունենա նաեւ ձեւական խորհրդարան ու ձեւական վարչապետ՝ ի դեմս Փաշինյան Նիկոլի կամ նիկոլանման մեկ ուրիշի: Եթե, իհարկե, մենք շարունակենք թույլատրել Նիկոլին՝ կառավարելու մեր հայրենիքի այս մի կտորը՝ բզկտված կտորը: Եվ ամեն անկախության օրը նա կխոսի ժողովրդավարությունից ու երջանիկ ապագայից՝ ընդհանրապես վերացնելով ոչ միայն ապագան, այլեւ դրա հույսն անգամ: 

Ուրեմն, որպեսզի շարունակի գոյություն ունենալ Հայաստանը, պետք է կարողանանք փակել Երրորդ հանրապետության էջն ու բացել չորրորդինը: Ի դեպ, դա անհնար չէ՝ այսօրվա Ֆրանսիայում «գործում» է Հինգերորդ հանրապետությունը: Հիշեցման կարգով ՝ մեր Առաջին հանրապետությունը ծնվեց շատ ավելի դաժան պայմաններում: Իսկ մեզ անհրաժեշտ է ընդամենը պատմության աղբարկղ նետել Նիկոլի իշխանությունն ու ծանր աշխատանքով եւ նվիրյալների համառ ջանքերով կայացնել մեր երազանքի Հայաստանը՝ չորրորդ եւ վերջնական հանրապետությունը: