Աշխարհը «հոգնել» է Ուկրաինայի «խաղից»․ ՌԴ-ի «խաղադրույքն» աշխատե՞ց
Ռուսաստանի կողմից 2022 թ․ փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա հարձակման մեկնարկից ի վեր միակ հաստատուն բանն այն է, որ Կիեւն անընդհատ զենք ու զինամթերք, ինչպես նաեւ քաղաքական, հումանիտար, ֆինանսական եւ այլ բնույթի աջակցություն է խնդրում միջազգային գործընկերներից, աշխարհից՝ ընդհանրապես։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակ զորակոչված երիտասարդի նման անընդհատ բողոքում է ծառայության պայմաններից եւ պարբերաբար օգնություն խնդրում հարազատներից, ընկերներից։
Նրանք, իհարկե, օգնում են չտեսնված ծավալով ու սրտացավությամբ, բայց քանի որ բոլորի միջոցներն անսպառ չեն, եւ դրան գումարվում է նրանց «ընտանիքի անդամների» հարաճուն դժգոհությունը, ինչպես նաեւ «զինվորի»՝ ժամանակ առ ժամանակ արտահայտվող մուննաթն ու նեղացածությունը, ապա իրերի դրությունը կարող է փոխվել հօգուտ հակառակ կողմի, այս դեպքում՝ Ռուսաստանի։
Առհասարակ, ռուս-ուկրաինական պատերազմի ամբողջ ընթացքում համաշխարհային մամուլում, փորձագիտական ու քաղաքական շրջանակներում բազմաթիվ պնդումներ են եղել, թե հավաքական Արեւմուտքի ու միացյալ Եվրոպայի անվերապահ աջակցությունն Ուկրաինային ու անձամբ Զելենսկուն չի կարող հարատեւ լինել։ Ցանկացած պետություն, մանավանդ՝ ժողովրդավարական, առաջին հերթին հաշվետու է իր հասարակությանը։ Այդ հանրությունը կարող է կիսել երկրի ղեկավարության դիրքորոշումը, մարդասիրության դիրքերից հասկանալ ու սատարել, դատապարտել պատերազմն ու Ռուսաստանի ներխուժումը, բայց չի կարող անվերջ հանդուրժել շարունակվող այս մղձավանջը, եթե Կիեւին օժանդակությունն արդեն խփում է իր գրպանին, ընտանիքին, ճակատագրին։
Մինչ Զելենսկին շարունակում է որդեգրած քաղաքականությունը միջազգային գործընկերների հետ հարաբերություններում, աշխարհն աստիճանաբար հոգնում է Ուկրաինայից, ավելին՝ ակնարկում Ռուսաստանի հետ երկխոսելու, խաղաղության ուղիներ գտնելու եւ այս ամենին վերջ դնելու մասին։ Ակներեւ է, որ վերջին շրջանում Կրեմլին դատապարտող միջազգային կրքոտ ու աննկուն կոչերը մեղմացել են, իսկ Ռուսաստանն այս ընթացքում ավելացրել է համախոհների կամ առնվազն համագործակցող երկրների թիվը։ Բելառուսից բացի, Ռուսաստանի կողքին է Չինաստանը, դրական ազդակներ են հնչեցնում աֆրիկյան որոշ պետություններ, Հունգարիան, Սերբիան եւ այլն։
Արեւմուտքը պետք է ուղիներ գտնի՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար․ The New York-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆինլանդիայի ղեկավար Սաուլի Նիինիստեն։ «Երբ հակամարտությունն ավարտվի, Ռուսաստանը կմնա: Ես նկատի չունեմ ինչ-որ ամուր բարեկամություն, այլ միմյանց հանդուրժելու եւ նույնիսկ մի փոքր հասկանալու կարողությունը»,- ասել է նա: Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է փոխադարձ վստահություն հաստատել։
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկն էլ Bloomberg-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ գերմանացիներից շատերի համար ակնհայտ չեն պատճառները, որոնց համաձայն՝ Բեռլինը պետք է աջակցի Ուկրաինային։ «ԱՄՆ-ում բազմաթիվ մարդիկ հարցադրում են անում. «Ուկրաինան մեզնից բավական հեռու է, ինչո՞ւ է այն կարեւոր մեզ համար»։ Եվ միայն ԱՄՆ-ում չէ, այլ մեզ մոտ` Գերմանիայում էլ։ Մարդիկ տեսնում են Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված գնաճը»,- նշել է նա։ Այդուհանդերձ, ըստ նախարարի, Եվրոպան ամերիկյան «բարեկամների եւ գործընկերների» աջակցման կարիքն ունի՝ ինչպես երբեւէ։
Ավելի վաղ` ապրիլին, Սուրբ Զատկի տոնի նախօրեին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մի քանի հազար մարդ էր հավաքվել՝ ի նշան բողոքի Ռուսաստանի դեմ պատերազմելու եւ Կիեւ զենք ուղարկելու։ Ցուցարարները նաեւ կոչ էին անում՝ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ սկսել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել՝ Ուկրաինային սպառազինություն մատակարարելու հետ կապված։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի համար օրինական թիրախ է հանդիսանալու։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»`Ուկրաինային զենք մատակարարելով։ Ամերիկյան կողմը ձգտում է ոչնչացնել Ուկրաինային՝ այդ երկրին մատակարարելով սպառված ուրանի արկեր․ շաբաթներ առաջ սոցցանցի իր էջում գրել էր Միացյալ Նահանգների նախկին առաջնորդ Ջոն Քենեդու եղբորորդին՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի-կրտսերը։ «Կործանել Ուկրաինան՝ նրան փրկելու համար: Սթափեցնող հոդված՝ սպառված ուրանի զինամթերքի մասին: Ավելորդ է ասել, որ, որպես նախագահ, ես վերջ կդնեմ այս անխոհեմ եւ անմարդկային քաղաքականությանը»,- նշել է քաղաքական գործիչը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հոդվածը։ Ռուս դիվանագետը մասնավորապես նշել է, որ ուրանի զինամթերքն Ուկրաինան դարձնում է «կյանքի համար ոչ պիտանի հող»։ Նրա խոսքով՝ այդ զինամթերքի կիրառման հետեւանքները կզգա նաեւ հարեւան Լեհաստանը։ Զախարովան հիշեցրել է, որ այս տարվա մայիսին այնտեղ, ինչպեսեւ Ուկրաինայի Խմելնիցկի շրջանում, ֆոնային ճառագայթման զգալի աճ է գրանցվել։
Ինչ վերաբերում է եվրոպական հասարակության դժգոհություններին, կարելի է հիշատակել սեպտեմբերի 16-ին Պրահայում տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ցույցը՝ ընդդեմ կառավարության եւ Ուկրաինային աջակցելուն։ Ակցիան կազմակերպել էր PRO (իրավապաշտպան փորձաքննություն) արտախորհրդարանական կուսակցությունը։ Քաղաքական այդ ուժի նախագահ Յինդրժիխ Ռայխլը քննադատել էր Չեխիայի կառավարության եւ հատկապես վարչապետ Պետր Ֆիալայի քաղաքականությունը․ «Մենք չենք ուզում ԵՄ կառավարություն, մենք չենք ուզում ամերիկյան կառավարություն կամ ուկրաինական կառավարություն, մենք չենք ուզում Ռուսաստանի կամ Չինաստանի կառավարություն, մենք ուզում ենք Չեխիայի Հանրապետության կառավարություն, Չեխիայի քաղաքացիներ»: Ռայխլի խոսքով՝ սոցիալական եւ առողջապահական համակարգերը գտնվում են «Ուկրաինայից տնտեսական միգրանտների հոսքի տակ»։
Օրերս էլ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Financial Times թերթին տված հարցազրույցում նշել էր, որ ԵՄ-ն երբեք Սերբիային այնքան աջակցություն չի ցուցաբերել, որքան Ուկրաինային: Ճիշտ է, այս դեպքում խոսքը քաղաքական համատեքստում էր՝ կապված ԵՄ թեկնածուի կարգավիճակի տրամադրման հետ, բայց, հաշվի առնելով Սերբիայի ղեկավարի նախորդ ռուսամետ հայտարարությունները, կարելի է վստահաբար ասել, որ Կիեւից դժգոհություններն արտահայտվում են ցանկացած պատրվակով։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի հակահարձակմանը, ապա այդ առթիվ էլ են բազմաթիվ դժգոհություններ հնչել Կիեւի հասցեին՝ նշելով, որ այն դանդաղ է, անարդյունավետ, կորստաբեր։ Թեմային անդրադարձավ նաեւ ամերիկացի հայտնի գործարար Իլոն Մասկը՝ նշելով, որ Ուկրաինան չափից շատ մարդ է կորցրել, բայց չի կարողացել էապես առաջ անցնել հակահարձակման ժամանակ։ «Այդքան շատ կյանքեր` այս չնչին արդյունքի համար»,- X սոցցանցում գրել է նա՝ մեկնաբանելով ուկրաինական հակահարձակման ձախողման մասին ՏՏ ներդրող Դեւիդ Սաքսի գրառումը։
Պատկերն ամբողջացրեց ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին։ Ուկրաինական հակահարձակումը չի կարողանա լուծել գրավյալ բոլոր տարածքների ազատագրման խնդիրը՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարեց գեներալը։ «Հարձակումը թեեւ նշանակալից է, այնուամենայնիվ, ունի օպերատիվ եւ մարտավարական նպատակներ, որոնք սահմանափակ են։ Նույնիսկ եթե դրանք ամբողջությամբ իրականացվեն, ի զորու չեն լինի լիարժեքորեն հեռացնել ռուսներին»,- ասել է Միլին:
Իսկ զարգացումներն այս պահին գոնե ոչ թե ռուսներին հեռացնելու շուրջ են, այլ աշխարհի՝ Ուկրաինայից երես թեքելու, հոգնելու եւ աստիճանաբար հեռանալու։ Եվ սա արձանագրելը ոչ թե կողմնակալություն է, այլ ընդամենը տխուր փաստի շարադրանք:
Արա Ալոյան
Կարծիքներ