Ինչն է միավորում Նիկոլ Փաշինյանին եւ Վլադիմիր Պուտինին

Ինչն է միավորում Նիկոլ Փաշինյանին եւ Վլադիմիր Պուտինին

Նույնիսկ նման ողբերգական իրավիճակում Փաշինյանը փորձում է տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա՝ ասելով, որ Ռուսաստանն է 2020 թվականին պատասխանատվություն վերցրել՝ իր խաղաղապահների միջոցով ապահովելու արցախցիների անվտանգությունը, եւ նույնիսկ հիմա, երբ ռուսական կողմը հրադադար հաստատելու առաջարկով է հանդես գալիս, Փաշինյանը համարում է, որ դրանով խաղաղապահներն իրենց վրա են վերցնում իրավիճակի հետագա պատասխանատվությունը:

«Տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե ՌԴ խաղաղապահները կրակի դադարեցման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ եւ առանց որեւէ վերապահումների ընդունել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման պարտավորությունը, ինչով պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը պահպանեն՝ իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու։ Եվ իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ իրենք ամբողջապես ստանձնում են պատասխանատվությունը»: Փաշինյանի ասածի մեջ որեւէ տրամաբանություն չկա, կրակի դադարեցման առաջարկությունն ամենեւին չի նշանակում պատասխանատվություն խաղաղ բնակչության անվտանգության համար, բայց նա դա ասում է միայն այն պատճառով, որ իրենից գցի պատասխանատվությունը:

Ռուսաստանը վարվում է այնպես, ինչպես Փաշինյանը, ուղղակի այն տարբերությամբ, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը գցում է Փաշինյանի վրա՝ ասելով, որ տեղի ունեցողի համար իրենք որեւէ պատասխանատվություն չունեն: ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան եւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արդեն երկու շաբաթից ավելի, իսկ սեպտեմբերի 19-ից՝ օրը մի քանի անգամ հայտարարում են, որ 2022 թ. հոկտեմբերին Պրահայում եւ 2023-ին Բրյուսելում Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելն էապես փոխեց այն հիմնարար պայմանավորվածությունները, որոնք ստորագրվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին: «Դե յուրե հիմա խոսք է գնում Ադրբեջանի Հանրապետության կողմից իր տարածքում իրականացվող գործողությունների մասին»,- նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը՝ կրկնելով իր ղեկավարի կողմից մի քանի օր առաջ հնչեցված նույնաբովանդակ հայտարարությունը: Ռուսական կողմի հայտարարությունները նույնպես էժանագին արդարացում են իրենց անգործության համար, որովհետեւ եթե ռուսական կողմը կարծում է, որ Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ռուս խաղաղապահներն այլեւս ի վիճակի չէին կատարելու 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, որ Ադրբեջանն իրավասու է իր տարածքում անել այն, ինչ սիրտն ուզում է, ապա արդարացի կլիներ, որ իրենց դիրքորոշման փոփոխության մասին տեղեկացնեին արցախյան կողմին, ասեին, որ իրենք չեն կարող այլեւս իրականացնել խաղաղապահ առաքելություն, եւ թող արցախցիները կա՛մ գտնեն անվտանգության այլ երաշխավորներ, կա՛մ իրենց անվտանգությունը փնտրեն Արցախի տարածքից դուրս: 

Իրականությունն այն է, որ Ռուսաստանն Արցախի եւ Հայաստանի հաշվին հերթական անգամ գործարքի գնաց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Հնարավոր է, որ Արցախն Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածությունը կայացվել է սեպտեմբերի 4-ին՝ Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ, որը կյանքի կոչվեց հանդիպումից 15 օր հետո. այնքան էլ սիրուն չէր լինի, որ Ադրբեջանը հարձակում սկսեր սեպտեմբերի 5-ին, որոշեցին մի կես ամիս սպասել: Պուտինն Էրդողանին մերժեց հացահատիկային գործարքը վերսկսելու հարցում, բայց Թուրքիայի հետ հարաբերությունները պահելու համար, հանուն նրա, որ Թուրքիան ոչ թե ուկրաինական, այլ ռուսական հացահատիկ գնի, վերամշակի եւ արտահանի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներ, զիջեց Արցախը եւ սրի քաշեց արցախահայությանը: Երբ դու չես քո անվտանգության եւ կյանքի իրավունքի երաշխավորը եւ այն հանձնել ես օտարների ողորմածությանը, պետք է պատրաստ լինես, որ նրանք դա կարող են տնօրինել ըստ իրենց քմահաճույքի եւ հանուն իրենց շահերի:

Միակ հարցը հիմա այն է, թե արդյոք Ռուսաստանը կթողնի՞, որ Արցախը մինչեւ վերջ դատարկվի, այնտեղ չմնա հայկական բնակչություն, թե՞, այնուամենայնիվ, մի քանի հազար հայերի պատանդի կամ գերու կարգավիճակում կպահեն Ստեփանակերտում, որպեսզի Ստեփանակերտում ռազմաբազա պահելու հնարավորություն ունենան: Սա, իհարկե, կախված է նրանից, թե Պուտին-Էրդողան բանակցություններում ինչ պայմանավորվածություն է կայացվել: Մեզ այլեւս չի հետաքրքրում ռուսների ներկայությունն Արցախի տարածքում, մեզ հետաքրքրում է այն հարցը, թե ռուսները մի քանի հազար արցախցիների պատա՞նդ կվերցնեն, թե՞, այնուամենայնիվ, թույլ կտան, որ Արցախի ամբողջ բնակչությունը տարհանվի, եւ իրենք էլ, իրենց հնգամյա առաքելությունը ժամկետից շուտ կատարած, հեռանան այդ տարածքից: Ուկրաինական ռազմաճակատում ռուս զինվորների կարիք շատ կա:

Պուտինը եւ Փաշինյանն իրենց վիճակով հիմա շատ նման են. նրանք հանձնում են իրենց ազդեցության տարածքները` այն հույսով կամ արդարացումով, որ դա անում են հանուն իրենց երկրների շահերի, իսկ իրականում նրանց մտահոգում է միայն իրենց իշխանության երկարաձգումը՝ իրենց իշխանության տակ մնացած տարածքների նկատմամբ: Փաշինյանը զոհաբերեց Արցախը՝ իբրեւ թե Հայաստանը պահելու համար, Պուտինը զոհաբերեց արցախահայության անվտանգությունը՝ հանուն Թուրքիայի հետ լավ հարաբերությունների, հանուն այն բանի, որ Թուրքիան վերջնականապես չանցնի Արեւմուտքի կողմը, ամբողջապես չմիանա Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցներին, որը թույլ կտա Պուտինին մի քիչ ավելի երկարաձգել իր իշխանությունը: Եթե մեզ համար Արցախը հայկական հող է, մեր պատմական հայրենիքի մի մասը, որտեղ հազարամյակներով ապրել են հայեր, ապա ռուսական պատկերացումներով՝ դա ռուսական տարածք է, որը ռուսները գրավել են Պարսկաստանից՝ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, միավորել Ռուսական կայսրությանը, եւ հիմա ռուսական բանակը, հեռանալով այդ տարածքից, այն հանձնում է Թուրքիային:

Պուտինն իրեն հռչակել էր «ռուսական հողերի հավաքող»` Собиратель земель русских: Ռուս քարոզիչները, ովքեր Պուտինին ներկայացնում են որպես այդպիսին, ստիպված պետք է լինեն ընդունել, որ նա իրականում ոչ թե ռուսական հողերը հավաքող է, այլ՝ հանձնող: Դա չի սահմանափակվում կամ սահմանափակվելու միայն Արցախով: Ինչպես Փաշինյանի իշխանության երկարաձգումն է կործանարար Հայաստանի համար, այնպես էլ Պուտինի իշխանության երկարաձգումը բերելու է Ռուսաստանի մասնատման եւ կործանման: Սա հասկանում են տասնյակ եւ հարյուր հազարավոր ռուսներ, բայց, ինչպես Հայաստանում առայժմ չեն կարողանում ազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, այնպես էլ Ռուսաստանի ճակատագրով մտահոգ ռուսները չեն կարողանում իրենց երկիրն ազատել Պուտինի իշխանությունից:

Ավետիս Բաբաջանյան