Մխիթար Հայրապետյանը վրդովվեց, երբ Նաիրա Զոհրաբյանն իրենց համեմատեց նախորդների հետ

Մխիթար Հայրապետյանը վրդովվեց, երբ Նաիրա Զոհրաբյանն իրենց համեմատեց նախորդների հետ

ԱԺ հերթական քառօրյայի կիսահագեցած օրակարգում քիչ թե շատ աշխուժություն մտցրեցին ԲՀԿ-ական պատգամավորները՝ երբեմն ԼՀԿ-ի պատգամավորների հետ առերևույթ տանդեմով։ Նրանց «հրահրած» բանավեճերը փոքր-ինչ թեժացրին մթնոլորտը՝ «Իմ քայլի» պատգամավորներին ստիպելով համարժեք արձագանքներով հանդես գալ։ Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն առաջարկեց խորհրդարանին օրակարգ մտցնել և քննարկել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին իր ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է նախնական կալանքի պահման 1 օրը հաշվարկել 1․5 օր։ Այս նախագծին, սակայն, ԱԺ գլխադասային հանձնաժողովն ու կառավարությունը բացասական եզրակացություն էին տվել, ինչպես սովորաբար լինում էր նախորդ իշխանությունների ժամանակ՝ կառավարությունը ընդդիմադիրների նախագծին գրեթե երբեք դրական եզակացություն չէր տալիս, եթե դրա վերաբերյալ քաղաքական հստակ որոշում չէր լինում՝ ինչ-ինչ շահերով պայմանավորված։

Այս երևույթը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին հիշեցեց հենց նախորդների գործելաոճը և ստիպեց իր ելույթում նոր իշխանություններին խորհուրդ տալ նախորդների սխալները չկրկնել։ «Շատ ցավում եմ, որ խորհրդարանը, առաջնորդվելով կառավարության բացասական եզրակացությամբ, կրկնեց նրանց։ Ի՞նչն էր խանգարում, որ այստեղ մենք քննարկեինք նախագիծը, որից հետո դուք կմնայիք ձեր տեսակետին, մենք՝ մեր։ Եթե այս վատ ավանդույթները, երբ նախկին կառավարությունները ինչ եզրակացություններ տալիս էին, խորհրդարանական մեծամասնությունն էլ էնտուզիազմով դրանք վավերացնում էր, շարունակվում են, ապա ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է փոխվել մեր քաղաքական մշակույթում»,- ասաց նա։

Զոհրաբյանի համեմատականից խիստ վրդովվեց ու վիրավորվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, ով որոշեց պատասխան հարված հասցնել ԲՀԿ-ական պատգամավորի խոսքերին։ «Արդեն որերորդ անգամ փորձ է արվում մեր քաղաքական մեծամասնության գործընկերներին ներկայացնել որպես սեփական կարծիք չունեցողներ։ Խնդրում եմ ընդհանրապես կասկածի տակ չդնել մեր քաղաքական անկախությունը, կամքը, սեփական կարծիքն ու պատկերացումները՝ անընդհատ դրանք կապելով կառավարության տեսակետների հետ»,- ասաց նա։ Անդրադառնալով ԼՀԿ-ի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը և դրան տրված բացասական եզրակացությանը՝ Մխիթար Հայրապետյանը նկատեց․ «Բացառապես փաստարկների դաշտի վրա է հիմնված եղել նման եզրակացությունը»։