Ինչպե՞ս է կառավարությունը փոխհատուցելու Մարտի 1-ի զոհերին

Ինչպե՞ս է կառավարությունը փոխհատուցելու Մարտի 1-ի զոհերին

ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը վերջերս շրջանառության մեջ են դրել «2008թ․ մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Hraparak.am-ը կառավարություն հարցում էր ուղարկել՝ իմանալու, թե ինչ չափանիշներով է որոշվելու այն անձանց շրջանակը, որոնց պետք է տրվի փոխհատուցում, եւ որքա՞ն է կազմելու փոխհատուցման չափը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ արձագանքել են․ «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ «2008թ․ մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ օրենքով նախատեսված հատուցման գումարների չափը, կարգն ու պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ։

Բացի այդ, նախագծով նախատեսվում է, որ կյանքից զրկված յուրաքանչյուր քաղաքացու մասով փոխհատուցման չափը որոշելիս ՀՀ կառավարությունը պարտավոր է առաջնորդվել հատուցման ողջամտության, արդարացիության եւ համաչափության սկզբունքներով։ Ինչ վերաբերում է փոխհատուցման ենթակա անձանց շրջանակին, ապա սույն օրենքի իմաստով հատուցման իրավունք են ունենալու այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել 2008թ․ փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքներից առթիվ մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ցրելու հետեւանքով։ Կատարող՝ ՀՀ արդարադատության նախարարություն»։