22 հայտնի ռուս գործիչներ, բաց նամակով, կոչ են արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին
ՌԴ մշակութային, գիտական և կրթական 22 գործիչներ բաց նամակ են գրել ի աջակցություն գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որը սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է ադրբեջանական կողմից, երբ փորձել է Հայաստան անցնել Հակարիի կամրջով։ Տեղեկությունը հայտնում է РБК-ն։
Բաց նամակի հեղինակները նշում են, որ Վարդանյանը միշտ հանդես է եկել ընդդեմ բռնության և հօգուտ իրավահավասար պայմաններում երկխոսության՝ նույնիսկ այն դեպքերում, երբ թշնամանքը անհաղթահարելի է թվացել։
«Մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հասնել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։ Կոչ ենք անում նրան հնարավորություն տալ միանալու իր ընտանիքին ու վերադառնալու ստեղծարար աշխատանքի՝ ի շահ մարդկության»,- նշված է բաց նամակում։
Ընդհանուր առմամբ, բաց նամակի տակ ստորագրել են 22 ռուս գործիչներ։ Նրանց թվում են ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ Մոսկվայի կառավարման դպրոցի տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, գրողներ Եվգենի Վոդոլազկինը և Ալլա Գերբերը, գործարարներ Միխայիլ Կուսնիրովիչը և Մարկ Կուրցերը, ռեժիսորներ Պավել Լունգինը և Ալեքսանդր Սոկուրովը, Նատալյա Սոլժենիցինան, «Վերա» հիմնադրամի հիմնադիր Նյուտա Ֆեդերմեսսերը, պարուսույց Բորիս Էյֆմանը, Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի նախկին տնօրեն Մարինա Լոշակը, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը և այլ գործիչներ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմն առևանգել և ապօրինի ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է լքել Արցախը։ Ավելի ուշ նրանք 3 մեղադրանք առաջադրվեց և 4-ամսյա կալանավորման որոշում կայացվեց։
Կարծիքներ