Արտադպրոցական հաստատությունների մանկավարժները հավելավճարի հնարավորություն կստանան

Արտադպրոցական հաստատությունների մանկավարժները հավելավճարի հնարավորություն կստանան

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որով արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները հնարավորություն կստանան իրենց նախաձեռնությամբ ատեստավորվելու եւ դրա արդյունքում ստանալու հավելավճար։

Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի սահմանել հիմնական դրույթները, նպատակները, խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր են արտադպրոցական կրթության եւ դաստիարակության ոլորտում նոր որակական նախադրյալներ ստեղծելու համար: Նպաստել մատուցվող ծառայությունների որակի եւ մատչելիության բարելավմանը, որի ապահովումը ենթադրում է՝ ոլորտի կադրային համալրում, զարգացնող միջավայրի ստեղծում, ինքնակրթություն, փորձի փոխանակում: Հայաստանում մանկավարժների, այդ թվում՝ արտադպրոցական ուսհաստատություններում աշխատող մանկավարժների ցածր աշխատավարձը խոչընդոտում է մարդկային լավագույն կապիտալի, այդ թվում՝ արական սեռի մասնագետների մուտքը ոլորտ, վերջիններիս չի մղում մասնագիտական զարգացման: Այս խնդիրը լուծելու նպատակով պետք է մշակվի արդյունքի վրա հիմնված մանկավարժների կամավոր ատեստավորման կարգ, որը հնարավորություն կտա հավելավճարի տեսքով հասնելու աշխատավարձի բարելավման: 

Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ արտադպրոցական հաստատություններում մանկավարժները կարող են դասավանդել շաբաթական 24 ժամ, որը համարժեք է 1 դրույքի։ Ըստ այդմ՝ արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժի մեկ դրույքի համար հաշվարկվում է 132 276 ՀՀ դրամ աշխատավարձ: Առաջարկվող նախագծի ընդունմամբ եւ համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողները կարող են իրենց նախաձեռնությամբ մասնակցել գիտելիքների գնահատման գործընթացին եւ դրա արդյունքում ստանալ 30-50 % հավելավճար: