Մարինա Գեւորգյան. Շունը
Կեսօրվա տապին` ճանճերի միալար տզզոցի ներքո հանգիստ ննջում էր, երբ կինը, ձայնը գլուխը գցած, շնչակտուր հասավ ու Վախոյի քունը փախցրեց։
- Ե՛լ, ա՛յ մարդ, քնի ժամ չէ, ել, տեսնենք ինչ ենք անում։
- Կնի՛կ, էլի ի՞նչ է եղել, հերիք եղավ քունս փախցնես։
- Քնի ժամանակ չէ, վե՛ր կաց։
- Դե զզվեցրիր, տո, ելնելու եմ՝ պոչդ կծեմ, Պոչո աղջիկ։
- Ասում եմ՝ ահավոր բան է եղել, չե՞ս հասկանում։
- Որ ասես՝ ինչ է եղել, կարող է եւ հասկանամ։
- Ձագ եմ գտել։
- Իյա, լո՞ւրջ, չլինի՞ մեր Հաչոյի ձագերից մեկն էլի փախել է, անդաստիարակ են, էլի, բա չէ․․․
- Այ ցավդ տանեմ, մարդու ձագ է, մար-դու։
- Պոչո, էս ի՞նչ ես ասում, ո՞նց թե, որտե՞ղ է։
- Էն փլված, կիսաքանդ շենքը որ կա, մոտը աքլոր ու գառ են մորթում մարդիկ, այ, էդ պատի տակ՝ չոր խոտերի մեջ մի դեղին տոպրակ էր, մոտեցա, հոտոտեցի, տեսնեմ՝ մարդու ձագ է, էնքան էլ փոքր է, հազիվ ծվծվում է։
- Մեղա՜, մեղա՜․․․ բա ո՞ւմ ես սպասում, վա՛յ, արագացրո՛ւ, մարդկանց ձեն տանք, էդ խեղճն էս ճռճռան արեւի տակ ինչքա՞ն կդիմանա,- տեղից թռավ ու սլացավ դեպի տները։
Վախոն գյուղի մատուռի բարձունքը հսկող շներից էր, գայլերը վախենում էին մոտենալ, որովհետեւ գիտեին, թե ինչ կլինի, եթե էս շան ծանր թաթը բռնի իրենց լղար կոկորդը։ Շրջակայքի շների ու մյուս անասունների շրջանում Վախոն մեծ հարգանք վայելող շուն էր, անունն էլ Վախո էին դրել, որովհետեւ, ինչպես փսփսում էին հարեւան գյուղի շները, հա՛մ հարգում էին, հա՛մ էլ «ահավոր վախենում»։ Թե ինչպես էր պատահել, որ Վախոյի քթի տակ նման բան էր կատարվել, ու ինքը չէր իմացել, էդպես էլ մութ մնաց։ «Էհ, Վախո, երեւի արդեն ծերացել ես, զգոնություն ու հոտառություն կորցրել»,- մտածեց շունը։
Պոչոն՝ Վախոյի երկրորդ կեսը, նույնպես հարգված արարած էր, հավատարիմ կին էր, բազմաթիվ ձագուկներ էր լույս աշխարհ բերել, խնամել, ինքնուրույն կյանքի վարժեցրել։ Փարթամ պոչ ուներ շունը, ուստի գյուղացիներն անունը դրել էին Պոչո։ Գյուղի ժողովուրդը շներին լավ էր նայում, հավատարիմ չորքոտանիներն էլ երախտամոռ չէին, աչքի լույսի պես պահում-պահպանում էին գյուղի սահմանները․ տարիներ շարունակ ոչ մի աղվես ու գայլ չէին կարողանում մտնել ու մի վնաս տալ։
Վախոն հասավ գյուղի տարեց բնակիչներից մեկի բակն ու սկսեց հաչալ։ Պողոս պապը հավերին էր կերակրում, երբ շունը մոտեցավ ու սկսեց քաշքշել պապի տաբատից։ Իմաստուն մարդը գլխի ընկավ, որ շունն ինչ-որ բանի համար անհանգիստ է, ու հետը պիտի գնա։ Որդուն ձայն տվեց, միասին վազելով հասան մատուռի մոտ ու տեսան Պոչոյին՝ դեղին տոպրակի մոտ կանգնած։ Պոչոն մի ստվարաթղթի կտոր էր ճարել, բերել դրել էր տոպրակի վրա՝ փորձելով արեւից ստվերել։ Շունչները հազիվ տեղը բերած մարդկանց վախն ու զարմանքն իրար խառնվեցին, երբ տոպրակը բացեցին ու տեսան կծկված, մի բուռ դառած մարդկային արարածին․ աչքերը՝ փակ, բերանը՝ բաց, հեւիհեւ շնչելիս։
- Մեղա քեզ, տեր Աստված,- հազիվ արտաբերեց Պողոս պապը՝ երեք անգամ խաչակնքելով,- Գառնի՛կ, զանգի՛, շուտ զանգի՝ շտապը թող գա, վայ, խեղճ բալա, վայ, քու մերը մեռնի, էս ի՞նչ են արել։
Գառնիկը զանգեց, մի քանի րոպեից շտապօգնության բժիշկները հասան տեղ, երեխային հանեցին կեղտոտ լաթի միջից, զգուշորեն տեղավորեցին փոքրիկ պատգարակին ու տարան։ Հետո եկան ոստիկանները, չափեցին, գրեցին, հարցուփորձ արին, շոյեցին Պոչոյի ու Վախոյի գլուխները, գովեցին շների հավատարմությունը, նստեցին մեքենան ու գնացին։ Պողոս պապը շների ուղեկցությամբ հասավ տուն, Գառնիկը կերամանը մինչեւ պռունկը լցրեց նախորդ օրվա գառան խաշլամայի կտորներից ու հոր հետ թիկնեց բակի թթենու տակ դրված նստարանին։ Փորձում էին հասկանալ՝ էդ ոնց է պատահել, ոնց է մոր ձեռքը գնացել էդ քայլին։ Չէ, չէին մեղադրում, ուղղակի չէին կարողանում հասկանալ։ Պապը պնդում էր, որ ոչ մի հանգամանք չի կարող արդարացնել էդ արարքը․ չէր ուզում՝ չծներ, ծնել էր՝ թող մարդամեջ տեղ թողներ, էսքան տուն կա գյուղում, մի տան դռանը թողներ, մարդ են՝ տեր կկանգնեին, բայց ճռճռան շոգին էն օձ ու կարիճի մեջ գցել տոպրակով՝ էդ աններելի բան է, մարդու դատից փախնես, խղճի ու Աստծո դատից հո չես փախնի, սրտամեռ կին․․․
Պոչոն ծամում էր միսն ու մտածում, որ Պողոս պապը ճիշտ է ասում։
- Վախո, էս ո՞ւր են հասել մարդիկ։
- Ոչ մի տեղ, Պոչո ջան, ասեմ ավելին՝ էսպես որ գնա, լրիվ հետ կզարգանան, էդ երկոտանիները, ինչպես ասում էր պապս, նրան էլ իր պապի պապն էր ասել, ո՛չ խելք ունեն, ո՛չ էլ փորները հոգի ու խիղճ։
- Վախո, բայց բոլորն էդպես չեն, չէ՞։ Հլը տես՝ Պողոս պապն ու Գառնիկ տղան էդպես չեն, Լուսիկ տատին, Նազիկ քուրոն էլ, էս գյուղում ես էդպես մարդ չեմ ճանաչում, որ մեկին մի վնաս տված լինեն։ Իրենք իրենց ձագերին լավ են խնամում։
- Պոչո ջան, ճիշտ ես, բայց նրանց կողքին կան նաեւ էդպիսի տեսակներ էլ, որ ձագին տոպրակի մեջ գցում են օձ ու կարիճի մեջ, բա․․․ մենակ մեր անունն է դուրս եկել, սրանց տես, է, ասում են՝ գեղ չկա, որ շուն չլնի, թե ասա՝ ինչի՞ եք մեր ազնիվ ցեղի անունը խառնում ձեր հարցերին։
- Վախո, բայց դու ինչ խելացի՜ ես, լուրջ եմ ասում,- հիացավ Պոչոն։
- Լսի, սիրելիս, ես արդար արարած եմ, ճիշտ է՝ մերոնց մեջ էլ մի քիչ չստացված տեսակներ պատահում են, էն, որ մեկ էլ
էնպիսի բաներ կանեն, մեր ազնիվ ցեղի անունը գետնով կտան, բայց էդ հատուկենտ է պատահում, գիտես, էլի, էն էլ նորից մարդու դարդից են դրանք էդպես կատաղում։ Այ ցավդ տանեմ, կգան, քարով կխփեն, ուշունց ու աքացի կտան, հետո էլ կզարմանան, թե խի կծեց, խի հաչաց։ Ճիշտ է, ինչ մեղքս թաքցնեմ, կան նաեւ ծալը պակասներ, որ ուղղակի իրենց ցույց տալու, ինքնահաստատվելու համար մեկ էլ հո չեն կատաղի, հո չեն կծի, բայց դե՝ էդ հատուկենտ բան է, ամեն կենդանատեսակի մեջ էլ բնության սխալմունք կա, ինչ ասեմ…. Հրեն, մարդը քեզ վառ օրինակ, ձագին տարել, որտեղ է թողել։
- Ճիշտ ես, Վախո ջան։
- Է հա, դե ո՞նց չասես, էլի, տո այ աստվածատուր բանական էակներ, ճիշտ եմ, չէ՞, սիրունս, իրենք էդ բառը շատ են սիրում։
- Ո՞ր բառը, Վախո ջան։
- Դե, էդ՝ «բանական» բառը, էլի․․․ ասա, տնաշեններ, որ աջուձախ գլուխ եք գովում էդ փաստով, ինչո՞ւ չեք մարդավարի ձեզ պահում, իրար սպանո՞ւմ եք՝ սպանո՛ւմ եք, իրար վատը ցանկանո՞ւմ եք՝ ցանկանո՛ւմ եք, տո ըսկի ձեր ձագերին տեր չեք կանգնում, բայց շներից օրինակ վերցնելն ամոթ է, ո՜նց կլինի․․․ Ամեն երկրորդ խոսքը շան հետ եք կապել՝ շան բախտ, շան հոտառություն, շան պես հավատարիմ, ու էսպես շարունակ, բայց էնա, տեսնում ենք, էլի, ձեր դեմքը։ Ո՛չ խիղճ ունեք, ո՛չ էլ կարգին բնազդ։ Եթե էսպես շարունակեն, Պոչո ջան, իմ հոտառությունն ինձ չի խաբում, վերջը երեւի․․․
- Հը, Վախո, ի՞նչ է վերջը․․․
- Եսիմ, արի վատը չմտածենք, թող լավ լինի․․․
- Թո՛ղ, Վախո ջան,- ասաց Պոչոն ու Վախոյի հետեւից քայլելով՝ հասավ մատուռի բարձունքի իրենց կացարանը։
Օրվա մեջ մի քանի անգամ վազեցին Պողոս պապի բակը, հայացքները պապի աչքերին՝ սպասեցին պատասխանի, բայց իմաստուն մարդը միայն գլուխն էր օրորում.
- Շունո ջան, հը, ինչո՞ւ ես անհանգիստ,- գլուխը շոյելով՝ ասում էր պապը,- էն բալայից դեռ լուր չկա, Աստված ջան, ողորմա, տեր կանգնիր քո ստեղծածին, թող ապրի։
Այս ընթացքում բժիշկները նորածնին հասցրին հիվանդանոց, պայքարեցին կյանքի համար ժամեր շարունակ․․․ Երեխայի մայրը դեռ չէր հայտնաբերվել։ Ժամերը դանդաղորեն սահեցին սպասման մեջ, նորածնի կյանքի համար պայքարող բուժանձնակազմը կեսգիշերին արձանագրեց փոքրիկի․․․
Գյուղի շները ողջ գիշեր ոռնացին․․․
Վախոն մատուռի պատի տակ մեղավոր կլանչում էր․ ծերացել է երեւի, էլ ո՞ւմ է պետք իր գոյությունը, որ հոտառությունն ու զգոնությունը կորցրել, քնով էր անցել ու ավելի շուտ չէր գտել մարդու ձագին․․․
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Կարծիքներ