NATO եք գնո՞ւմ, զգույշ գնացեք

NATO եք գնո՞ւմ, զգույշ գնացեք

Հավանաբար, ձեր աչքով էլ է ընկել ՀՀ ՊՆ տարածած տեղեկությունը, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում եւ ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ սա բավականին հետաքրքիր տեղեկություն է Հայաստանի՝ մի քանի անգամ ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու ֆոնին: Սրա հետեւանքները, վախենում եմ ասել, կարող են բավականին տխուր լինել:

Այստեղ ճիշտ կլինի Գերասիմի պատմությունը մի անգամ էլ հիշել: Ուրեմն էս Գերասիմին ընկերները հարցնում են՝ այ Գերաս, այ ախպեր, էդ ո՞նց եղավ, որ դարձար գեյ: Եսիմ, է, պատասխանում է Գերասը, էնքան հարցուփորձ արի այդ թեմայով, որ դարձա: Հիմա դառնանք ու մեր ՊՆ-ին հարցնենք՝ այ ՊՆ, որ այդպես կպած զորավարժություններ եք անում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ, որ այդքան հետաքրքրված եք, չե՞ք վախենում հայտնվել ՆԱՏՕ-ի գրկում: Ու նաեւ մի այսպիսի հարց՝ Ուկրաինայի դուրս թռած աչքերը ձեզ ոչինչ չե՞ն ասում: Մենք, արդյոք, ունե՞նք Ուկրաինայի հնարավորությունները՝ մարդկային միս, զինտեխնիկա եւ այլն, որ առանց հետ նայելու գնում ենք ՆԱՏՕ: Գիտեմ, կասեք՝ դե, դրանք խաղաղապահ ստորաբաժանումների զորավարժություններ են: Այ ձեր ցավը տանեմ, Գերասն էլ էր սկզբում խաղաղ մտադրություններով հետաքրքրվում էդ անտերով, բայց տեսա՞ք վերջն ինչ եղավ:

Դուք էս ճամարտակությունը լսեք. «Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջեւ կայունացման գործողություններ»: Վայ քու, արա… Սեփական երկրի անվտանգությունն ապահովել չկարողացող ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սովորում են խաղաղապահություն անել, օրինակ, Աֆրիկայում կամ մեկ այլ տեղ: Եվ ապա՝ մի՞թե չէր կարելի ամերիկյան մասնագետների եւ Պապիկյան Սուրենի համատեղ զորավարժություններին մի փոքր ավելի համեստ անվանում տալ, քանի որ դրանք խաղաղապահական են: Այսպես՝ «Աղավնի գործընկեր-2023»: Արծիվը, հասկանում ես, ամենախաղաղասեր թռչունը չի, էլի, եւ Հայաստանից անտեղյակ մարդկանց մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ամերիկյան սպիտակագլուխ եւ հայկական քարի արծիվները խաղաղապահության անվան տակ ինչ-որ անհասկանալի գործով են զբաղված: Դիցուք՝ Մոսկվայում ի՞նչ կմտածեն քո մասին, Պապիկյան Սուրեն: Ասենք՝ Պապիկյան Սուրենը՝ մի կողմ, իսկ ի՞նչ կմտածեն Փաշինյան Նիկոլի մասին, որի հակառուսական դեմարշներն արդեն անցել են բոլոր սահմանները: Էս մարդուն թվում է, թե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հարեւանությունը երաշխիք է տալիս, որ մեկ գիշերվա մեջ ՆԱՏՕ-ի զորքերը հայտնվեն Հայաստանում ու վերջ տան Գերասիմի տառապանքներին: Չէ, Նիկոլ ջան, քեզ կդնեն ու հարց կտան լուրջ քեռիները՝ էդ ո՞նց եղավ, որ դարձար… ՆԱՏՕ-ի սիրելին:

Ուկրաինան էլ ունի ՆԱՏՕ-ի անդամ հարեւաններ, որոնք դեմ չեն Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի սահմաններն ընդլայնել դեպի Ռուսաստան: Շուտով կլրանա ռուս-ուկրաինական արյունահեղության երկու տարին, բայց ոչինչ չի ստացվում, եթե երկու կողմի անչափելի կորուստները չհաշվենք: Թեեւ ռուսական անծայրածիր երկրի կորուստներն անհամեմատելի են ուկրաինականի հետ։ Իսկ ինչո՞ւ են զոհվում ուկրաինացիները, ինչո՞ւ են քարուքանդ լինում ուկրաինական քաղաքներն ու գյուղերը, ինչո՞ւ է Ուկրաինան որպես պետություն այսպես հետեւողականորեն ոչնչացվում: Մի՞թե միայն ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար: Դա՞ է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու գինը: Մենք պատրա՞ստ ենք այդպիսի գին վճարել ու մի բան էլ գոյատեւել որպես պետություն:

Անշուշտ, պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Ուկրաինայում այսօր հակամարտում են նույն ժողովրդի տարբեր բարբառներով խոսող երկու հատվածներ: Գուցե նաեւ դա է պատճառը, որ Ուկրաինայի խաղաղ բնակչությանը կործանարար հարվածներ չեն հասցվում: Ես չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա Հայաստանում, եթե Ռուսաստանը որոշի նմանատիպ «պրոցեդուրա» իրականացնել մեր տարածաշրջանում՝ ՆԱՏՕ-ի առաջխաղացման դեմ: Վրաստանը հատուցեց ռուս-վրացական պատերազմով եւ տարածքային կորուստներով: Հարեւան Թուրքիան ոչինչ չկարողացավ անել, եւ վրացիներն այսօր հայտարարում են, որ վրացական տարածքների վերադարձը հնարավոր է բացառապես Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների միջոցով: Իսկ ինչո՞վ ենք հատուցելու մենք, որ ո՛չ տարածք ունենք, ո՛չ բանակ, որ պատերազմենք՝ մինչեւ ՆԱՏՕ-ն հասնի: