Փաշինյանը լեգիտիմացրեց Ռուսաստանի հակահայկական գործողությունները

Փաշինյանը լեգիտիմացրեց Ռուսաստանի հակահայկական գործողությունները

Փաշինյանի իշխանության կողմից իրականացվող հակառուսական քայլերը` Ուկրաինա մարդասիրական օգնություն ուղարկելը, Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացմանն ուղղված գործողությունները, Փաշինյանի եւ նրա թիմակիցների հակառուսական հայտարարությունները, կոշտ հակադարձման են արժանանում Ռուսաստանի կողմից: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւ ՌԴ ԱԳ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան արվող մեկնաբանություններով ավելի ցցուն են դարձնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա հակասությունները: Թվում է, թե Փաշինյանը՝ ինքը, գիտակցված է սրում հայ-ռուսական հարաբերությունները՝ դրանք բարեկամականից դարձնելով բացահայտ թշնամական, մինչդեռ իրականում Փաշինյանն օգտագործվում է ռուսական իշխանությունների կողմից, որի արդյունքը լինելու է Հայաստանի հերթական կործանումը:

Փաշինյանը ռուսական իշխանությունների համար ուղղակի գտածո է, ամեն անգամ, երբ նա ելույթ է ունենում կամ հարցազրույց տալիս, անպայման մի քանի հակառուսական հայտարարություն է անում՝ մե՛կ մեղադրելով Ռուսաստանին եւ նրա բանակին՝ Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու մեջ, մե՛կ հայտարարելով, որ անվտանգության ոլորտում Հայաստանի միակողմանի կախվածությունը սխալ է, եւ ինքն ուզում է ուղղել այդ սխալը: Փաշինյանը՝ իր հայտարարություններով, ռուս պաշտոնյաները՝ իրենց պատասխաններով ստեղծել են մի վիճակ, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ոչ թե ռազմավարական գործընկերներ ու դաշնակիցներ են այլեւս, այլ բացահայտ թշնամիներ: Նման իրավիճակի ստեղծումը միանգամայն ձեռնտու է Ռուսաստանին, որովհետեւ ազատում է այդ երկրին Հայաստանի եւ նրա անվտանգության ապահովման հարցում ունեցած որեւէ պատասխանատվությունից: Հայաստանը դրանից ոչ միայն չի շահում, այլեւ հակառակը՝ նման իրավիճակը կարող է կործանարար լինել Հայաստանի համար: Քանդելով մինչ այժմ գոյություն ունեցած անվտանգության համակարգը, այն հռչակելով ոչ արդյունավետ եւ անպետք՝ Փաշինյանը նոր անվտանգության համակարգ այդպես էլ չստեղծեց:

Վերջին օրերին բոլորը խոսում են այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ ռազմական հերթական ագրեսիային: Փաշինյանն արդեն խոստովանել է, որ Հայաստանն ինքնուրույն ի վիճակի չէ ապահովելու իր անվտանգությունը: Փաշինյանի գործողությունների շնորհիվ՝ եթե հիմա պատերազմ սկսվի, Ռուսաստանը եւս կարող է իրեն ազատ զգալ՝ չմիջամտելու եւ Հայաստանին չօգնելու: Փաշինյանն ազատել է Ռուսաստանի ձեռքերը՝ այդ երկրի բանակն անվանելով անվտանգության սպառնալիք, հայտարարել, որ Ռուսաստանը հուսալի գործընկեր չէ անվտանգության ապահովման գործում: Ռուսները հանգիստ կարող են ասել, որ դուք էիք մեզ սպառնալիք ու թշնամի հռչակում, որտե՞ղ եք տեսել, որ թշնամին թշնամուն օգնի: Իսկ ուրիշ ո՞վ կարող է օգնել Հայաստանին Ադրբեջանի ագրեսիայի դեպքում, արցախյան պատերազմն ապացուցեց, որ մենք որեւէ այլ երկրից օգնություն չենք կարող ակնկալել, Արեւմուտքը կօգներ, եթե մենք կռվեինք Ռուսաստանի դեմ, բայց Ադրբեջանի դեմ պատերազմին չի միջամտի: 

Ավելին՝ ռուսները կարող են շահագրգռված լինել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա սկսելու հարցում: Փաշինյանն ինքն էր ասում, որ Ռուսաստանին է պետք Մեղրիի միջանցքը: Ռուսաստանը հայտնվել է Արեւմուտքի կողմից շրջափակման մեջ, եւ նրան պետք են այլընտրանքային ճանապարհներ՝ արտաքին շուկաներ դուրս գալու համար: Դրանցից մեկը կարող էր լինել Ռուսաստան-Ադրբեջան- Հայաստան-Իրան երկաթուղու շահագործումը: Ռուսաստանը բավական ջանքեր գործադրեց այդ երկաթուղու բացման ուղղությամբ, Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն անընդհատ հայ եւ ադրբեջանցի պաշտոնակիցների հետ քննարկում էր երկաթուղու վերագործարկման հնարավորությունը, բայց այդպես էլ ոչ մի արդյունքի հնարավոր չեղավ հասնել: Հայաստանը պնդում է, որ այդ տարածքը պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության տակ, Ադրբեջանը միջանցք է պահանջում, ռուսներն առաջարկում էին, որ իրենք վերահսկեն ճանապարհը, բայց այդպես էլ փոխզիջում չգտնվեց: Հնարավոր է, որ փոխզիջում չգտնվեց ոչ թե այն պատճառով, որ կողմերի պահանջներն իրար հակասող էին, փոխադարձ անընդունելի, այլ որովհետեւ Արեւմուտքը դեմ է այդ երկաթուղու շահագործմանը՝ Ռուսաստանին շրջափակման մեջ պահելու համար, եւ օգտագործում է Հայաստանին՝ իր նպատակներն իրագործելու համար: Ռուսաստանը փորձեց բացել վրաց-աբխազական երկաթուղին, որպեսզի երկաթուղային կապ ունենա Թուրքիայի հետ, բայց դարձյալ Արեւմուտքի ճնշման տակ այդ նախագիծը հնարավոր չեղավ իրագործել` Վրաստանը չտվեց իր համաձայնությունը, քանի որ Աբխազիան համարում է Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածք: 

Փաշինյանը սիրում է պատմական զուգահեռներ անցկացնել եւ վերջերս իր հարցազրույցներից մեկում ասում էր, որ կարող է մի օր արթնանանք եւ տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանը կարող է ինքը դուրս բերել իր բանակը Հայաստանից: Բայց այստեղ տեղին է հիշել մեկ այլ պատմական իրադարձության մասին, որը վերաբերում է ոչ թե Ռուսաստանի՝ Հայաստանից հեռանալուն, այլ՝ վերադարձին: 1920 թվականին, երբ ռուսական իշխանությունները վերջնականապես համոզվեցին, որ Հայաստանի իշխանությունն ընդգծված հակառուսական է եւ որեւէ ցանկություն չունի համագործակցել Ռուսաստանի հետ, Թուրքիայի իշխանություններին զենք եւ փող տվեցին՝ Հայաստանի դեմ հարձակում սկսելու համար՝ Հայաստանը դիտարկելով որպես իր դեմ պատերազմող Անտանտի դաշնակից: Սեպտեմբերին թուրքական բանակը սկսեց առաջանալ Հայաստանի տարածքով եւ երկու ամսում գրավեց գրեթե ամբողջ երկիրը՝ Հայաստանի իշխանությանը պարտադրելով հնարավոր ամենաստորացուցիչ պայմանագրի ստորագրում: Ռուսաստանն այդ ժամանակ զորք մտցրեց արդեն թուրքերի կողմից գրավված Հայաստան եւ Թուրքիայի հետ կիսեց Հայաստանի տարածքը: Հայաստանի այն ժամանակվա իշխանություններն էլ էին համարում, որ իրենք ստրատեգիական ճիշտ ընտրություն են կատարել՝ բռնելով Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած Անտանտի երկրների` Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ-ի կողմը, բայց այդ երկրներն այդպես էլ ոչինչ չարեցին պատերազմում պարտություն կրած Թուրքիայից եւ քաղաքացիական պատերազմի բոցերի մեջ գտնվող Ռուսաստանից Հայաստանը պաշտպանելու համար՝ համարելով, որ այդ երկրների միջեւ գտնվող Հայաստանից իրենք որեւէ շահ ունեն:

Կարո՞ղ են Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան համաձայնության գալ Հայաստանի պետականությունը հերթական անգամ ոչնչացնելու հարցում՝ համարելով, որ Հայաստանը, վերածվելով Արեւմուտքի ազդեցության գործիքի, խոչընդոտում է իրենց ծրագրերի իրականացմանը: Հնարավո՞ր է, որ Ռուսաստանն իր համաձայնությունը տա Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիային՝ խոստանալով, որ ռուսական բանակը չի միջամտի։ Միանգամայն հնարավոր է: Ռուսները Հայաստանն ամբողջովին չեն հանձնի Ադրբեջանին, վերջում էլ կգան, որ «փրկեն» այն, ինչ մնացած կլինի Հայաստանից՝ այստեղ հաստատելով իրենց համար ընդունելի իշխանություն եւ երկրի տարածքն օգտագործելով՝ ոնց սիրտներն ուզում է: Սա միանգամայն հնարավոր տարբերակ է: Ի վերջո, պետք չէ հեռու գնալ մինչեւ 1920 թվական, նույնը մենք տեսանք 2020 թվականին, երբ Ռուսաստանն ու Թուրքիան կիսեցին Արցախը, Ադրբեջանը գրավեց Արցախի զգալի մասը, Ռուսաստանը «փրկեց» Արցախի հայկական մնացած հատվածը:
Հնարավոր է՝ Փաշինյանը գիտակցում է, որ նման բան կարող է լինել, բայց նա գիտի նաեւ, որ թեեւ 1920 թվականի իրադարձությունների արդյունքում Հայաստանը, ճիշտ է, մասնատվեց, եւ երկիրն ահռելի մարդկային եւ նյութական կորուստներ կրեց, բայց օրվա իշխանությունները կարողացան բարեհաջող հանգրվանել արեւմտյան դաշնակիցների տարածքում՝ ապահով եւ անվտանգ կյանք վայելելով: 

Ավետիս Բաբաջանյան