Նախարարի չորրորդ տեղակալ ունենալու հարցը միշտ և հատկապես վերջին տարիներին օրակարգում է եղել. ԱԻ փոխնախարար

Նախարարի չորրորդ տեղակալ ունենալու հարցը միշտ և հատկապես վերջին տարիներին օրակարգում է եղել. ԱԻ փոխնախարար

«Հրապարակի» գրավոր հարցերին է պատասխանել ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

-Պարո՛ն Փամբուխչյան, Ինչո՞ւ որոշեցիք անցել Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքի։

-Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնել եմ,  որ  երկու  տարի խորհրդարանում գտնվելով՝  որոշում եմ կայացրել, որ կարող եմ ավելի արդյունավետ իմ ծառայությունները մատուցել գործադիրում, ինչին իմ քաղաքական թիմը հավանություն է տվել: 

- Ինչո՞ւ որոշվեց, որ ԱԻ նախարարի չորրորդ տեղակալի պաշտոն ավելացանել, Դուք ո՞ր ոլորտն եք համակարգելու։ Ձեր աշխատակազմը քանի՞ հուգուց է բաղկացած լինելու, բյուջեի ծախսերը որքանո՞վ են ավելանալու փոխնախարարի 4-րդ պաշտոնի ավելացման հետեւանքով։

- ԱԻՆ-ում  նախարարի չորրորդ տեղակալ ունենալու հարցը միշտ և հատկապես վերջին տարիներին  օրակարգում է եղել՝ ելնելով այն հանգամանքից, որ  կառույցի կազմում կան 8 կառուցվածքային խոշոր և իրարից տարբերվող գործառույթներ ունեցող ստորաբաժանումներ: Այստեղ անկախ համակարգման ոլորտներից՝ բոլոր տեղակալները բոլոր հարցերով զբաղվում են: Ինձ մասնավորապես  ամրակցվել են հետևյալ՝ սեյսմիկ պաշտպանության, ֆինանսատնտեսագիտական, բնակչության պաշտպանության քաղաքականության մշակման, լեռնափրկարարական, հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության ոլորտները:  Բացի այդ, համակարգելու և կազմակերպելու եմ  Աժ-ում, կառավարությունում և այլ պետական հաստատություններում արտակարգ իրավիճակների նախարարության   ներկայացվածությունը: 
Ինչ վերաբերում է աշխատակազմին և  ֆինանսական հարցերին, պետք է ասեմ, որ   սահմանված կարգի համաձայն՝ նախարարի տեղակալն առանձին աշխատակազմ չունի: Իսկ աշխատավարձի չափի  և դրա հետևանքով բյուջեի ծախսերի ավելացման առումով հարկ եմ համարում նշել, որ այդ հարցերը կարգավորվում են  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:  

- Ի՞նչ ոլորտի մասնագետ եք, ի՞նչ կոչումով եք անցել աշխատանքի, կոչո՞ւմ ունեք։
-Մասնագիտությամբ իրավաբան եմ: Երկար տարիներ աշխատել եմ բանկային ոլորտում։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով  նախարարի տեղակալի պաշտոնի համար կոչման պահանջ չի դրվում, քանի որ այն պետական քաղաքական պաշտոն է։  Սակայն, եթե հետաքրքում է, ապա ասեմ, որ ունեմ պահեստազորի սերժանտի կոչում։  

- Հնարավո՞ր է, որ հետագայում նշանակվեք ԱԻ նախարար։

-  Այս հարցի հասցեատերը ես չեմ։ Ես պետական ծառայող եմ և ինձ համար բնավ կարևոր չէ, թե ինչ կարգավիճակով կշարունակեմ ծառայել իմ երկրին ու ժողովրդին, կարևորը ծառայության արդյունավետությունն է։