«Օրրանը»՝ ապօրինի կառուցապատման ու ամենաթողության արանքում

«Օրրանը»՝ ապօրինի կառուցապատման ու ամենաթողության արանքում

Երեւան քաղաքում իրականացվող հերթական ապօրինի կառուցապատման զոհն այս անգամ «Օրրան» բարեգործական կազմակերպությունն է։ Այս առիթով «Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը մամլո ասուլիս էր հրավիրել հենց «Օրրանի» հարկի տակ՝ ահազանգելու խնդրի մասին։

Ըստ փորձագիտական եզրակացության՝ կառուցապատողը, որը հասարակական նշանակության շինության աշխատանքներ է սկսել «Օրրանի» հարեւանությամբ, խախտում է մի շարք շինարարական նորմեր։ «Օրրանի» եւ կառուցվող շենքի հեռավորությունն ընդամենը 1,6 մետր է, որը չի ապահովում ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգություն» նորմի 150-րդ կետի եւ ՀՀՇՆ 30-01-2024 «Քաղաքաշինություն. Քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» նորմի 439-րդ կետի պահանջները, ըստ որի՝ շենքերի միջեւ թույլատրելի հեռավորությունը պետք է լինի առնվազն 6 մետր։

«Օրրանը» դիմել է մի շարք պատկան մարմինների՝ բարձրաձայնելով խնդրի անօրինականության մասին, սակայն մնացել է անպատասխան։ «Դիմել ենք կառավարությանը, քաղաքապետարանին, վերահսկողական մարմիններին եւ միայն մեկ պատասխան ենք ստացել՝ քաղաքապետարանից, որտեղ նշել են, որ իրենք կառուցապատողին տվել են շինթույլտվություն։ Բայց խնդիրն այն է, որ այդ շինթույլտվությունը նախ քաղաքապետարանը տվել է անօրինական, որովհետեւ քաղաքապետարանն իր շինթույլտվության մեջ նշել է, որ 2.5 մետր հեռավորության վրա կարող են կառուցել, ինչն անօրինական է, որովհետեւ առնվազն 6 մետր հեռավորություն պետք է պահվի։ Բացի այդ, մենք փորձագետ վարձեցինք, որպեսզի հասկանանք հարցի էությունը, եւ փորձագետի նշումները ցույց են տալիս, որ ոչ միայն հեռավորությունը չի պահպանվել, այլեւ այն տեղը, որ վավերացրել ու թույլտվություն է տրվել, այդ տեղից էլ են շեղվել։ Այսինքն, մի քանի շեղումներ կան, եւ մենք հորդորում ենք, պահաջում ենք, որպեսզի քաղաքապետարանից եւ պատկան մարմիններից գան ու իրենց տված թույլտվությանը հետեւեն ու տեսնեն՝ արդյոք այդ թույլտվությունն օրինակա՞ն է, թե՞ ոչ»,- նշում է Ա․ Հովհաննիսյաննը։

«Օրրանի» հիմնադիրն ասում է՝ իրենք դեմ չեն կառուցապատմանը, բայց դեմ են այն շինարարությանը, որն այսօր տեղի է ունենում եւ որն ապօրինի է․ «Հետո՝ սա շատ լուրջ խնդիրներ է ստեղծում նաեւ հակահրդեհային առումով, քանի որ յուրաքանչյուր օր հարյուրավոր երեխաներ են այստեղ գալիս, դուք պատկերացնո՞ւմ եք, եթե լինի հրդեհ կամ երկրաշարժ, այն դեպքում, որ իրենք ամբողջությամբ փակել են մեր պատուհանները, մենք ինչպե՞ս պետք է այս հարցը լուծենք եւ ապահովենք երեխաների կյանքի անվտանգությունը։ Ես զարմանում եմ, թե ինչու քաղաքապետարանը կամ վերահսկողական մարմինները չեն պատասխանում մեր նամակներին եւ չեն գալիս զննելու, որովհետեւ եթե որեւէ ներկայացուցիչ գա ու նայի իրավիճակը, կտեսնի, թե ինչ լուրջ խնդիրներ կան այստեղ։ Ես ուզում եմ շինարարության կասեցում, որովհետեւ հոկտեմբերի 4-ին եմ նամակը գրել, իսկ մինչեւ այդ չէր երեւում, որ այդքան մոտ են մեզ կառուցում, բայց երբ այդ բետոնե սյուները դրեցին, տեսանք, որ նույնիսկ ձեռքով ենք կարողանում դրանք բռնել։ Ինչքան հասկանում եմ, քաղաքապետարանը թույլտվությունը տվել է մինչեւ դեկտեմբերի 15-ը, իմ խնդրանքն է լինելու, որ չերկարացնեն իրենց շինթույլտվությունը, եւ չշարունակվի այս ապօրինությունը։ Այլ հարց է, թե ինչու քաղաքապետարանը եւ կառավարական այլ մարմինները հետաքրքրված չեն այս ապօրինությունը կանխելու հարցում»։

Տիկին Արմինեն լրագրողներին ուղեկցում է մանուկների համար նախատեսված հոգեբանի սենյակը, որի պատուհանն ամբողջությամբ փակված էր վեր խոյացող շենքի հիմքերով։ «Մինչդեռ այս սենյակը նախատեսված է այն երեխաների համար, ովքեր լուրջ հոգեբանական խնդիրներ ունեն, պատերազմ են տեսել, եւ պատկերացնո՞ւմ եք, մենք փորձում ենք երեխային օգնել, աջակցել, բայց նա պատուհանից դուրս տեսնում է ոչ թե երկինք, ոչ թե արեւ, այլ՝ պատ»,- ասում է Ա․ Հովհաննիսյանն ու նկատում, որ 2000-ին կառուցված շենքն իր հարկի տակ հազարավոր երեխաների, մեծահասակների է օգնել, իսկ վերջին շրջանում նաեւ Ացախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են գալիս ու օգնություն ստանում։

Կառուցապատողն այս ընթացքում փորձել է իրենց հետ համաձայնության գալ, բայց, ըստ նրա, այս հարցում կառուցապատողի հետ համաձայնության գալն «անբարոյականություն կլինի»․ «Սա այն հարցը չէ, որտեղ կարող ես կոմպրոմիսի գնալ, այն էլ՝ երեխաների կյանքի հաշվին։ Այս շենքը կառուցվել է նվիրատուների, սփյուռքահայերի ներդրումներով եւ այս շենքը պատկանում է «Օրրանին», այսինքն՝ անձնական սեփականություն չէ, եւ ես ոչ մի իրավունք չունեմ մեր երեխաների կյանքը վտանգի տակ դնեմ եւ այդ մարդկանց ներդրումն ինչ-որ ձեւ նսեմացնեմ։ Այստեղ շատ լուրջ անվտանգային հարցեր կան, ի վերջո՝ մենք երեխաների կյանքի մասին ենք խոսում, եւ այդտեղ կոմպրոմիս չի կարող լինել։ Պետք է փաստել, որ տեղի է ունենում ապօրինություն՝ թե՛ կառուցապատողի, թե՛ քաղաքապետարանի կողմից»։

Շինհրապարակը տեսախցիկների ու լրագրողների ներկայությունից միանգամից դատարկվեց, միայն մի տղամարդ ընդառաջ եկավ ու սկսեց ագրեսիվ ձեւով խոսել․ «Ղարաբաղ, խի՞ էսքան չէիք նկարում, արա, գնայիք Ղարաբաղ նկարեիք․․․»։

Թե հասարակական նշանակության ինչ օբյեկտ է լինելու, տղամարդը հորդորեց սպասել՝ տեսնել, բայց միանգամից էլ պայթեց, երբ ներկաներից մեկը նկատեց, թե ասում են՝ ռեստորան է լինելու։ «Չէ, մանկատուն ենք սարքելու, ապե․․․»,- նետեց տղամարդը, ով չցանկացավ ներկայանալ եւ թույլ չէր տալիս, որ իրեն նկարահանեն, միայն նշեց, որ ընկերոջ «օբյեկտն» է, եկել է «տիրություն անի»՝ միաժամանակ պարբերաբար առաջին դեմքով խոսելով․ «Սաղ ձեզի կարելի է, մեզի բան չի կարելի՞, էս ի՞նչ երկիր ա, արա, հիմա խի՞ եք եկել, երբ կատլավանը քանդած էր, գայիք կանգնացնեիք, հիմա շենքը սարքել կանգնացնում ենք, եկել եք նկարում եք, ի՞նչն եք նկարում ․․․․ թող պրինցիպի չքցի, պրինցիպի քցեց, էս շենքը քանդել ենք տալու ու 3 մետր էն կողմ ենք գնալու»։ Եթե ինքը սեփականատերը չէ, ինչո՞ւ է ընկերոջ փոխարեն նման հայտարարություն անում։ «Պրավակացիաներ մի արեք, ես ասում եմ, որ պետք լինի, կարելի ա օրինական ձեւերով քանդել, թող տանի 6 մետր էն կողմ սարքի․․․ դուք ասում եք՝ մոտիկ եք սարքել, բա ինքն ինձ ինչի՞ ա մոտիկ սարքել, ստեղ սեփական տուն ա եղել, որ իրանք իրանց շենքը սարքել են, էդ ինքն էր պարտավոր իրա շենքը 6 մետր էն կողմ սարքել իմ պատից»։

Ինչ վերաբերում է սեյսմիկ անվտանգության նորմերին, տղամարդը նկատեց․ «Ազիզ ջան, ստեղ որ երկրաշարժ լինի, էս սաղ կբլի, բայց էս շենքը չի բլի, հասկացա՞ք, որովհետեւ սա շատ ամուր ա սարքած ու ընդամենը 6 մետր բարձրություն ունի»։

Ի դեպ, լրագրողներին մոտեցավ նաեւ կառուցվող շենքի անմիջապես կողքի սեփական տան բնակիչ Անուշ Գրիգորյանը, ով նշեց, որ կառուցապատման արդյունքում ամբողջությամբ ճաքճքել է իր տունը․ «Երբ սկսեցին այդտեղի տանիքները քանդել, պապաս անկողնային պառկած էր, պապայիս վրա ծեփ թափվեց, առաստաղը ճաքճքեց, որովհետեւ մեր տունը 1860-ի շինություն է, ու մի փոքր ցնցումն էլ բավական էր հիմքերը վնասելու համար»։