Այս ամենի հետ օքե՞յ եք

Այս ամենի հետ օքե՞յ եք

Շատ տհաճ են բոլոր այն ծեքծեքումները, թե Արցախը հանձնեցին, իսկ երեւանցիները Սարյան փողոցում գինի են խմում, սրճարան ու կինո-թատրոն գնում: Անգամ հիտլերյան օկուպացիայի ժամանակ եվրոպական քաղաքներում մշակութային կյանք է եղել, մարդիկ են ծնվել, գյուտեր են արվել, երգեր են գրվել: Կյանքը կանգ չի առնում, որքան էլ որ ողբերգական օրեր ապրեն տվյալ երկիրն ու նրա բնակչությունը: Բայց նույնքան տհաճ են այն վայ-մտավորականները, երբ բոլորիս հուզող հարցը Կիրանցն է, «սահմանազատման» անվան տակ արվող զիջումները, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը եւ մեր երկրի ապագան, իսկ իրենք գրում են. «Երեկ դուրս եկա պատշգամբ եւ երկնքում ընկնող ասուպ տեսա...», կամ` «վայ, էս ինչքան տառասխալներով եք գրում ձեր ստատուսները` աչքերս ցավեցին, հոգիս տնքաց, մի քիչ աշխատեք ձեր գրագիտության վրա, անհարմար է»:

Կան մարդիկ, որոնք 10 օր շարունակ Ալավերդու եւ Սանահինի փլված ճանապարհների նկարներն են տեղադրում համացանցում, աջակցելու, Լոռի մեկնելու կոչեր անում, իբրեւ թե կարեկցում են աղետի մատնված մեր հայրենակիցներին, իսկ երբ Կիրանցի ժողովուրդը պատեպատ էր ընկնում, մղկտում, որ իրենց գյուղը երկու կես են անում, թշնամուն բերում, դպրոցից 50 մետրի վրա կանգնեցնում, ոչ մի ծպտուն չէին հանում, կարծես իրենք հայ չեն, Հայաստանում չեն, չեն տեսնում, չեն լսում այդ ամենը: Իհարկե, խոսքի ազատություն է, եւ մարդն ինքն է որոշում` իր երեխայի հետ տափակ երկխոսությունը ներկայացնի համացանցում` ընկերներին զվարճացնելով, ապաքաղաքական բանաստեղծություններ գրի, թե հայրենիքի ապագայով մտահոգվի: Բայց մտավորականը, որը ստեղծագործում է` նկարում է, գրում, երաժշտություն ստեղծում, չի կարող իր ազգի դարդուցավով չապրել ու ձեւացնել, թե ամեն ինչ օքեյ է: