Չախալյանի նկատմամբ ցանկանում են քրեական հետապնդում իրականացնել

Չախալյանի նկատմամբ ցանկանում են քրեական հետապնդում իրականացնել

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապօրինի քրեական հետապնդման փորձը պիտի կանխվի։
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի խաղաղ բողոքի ակցիայի ավարտից հետո մեր 2 գործընկերներին բերման են ենթարկել, որոնցից Վահագն Չախալյանի նկատմամբ ցանկանում են քրեական հետապնդում իրականացնել:

ՀՀ ոստիկանություն և ՀՀ գլխավոր դատախազություն, հիշեցնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի մեջ որևէ հանցակազմ չի կարող լինել, նույնիսկ՝ ինքնիրավչության: Ավելին, «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված հավաքների անցկացման համար արգելված վայրերի ցանկում մետրոյի կայարանները նշված չեն: Հիշեցնում եմ նաև, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ժամանակին այս բողոքի ակցիան իրականացրել ու քրեական հետապնդման չի ենթարկվել:
Իսկ եթե կորոշեք շինծու քրեական գործ հարուցել, ապա տեղեկացնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը ես եմ»:

Նշենք ,որ «Ազատագրում շարժումը» այսօր իր հերթական բողոքի ակցիան էր իրականացնում , մետրոն որոշ ժամանակ կաթվածահար էր։

Նշենք նաեւ, որ Վահագն Չախալյանը դեռ շաբաթ առաջ էր միայնակ կանգնում կառավարության շենքի մոտ ու պահանջում,որպեսզի կառավարությունը հրապարակի, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Փաշինյանը։ Չախալյանին օրը երկուսից երեք անգամ բերման էին ենթարկում։