Փաշինյանը «զադնի է դնու՞մ»․ Արցախում տարակուսած են

Փաշինյանը «զադնի է դնու՞մ»․ Արցախում տարակուսած են

«Արցախը Հայաստան է և վերջ»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս արտահայտությունը փոթորիկ է բարձրացրել ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Արցախում:

Պաշտոնական Բաքուն,ինչպես հայտնի է, օգոստոսի վեցին Փաշինյանի ելույթից անմիջապես հետո հայտարարեց, որ վճռականորեն դատապարտում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է և վերջ»:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը, ի պատասխան, ասել է. «Լեռնային Ղարաբաղը՝ դա Ադրբեջան է: Դա մեր պատմական և անբաժանելի հողն է»:

Նրա խոսքով՝  նման «սադրիչ» կոչերով Հայաստանի ղեկավարությունը տարածաշրջանը դնում է լուրջ ճգնաժամի եզրին: Մեր տեղեկություններով՝ Արցախում էլ խանդավառված չեն այս հայտարարությամբ: Թվում է՝  Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը բխում է ոչ միայն յուրաքանչյուր արցախցու, այլեւ հայի սրտից՝ Հայաստանն ու Արցախը վերջապես միասնական տեսնելու վերաբերյալ, սակայն «ռեալ պոլիտիկայի» շրջանակներում այն,ըստ ամենայնի, փոխում է Արցախի բանակցային գործընթացում պաշտոնական Հայաստանի կողմից տակտիկական փոփոխությունը:

Բանն այն է, որ վարչապետության հենց սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախն ինքը պետք է բանակցի՝ շեշտում Արցախի սուբյեկտայնությունը, իսկ հիմա այս հայտարարությամբ փաստացի ասում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, այսինքն՝ ի՞նչ իմաստ կա Արցախի ներգրավվմանը բանակցային գործընթացում, հետեւաբար կարծում են՝ Փաշինյանը «զադնի է դնում» ու չի պնդելու Արցախին բանակցային սեղան վերադարձնելու իր տեսլականը: