«Պադաչկաների» քաղաքականությունը՝ փրկօղա՞կ

«Պադաչկաների» քաղաքականությունը՝ փրկօղա՞կ

Նիկոլ Փաշինյանն ինչ-որ գրառում էր կատարել՝ արցախցի փախստականների համար աջակցության ֆինանսական նոր ծրագիր սկսելու մասին: «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր: Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում, բացի բնակության եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50 հազարական դրամ»,- գրել է ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում: Կարդում ու մտածում եմ՝ ինչպիսի սրտառուչ քայլ՝ նոյեմբերի 9-ին ընդառաջ: Այլ իրավիճակներում ես սա կանվանեի կապիկություն, բայց հիմա ստիպված եմ խոստովանել՝ էլի բան է, չեղածից լավ, կարող էր դա էլ չլինել: Տուն-տեղ կորցրած մարդիկ են, աշխատանք չունեն, բայց ուտել պետք է… Իսկ եթե այնպես ստացվի, որ արցախցիների կարիքների ֆինանսավորումը հասցվի նաեւ ՀՀ քաղաքացիների կենսապահովման նվազագույն զամբյուղին, ավելի լավ կլինի:

Բա հայ ենք, բա պիտի իրար օգնենք: Ու մեկ էլ Նիկոլ Փաշինյանի համապատասխան մինիստրը հանդես եկավ պարզաբանմամբ, թե այն արցախցիները, որոնց բանկային քարտերի վրա բավականին գումար կա, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար նշված 50 հազարական դրամները չեն ստանա: Այ, այստեղ արդեն չկարողացա չասել՝ կապիկություն: Այդ ինչքա՞ն գումարներ կան մարդկանց քարտերին, որոնք կարող են փոխհատուցել այդ մարդկանց՝ Արցախում թողած ունեցած-չունեցածը՝ բնակարան, հող, անասուններ, բիզնես, կահկարասի եւ այլն: Դեռ չեմ խոսում վերջին ընդհարումների ժամանակ հարազատներին կորցրած արցախցիների մասին: Եվ ի՞նչ է ստացվում՝ այն արցախցիները, որոնց քարտերին կան որոշակի գումարներ, փախստական չե՞ն, զբոսաշրջությա՞ն են եկել Հայաստան: Աշխատանք են խոստանում… Այդ խոստումից ՀՀ քաղաքացիներին էլ են տվել, եւ մնում է, որ կատարեն:

Ի՞նչն է ստիպել ՀՀ կառավարությանը՝ այսպիսի կիսատ-պռատ, բայցեւ սրտառուչ քայլ կատարել արցախցիների հանդեպ: Իմ կարծիքով՝ վախը: Հակառակ պարագայում ոչինչ էլ չէին տա: Մենք հո գիտենք, թե գումարներն ինչպես է խժռում Նիկոլ Փաշինյանի երիտասարդ եւ լայնախորժակ վարչակարգը: Վերահսկողություն կա՞ որպես օգնություն Հայաստան մտնող գումարների կամ ապրանքների վրա՝ ինչպես են դրանք տնօրինվում, ինչպես են հասնում իսկական հասցեատերերին: Փաշինյանն ասում է՝ բյուջեից երկու ամիս 50 հազարական դրամ ենք տալու յուրաքանչյուր արցախցու, եթե բանկային քարտին համապատասխան չափով գումար չունի: Իսկ ինչպե՞ս այդ գումարները հայտնվեցին բյուջեում: Օդի՞ց: Բացատրություն չկա: Եվ, ուրեմն, Փաշինյանն ինչ-որ վախերից դրդված է ձեռքը գրպանը տարել: Արցախցիները դժգոհ են, նրանց համար անհասկանալի են Եվրախորհրդարանի ամբիոնից Փաշինյանի արած հայտարարություններն այն մասին, թե բոլորին ընդունել են, տանիք են տվել, հոգսերն են հոգում, ու դեռ մի 100 միլիոն դոլար էլ պետք է: Մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում այդ ամենը: Թվում է՝ պետություն կա, բայց այնպես էլ չէ, որ այդ պետության ղեկավարներն այն աստիճանի վստահություն չեն վայելում արցախցիների շրջանում, որ արցախցիները նրանց ասածները հալած յուղի տեղ ընդունեն: Եվ արդեն իսկ տեղի ունեցած բողոքի ցույցերին կհետեւեին նոր ցույցեր, եթե ՀՀ իշխանությունները չփորձեին արցախցիների բողոքը մեղմել այսպիսի կոսմետիկ հնարքներով:

Երեւանում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ կազմակերպված սադրանքը ցույց տվեց, որ Փաշինյանին եւ նրա խամաճիկ գործիքներին չի հաջողվելու պառակտել արցախցիներին ու հանել սեփական իշխանությունների դեմ: Իսկ մի փոքրիկ սադրիչ խմբով շատ հեռուն չես գնա: Փաշինյան-Բաբայան զույգի քաղաքական «տրյուկը» կատարյալ ֆիասկո կրեց: Չուշացան նաեւ արտաքին քաղաքականության մեջ նոր տապալումները: Պարզվեց, որ Հայաստանը կարող է ԵՄ-ին մոտ լինել ոչ թե այն չափով, որքան ԵՄ-ն հարկ կհամարի, այլ այն չափով, որքան Հայաստանին թույլ կտան տարածաշրջանի երկրները, ի մասնավորի՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան եւ Ադրբեջանը: Իրանը բաց տեքստով հայտարարեց, որ թույլ չի տա որեւէ արտատարածաշրջանային ուժի քաղաքականություն ճշտել Հարավային Կովկասում: Դե, իսկ ռուսական հեռուստատեսությունն էլ չուշացրեց հայտարարել, թե 3+3 ձեւաչափում ով է «արտատարածաշրջանային» կենտրոնի դրածոն ու գործիքը:

Թեհրանում Արարատ Միրզոյանի «անտերուդուս» կարգավիճակն ամենացայտուն վկայությունն էր այն բանի, որ հենց Հայաստանին են համարում «օտարների մեջ յուրային եւ յուրայինների մեջ օտար», հետեւաբար՝ նաեւ ամենաանվստահելի «գործընկեր»: Հայաստանի իշխանություններն իրավունք կունենային տարածաշրջանի իրենց գործընկերներից նեղանալու, եթե Արցախի հանձնումն ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային տարածաշրջան բերելու գործն իրենք կազմակերպած չլինեին: Այսօր արդեն ուշ է նեղանալու համար: Փաշինյանի եվրոպական ճառը փրկվելու մի հուսահատ ճիգ էր, որը, սակայն, ավելի խորացրեց նրա հանդեպ երեկվա դաշնակիցների անվստահությունը:

Ի՞նչ անի Նիկոլ Փաշինյանն ստեղծված իրավիճակում՝ ԵՄ գրկից թռչի հետ՝ Ռուսաստանի ու Իրանի գի՞րկը: Ի վերջո, նրա գլխավոր մտահոգությունը պաշտոնը պահելն է, այնպես չէ՞: Իսկ գուցե ճիշտն այն է, որ «խելագա՞ր» խաղա: Նրա մոտ դա լավ է ստացվում, բայց դրա համար նաեւ ներքին խաղաղություն է պետք, ինչն այսօր Հայաստանում չկա՝ հայ ժողովրդի ապագայի անորոշության պատճառով: Եվ, ահա, Փաշինյանը փորձում է, շատ ներողություն, «պադաչկաների» միջոցով հանդարտեցնել հասարակական հուզումները: Սկսել է արցախցիներից՝ ում չի սիրում ամենաշատը, ում մեղավոր է կարգել իր բոլոր անհաջողությունների համար: