Փաշինյանն արցախցիներին զրկել է ոչ միայն հայրենիքից, այլեւ՝ սեփականությունից

Փաշինյանն արցախցիներին զրկել է ոչ միայն հայրենիքից, այլեւ՝ սեփականությունից

Նիկոլ Փաշինյանն ուզում է Արցախի հանձնման մեղքը գցել Սամվել Շահրամանյանի վրա, որ ազատվի պատասխանատվությունից. այդպես են մտածում գրեթե բոլորը՝ տեսնելով, թե ինչ ջանասիրությամբ են Փաշինյանի ենթականերն անվերջ պնդում, որ չլիներ Շահրամանյանի` Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրը, Արցախը շարունակելու էր գոյությունը, եւ 100 հազարից ավելի արցախցիներ էլ շարունակելու էին ապրել իրենց տներում: Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը բառացիորեն ասում է, որ Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի արդյունքում է Արցախը հայաթափվել. «Պետք է պարզել՝ ինչ ստորագրվեց, ում կողմից թելադրվեց, ինչ էր գրված, եւ արդյունքը նա էր, որ Արցախն այս պահին հայաթափված է»: 

Սամվել Շահրամանյանին Արցախը հանձնելու հիմնական մեղավոր եւ պատասխանատու հռչակելը, բացի քարոզչականից, ունի նաեւ շատ կոնկրետ կիրառական նպատակ. Փաշինյանը հասկանում է, որ շատ շուտով արցախցիները դուրս են գալու շոկային վիճակից եւ երբ սկսեն մտածել, թե ինչպես են ապրելու եւ, ամենակարեւորը` որտեղ են ապրելու, Հայաստանի իշխանության առաջ դնելու են իրենց ունեցվածքի փոխհատուցման հարցը, եւ հենց այդ դեպքի համար է Փաշինյանին պետք գալու Սամվել Շահրամանյանը: Փաշինյանն ասելու է, որ ինքը չի հանձնել Արցախը, որ դրա համար պատասխանատվություն կրի, ասելու է` գնացեք փոխհատուցում պահանջեք նրանից, ով լուծարել է Արցախը, ձեր բնակարանները եւ անշարժ ու շարժական գույքը հանձնել Ադրբեջանի տնօրինմանը:


Հայաստանի կառավարությունը հոկտեմբեր ամսվա համար 100 հազարական դրամ օգնություն տրամադրեց արցախցիներին՝ դրանով մեղմելով նրանց դժգոհությունը: Փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Խաչատրյանը երեկ ասել է, որ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների համար էլ կառավարությունը 50 հազարական դրամ կտա արցախցիներին, իսկ դրանից հետո, ըստ Խաչատրյանի, «մարդիկ իրենց առաջին անհրաժեշտության ծախսերի հետ կապված հարցերը լուծած կլինեն եւ, հունվար ամսից սկսած, այս աջակցության կարիքը չեն ունենա»: Խաչատրյանի հայտարարությունը նշանակում է, որ հունվարից արցախցիներն այլեւս չպետք է սոցիալական աջակցության հույս ունենան, թող այս ընթացքում իրենց համար աշխատանք գտնեն եւ ինքնուրույն լուծեն իրենց կարիքները, իշխանությունը լվանում է ձեռքերը` իր գործն ավարտած համարելով: 

Արցախցիներն իրենց կարիքներն ինքնուրույն լուծել չեն կարողանալու, այն պարզ պատճառով, որ նրանց հիմնական մասը չի կարողանալու ինտեգրվել Հայաստանի աշխատաշուկային: Նրանց մի մասը պետական ծառայողներ էին, մյուսները` զինծառայողներ: Հայաստանի պետական կառավարման համակարգն առանց այն էլ գերուռճացված է. պետական ծառայողներին գրկաբաց չեն սպասում: Արդարացի կլիներ, եթե Արցախը հանձնած, երկրի կառավարումը տապալած կառավարիչները` վարչապետից սկսած, տեղակալներով, նախարարներով, աշխատանքից ազատման դիմում գրեին եւ իրենց տեղը զիջեին արցախցիներին, այդ դեպքում նրանք սոցիալական աջակցության կարիք չէին ունենա, բայց նման բան չի լինի: Զինծառայողներին եւս Հայաստանի զինված ուժերում ծառայության չեն վերցնի. Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ անում է՝ բանակը կազմալուծելու համար․ փորձում է եղած զինծառայողներից ազատվել` տարբեր տեսակի ատեստացիաներ կազմակերպելով, որոնց իրական նպատակը զինծառայողների հետ պայմանագրերը չթարմացնելն է, ուր մնաց՝ արցախցիներին վերցնեն ծառայության: Ոստիկանության աշխատակիցներին էլ աշխատանք չեն տա` նրանք կարող են անցնել ժողովրդի կողմը կամ վատ ցրել միտինգները:

Արցախցիների մեծ մասը գյուղաբնակներ էին, վաստակում էին հող մշակելով եւ անասնապահությամբ. հիմա նրանք ո՛չ հող ունեն, ո՛չ անասուններ, ինչպե՞ս պետք է հողազուրկ եւ ունեզուրկ գյուղացին եկամուտ ստանա: 
Հունվարին, երբ հայրենիքի, սեփական տան կորստի ցավը վերջնականապես գիտակցվի, երբ արցախցիները հասկանան, որ մնացել են փողոցում` իրենց խնդիրների հետ միայնակ, որ ո՛չ տուն վարձելու, ո՛չ սննդի գումար ունեն, այդ ժամանակ կգտնեն իրենց վիճակի համար մեղավորներին: Փաշինյանը հենց այսօրվանից նրանց պատրաստի լուծում է առաջարկում. ասում է` ձեր կորուստների մեղավորը Սամվել Շահրամանյանն է: Նա արցախցիներին սովորեցնում է այն տեղը, որտեղ պետք է հավաքվել, երբ սոված հայտնվեն փողոցում եւ չիմանան, թե ուր գնալ կամ ումից հացի փող ուզել:

Փաշինյանը հասկանում է, որ արցախցիներին ոչ թե ողորմության 100 հազար դրամ, այլ իրական փոխհատուցում վճարելու համար միլիարդ դոլարն էլ քիչ կլինի: Արցախից տեղահանվել է մոտավորապես 20 հազար ընտանիք: Ամենահամեստ հաշվարկներով` նրանց բնակարանային փոխհատուցում տալու համար կպահանջվի 1,5 միլիարդ դոլար, եթե հաշվենք մեկ միջին բնակարանի գինը 75 հազար դոլար: Փաշինյանն ամեն ինչ անում է, որ բյուջեի իրական ծախսերը կրճատի` խնայողություններ բանակի, կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտի վրա, որ խնայած գումարն իրենք վայելեն, ինչո՞ւ պետք է 1,5 միլիարդից հրաժարվի` հօգուտ արցախցիների: Նա այդ քայլին կգնա միայն այն դեպքում, երբ իր իշխանության գոյությանն իրական վտանգ սպառնա, երբ 100 հազար արցախցի հավաքվի կառավարության շենքի մոտ եւ պահանջի, որ իրենցից յուրաքանչյուրին կառավարության շենքից եւ մյուս պետական կառույցներից մեկական սենյակ հատկացնեն բնակության համար, մինչեւ պետությունը կհոգա իրենց բնակարանային կարիքները:

Ավետիս Բաբաջանյան