Ոչ թե բազմաբեւեռ, այլ հավասար հեռավորության քաղաքականություն

Ոչ թե բազմաբեւեռ, այլ հավասար հեռավորության քաղաքականություն

Այսօր Հայաստանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում ամենաակտիվ քննարկվողն արտաքին քաղաքականությունն է: Ռուսաստա՞ն, թե՞ Արեւմուտք, բազմաբեւեռականությո՞ւ, թե՞ դրանից շեղում․ ահա այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող ներհայաստանյան քնարկումների ողջ տրամաբանությունը:
Եթե ընդդիմությունն այս առումով իշխանություններին մեղադրում է արտաքին քաղաքականության բազմաբեւեռականության դեմ մեղանչելու մեջ, ապա իշխանությունն էլ, իր հերթին, ընդդիմության վրա է բարդում բազմաբեւեռականության բովանդակությունը խեղաթյուրելու, այն չափից շատ ռուսականացնելու մեղքը: Իրականում ո՛չ ընդդիմությունն է ասում ճշմարտությունը եւ ո՛չ էլ իշխանությունն է վատ զգում կես ճշմարտությունն ասելուց:

Մեր երկրի պրոբլեմն այս իմաստով ո՛չ բազմաբեւեռականության դեմ մեղանչելը եւ ո՛չ էլ այն չափից շատ ռուսականացնելն է: Այս երկրի պրոբլեմը հենց բազմաբեւեռականությունն է: Իրականում` բազմաբեւեռականության քաղաքականությունից հավասար հեռավորության քաղաքականության անցնելու կարողությունը, ահա այն, ինչը պետք է գեներացվի այսօրվա Հայաստանում: Իհարկե, երբ մենք խոսում ենք բազմաբեւեռ քաղաքականությունից հավասար հեռավորության քաղաքականության անցնելու կարողության գեներացման մասին, դա չի նշանակում, որ խոսում ենք միայն բոլորին մերժելու մասին: Խոսքն այս առումով միաժամանակ ե՛ւ բոլորին մերժելու, ե՛ւ բոլորի հետ համագործակցելու կարողության մասին է: Այլ խոսքով, բազմաբեւեռականության քաղաքականությունից հրաժարումը եւ հավասար հեռավորության քաղաքականության որդեգրումը նշանակում է բոլոր բեւեռների հետ միաժամանակ լինել ե՛ւ հավասարաչափ հեռացված, ե՛ւ հավասարաչափ մոտ:

Տեսեք` բազմաբեւեռ քաղաքականությունում շեշտադրվողը համագործակցությունն է եւ այն էլ՝ ոչ մի բանով չսահմանափակված համագործակցությունը: Իսկ ինչու է մեզ թվում, որ հիմա, երբ աշխարհաքաղաքական բեւեռները միմյանց դեմ գտնվում են փաստացի պատերազմի մեջ, մենք միայն մեր «բազմաբեւեռականության անմեղության» մասին անվերջ խոսելով կկարողանանք նրանց համոզել, որ մյուսի հետ մեր համագործակցությունը ոչ թե իր հետ մեր հարաբերությունների հաշվին, այլ ի լրումն դրան է արվում: Եթե մեզ իրոք այդպես է թվում, ուրեմն շատ վատ է: Եվ շատ վատ է ոչ միայն բեւեռների միջեւ գոյություն ունեցող այսօրվա հարաբերություների վիճակի, այլ նաեւ «ոչ իրենց հետ ունեցած հարաբերությունների հաշվին» նարատիվի մեկնաբանության պատճառով: Ինչպես ժողովրդական իմաստնությունն է ասում՝ «մեկը տերտերին է սիրում, մյուսը` տերտերի կնոջը»:

Հարցը բոլորովին այլ կերպ է դրվում` երբ մենք խոսում ենք հավասարահեռ քաղաքականության մասին: Այլ կերպ, որովհետեւ այդ դեպքում մենք շեշտադրում ենք ոչ թե համագործակցության, այլ չհամագործակցելու (եւ այն էլ բոլորի հետ չհամագործակցելու) մեր սահմանները: Բոլորի հետ չհամագործակցելու սահմանների այդ ճշտումը բոլոր կողմերի համար Հայաստանի քաղաքականությունը ոչ միայն հասկանալի, այլ նաեւ վստահելի քաղաքականություն կդարձնի:
Արեւմուտքում կհասկանան, որ հանուն Արեւմուտքի հետ հարաբերությունների սերտացման Հայաստանը չի անի քայլեր, որոնք կարող են վտանգել Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի հետ ունեցած իր հարաբերությունները, իսկ Ռուսաստանում էլ կիմանան, որ հանուն հայ- ռուսական հարաբերությունների ավելի սերտացման Հայաստանը չի միանա հակաարեւմտյան եւ ոչ մի գործընթացի: Նրանց բոլորին պարզ կլինի, որ Հայաստանը ոչ մեկի հետ չի համագործակցի Իրանի դեմ, իսկ Իրանում էլ համոզված կլինեն, որ հանուն Իրանի հետ հարաբերությունների Հայաստանը չի փչացնի իր հարաբերությունները ո՛չ աշխարհաքաղաքական կենտրոնների եւ ո՛չ էլ այլ պետությունների հետ:

Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, որ այսպիսի քաղաքականությունը Հայաստանի վրա շատ թանկ նստող քաղաքականություն կարող է լինել: Գուցե: Մենք դա չենք կարող ասել: Բայց մեզ պակաս ճշմարտանման չի թվում եւ այն, որ այդ քաղաքականությունը կարող է նաեւ Հայաստանին շատ մարտահրավերներից ապահովագրող քաղաքականություն լինել: Կարող է, որովհետեւ այն իր մեջ առնվազն Հայաստանն աշխարհաքաղաքական կենտրոնների հակամարտության թատերաբեմի չվերածելու հսկայական ներուժ ունի:
Իսկ որ դա կարեւոր ներուժ է՝ կարող ենք տեսնել Ուկրաինայում եւ նրա օրինակով:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ