Արձագանք Նիկոլի ֆեյսբուքյան գրառմանը

Արձագանք Նիկոլի ֆեյսբուքյան գրառմանը

Հերթական անգամ նիկոլական սուտն ու կեղծիքը բացահայտելու և այն հանրությանը ներկայացնելու նպատակով որոշեցի պարբերություն առ պարբերություն արձագանքել ՀՀ վարչապետ պաշտոնից կառչած Փաշինյան Նիկոլի ֆեյսբուքյան գրառմանը: Այն նվիրված է, այսպես կոչված, քաղաքացու օրվանը: Եվ որպեսզի այս տեքստում չտեղադրեմ վերջինիս գրառումը՝ տալիս եմ դրա հղումը.: 

Արձագանք առաջին պարբերությանը. Հայաստանի ժողովուրդը չի կարող լինել Նիկոլի սիրելին, քանի որ Արցախը թշնամուն հանձնելու նպատակով, ինչպես 2019 թվականի աշնանը բացահայտվել էր Լապշին-Հոխիկյան խոսակցության ընթացքում, Նիկոլը չէր գնա մի քանի հազար զոհ տալու գնով դրա իրականացմանը: Դա՝ մեկ, և երկրորդ՝ ՀՀ քաղաքացիները տեսականորեն անգամ այսօր չեն կարող լինել հպարտ, քանի որ պատերազմում խայտառակ պարտություն կրած գերագույն հրամանատար Նիկոլը զրոյացրեց նախկինում իսկապես գոյություն ունեցող հպարտությունը: Ինչ մնում է մեր երկրի, այսպես կոչված, ժողովրդավարական էությանը, ապա նույն այդ ժողովուրդը կամ, ինչպես Նիկոլն է ձևակերպում, քաղաքացիների հավաքականությունը տեսականորեն կարող էր լինել իշխանության միակ աղբյուրը և կրողը, եթե իրականում իշխանության եռաթև՝ խորհրդարանական, գործադիր և դատական, ողջ համակարգը Նիկոլը չկենտրոնացներ իր ձեռքում: Այդպիսի ժողովրդավարություն գոյություն ունենալ ուղղակի չի կարող:

Արձագանք երկրորդ պարբերությանը. թե ինչպիսին էր 2018 թվականի, այսպես կոչված, ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, տեղյակ է յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ ծանոթ է հայաստանյան իրականությանը, օժտված է քիչ թե շատ գրագիտությամբ ու կարդացածը, տեսածն ու լսածը վերլուծելու կարողությամբ: Ինչ մնում է համապետական կամ տեղական մակարդակի ընտրությունները չկեղծելուն, ապա 2021 թ.-ի հունիսի 20-ի քվեարկության կեղծիքները ներկայացվեցին ՀՀ սահմանադրական դատարան: Բայց քանի որ Հայաստանում բազմաթիվ անգամ կատարված ընտրական կեղծարարությունը նախկինների օրոք երբեք պաշտոնապես չի ընդունվել, ապա չընդունվեց նաև Նիկոլի վարչապետության պարագայում: Տեղական ընտրությունների առումով էլ ասեմ, որ դրանք ոչ թե ընտրողների ազատ կամարտահայտության դրսևորումներ են, այլ բառիս բուն իմաստով խայտառակություն: Ճիշտ այնպիսին, ինչպիսին ներկայացված է Հ. Ք. Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթում: Բայց, ի տարբերություն հեքիաթի մանուկի, քպկական իշխանության միջանցքներում չգտնվեց այն միակ խիզախը, որ կարձանագրեր ընտրական խայտառակությունը՝ գոչելով՝ «Նիկոլը սուտ է խոսում»: Օրինակներ չեմ տալիս, քանի որ «Հրապարակի» ընթերցողները պետք է որ ծանոթ լինեն դրանց:          

Արձագանք երրորդ պարբերությանը. նախորդ պարբերության մեջ փաստվեց, որ եթե ընտրողների ազատ կամարտահայտությունն էր 2018 թվականի իշխանափոխության «առաջնային և առանցքային նպատակներից մեկը», ապա կարող ենք արձանագրել, որ այն լիովին տապալվեց: Ինչ մնում է Հայաստանում քաղբանտարկյալների բացակայությանը, ապա այդպիսիք չեն եղել նաև նախկինների օրոք: Եվ ինքն անձամբ ոչ թե քաղբանտարկյալ էր, այլ հանցագործ: Ուրիշ հարց, որ 2018-ի իշխանափոխությունից հետո իր և այլոց առումով իրավական ձևակերպումը փոխվեց: Այսօրվա քաղբանտարկյալների առումով, որոնք հայտնվել են ճաղերի հետևում որպես հանցագործներ, նույնը, բնականաբար, տեղի կունենա իրեն իշխանությունից հեռացնելուց հետո: Ինչ մնում է մտքերի ու գաղափարների արտահայտմանը և ընդհանրապես տեղեկատվության ազատությանը, ապա դրա իրական վիճակը կարող է գնահատել յուրաքանչյուր ոք, ով գեթ մեկ անգամ մեկ օր կնվիրի Հանրային հեռուստատեսության հաղորդումները դիտելուն: Այն կառույցի, որը սնվում է հարկատուների գրպաններից վճարված գումարներով և տեսականորեն պետք է ներկայացներ ողջ հասարակությանը:   
Արձագանք չորրորդ պարբերությանը. «44-օրյա պատերազմում և դրանից հետո աղետալի ձախողումները» ընդդիմախոսների վրա բարդելու հերթական փորձը կեղծ է՝ ինչպես իր ողջ գործունեությունը: Եթե այդ աղետները վրա հասնեին, ինչպես ինքն է ասում, «ժողովրդավարության, օրինականության, քաղաքացիական ազատ բանավեճի բացակայության և տաբուների ու կաղապարների գոյության պատճառով», ապա 44-օրյա պատերազմին ընդամենը 4 տարի առաջ նախորդած քառօրյայում մենք չէինք ստիպի Իլհամին զինադադար խնդրել Մոսկվայից: Այնպես, որ մեր ժողովրդի մեծագույն ձախողումը ոչ թե տաբուներն ու կաղապարները չհաղթահարելն էր, հաղթական քառօրյայից ընդամենը 2 տարի անց նրան փողոցային շարժման միջոցով իշխանության բերելը: Հենց դա էր մեր սխալը, ինչն ավելի վատ էր, քան հանցագործությունը՝ ինչպես դեռևս 19-րդ դարասկզբին բարձրաձայնել էր ֆրանսիացի իրավաբան Անտուան Բուլե դե լա Մերտը: Եվ եթե ժամանակին մենք չկատարեինք մեծագույն այդ սխալը, ապա այսօր կունենայինք այն, ինչ առկա էր նախկինների օրոք: Եվ չէր լինի այն, ինչ «ստացանք» Նիկոլի կառավարման շնորհիվ: 

Հ. Գ. Չեմ անդրադառնում վերջին երկու պարբերությանը, քանի որ դրանցում առկա է, նախ, արդեն ասվածի կրկնությունը. օրինակ՝ իրականում գոյություն չունեցող հպարտության «հիմնավորումը»: Եվ ապա, ավելի խելացի երևալու ջանքի դրսևորում, քան կա իրականում: