Արուս Սուրեն. Բաբուլյա Ռոզան

Արուս Սուրեն. Բաբուլյա Ռոզան

Կավատ չէր, ինչպես անունն է ասոցացվում, կին էր՝ ծեր, բայց արիստոկրատ, առաքինի կին: Մաքրակենցաղ ու մեզնից շա՜տ տարբերվող մեր հարեւանն ապրում էր միայնակ՝ շենքի առաջին հարկի մեկ սենյականոցում:
Միջին հասակի համար բավականին մեծ հողաթափեր ու կոշիկներ էր հագնում, ես էլ՝ երեխա, ներքեւից էի նայում նրան ու միշտ զարմանում էի, թե ինչու են ոտքերն այդքան մեծ: Մի քիչ դահուկների էին նման, մի քիչ էլ՝ լողի լաստերի:

Մեկը մյուսից սիրուն գլխարկներ ուներ՝ տվյալ ժամանակներին ոչ բնորոշ, նրբաոճ ու տարօրինակ, աչքերին իջնող շղարշներով, որոնք ամբողջ կյանքի ընթացքում այդպես էլ չթողեցին, որ տեսնենք նրա խորքը, հասկանանք ուրախություններն ու ցավը, իրապես ճանաչենք նրան: Տուրգենեւյան հերոսուհիների մարմնացում էր իսկական:
Հեշտ էր վիրավորում մարդուն, բառերը, անեծքները շպրտում էր թեթեւ, ձնագնդերի նման, բայցեւ բարի սիրտ ուներ: Պետք է ջանայինք այնպես անել, որ բարկացած ժամերին բերանը չբացեր: Բարեսիրտ էր անիծում:

Առավոտից երեկո գնդակ էինք խաղում, ու բակի տղաները շարունակ ջարդում էին նրա տան պատուհանի ապակին: Բացում էր բերանը, ու՝ թող ու փախիր, ինչ ասես ասում էր, գնդակն առնում էր, ծակում ու հետ շպրտում մեզ: Մոռանում էր միայն այդ հաղթական պահին ասել՝ կերա՞ք:

Մեր ուրախությունն էր, մեր ուրիշն ու օրվա տրամադրությունը: Շենքի մայրերը, որ բոլորինս էին, նկատում էին, որ նյութապես ապահովված է ապրել ժամանակին: Բաբուլյան էլ էր ասում, թե իրենց տան շուրջբոլորը սիրամարգեր կային, հազվագյուտ ծաղկանոցներ, մեծ պարտեզ, ավելին՝ հավատացնում էր, որ Ստալինի սիրուհին է եղել: Բաքվից եկած հայ էր, ու հանգիստ կարող էր բռնապետի ձեռքը դիպած լինել, լրտեսության համար չէ՞ որ կարող էր օգտագործել զարհուրելին: Այս վերջինն իմ հետահայաց ենթադրությունն է:

Նրա՝ նյութապես ապահովված, անցած կյանքի մասին հուշող մի դրվագ է հիշում մայրս:
Ընդհանուր միջանցքում մի օր տեսել է ու ասել.
- Բաբուլյա ջան, արի՛ գնանք մեր տուն, ձկան իկրա եմ տալու ուտես: 
Փոքրիկ աչքերը զարմանքից կլորացրել է ու՝
- Իկրա՞, չէ մի, քո տանն ի՞նչ գործ ունի իկրան:

Թանկարժեք ուտելիքին սովոր քիմքը կարոտել էր, որքան էլ հպարտությունը փորձել էր սաստել ներսից, բայց ոչ միայն կերել էր, լավաշի մեջ փաթաթած, մորս պարզած մի քանի երկարուկ-երջանկությունն էլ տարել էր, որ տանն ուտի: Նա ոչ մեկից ոչինչ չէր խնդրում, հազվադեպ էր ուտում որեւէ մեկի տանը, նաեւ՝ չէր վստահում, հիվանդագին կասկածամիտ էր:

Բուրում էր, միշտ բուրում էր, բայց արդեն էժանությամբ՝ սովետական թունդ օծանելիքով, այնպես, որ իրենից հետո հարեւանների՝ վերելակ նստելը մեծ խիզախում էր դիտվում բոլորիս կողմից: Տպավորություն կար, որ Բաբուլյա Ռոզային կարելի է տեսնել միաժամանակ բոլոր հարկերում, ու տեսնում էինք: Տնից տուն էր մտնում: Հարեւան ընտանիքների պատմությունները գիտեր, որովհետեւ երիտասարդ էին զույգերը, իսկ ամուսնական բարդ հարաբերություններում դեռեւս չթրծված, երիտասարդ մեր մայրերը սիրում էին լսել նրան: Կին էր, ծնվել էր հենց այդ առաքելությամբ, կին էր ու այդ տարիքին ոչ բնորոշ՝ չափից դուրս կանացի, յուրաքանչյուր շարժումն ու ժեստը մարդկային հարաբերություններում ռազմավարական նշանակություն ունեին: Չէր սիրում լինել սովորական ու չէր էլ կարող:

Ապրում էինք բոլորով ու չէինք նկատում, որ գնդակ խաղալու մեր ժամանակն անցնում է, եւ բաբուլյայի պատուհանը ջարդելու համար սերնդափոխություն է հարկավոր: Չհասցրեց նոր սերունդը: Ծերացել էր բաբուլյան այնքան, որ էլ չէինք տեսնում ներսուդուրս անելիս: Մի օր էլ իմացանք, որ «խիստ սրտացավ» հարազատներ են հայտնվել, խեղճին տարել են ծերանոց ու տունը ձեռքից առել:

Կորցրինք այդպես էլ մեր մանկության՝ Բաբուլյա Ռոզայի հետքը, որը վերջին ամիսներին մորիցս գումար էր վերցրել ու, պարտաճանաչ, ամեն ամիս բերում էր ծերանոցից, որ վերադարձնի: Ամեն անգամ մայրս հիշեցնում էր՝ պարտքով չեմ տվել, հանգիստ եղիր, իսկ նրա հպարտությունը նորից չէր ներում, ու մորս ասում էր՝ դու ո՞վ ես, որ ինձ գումար տաս, ես սովա՞ծ եմ, որ փող ես տալիս: Հետո խեղճ, բայց չարուկ նայում էր մորս ու ասում.

- Բերել եմ, բայց կլինի՞ այս ամիս էլ չտամ ու հաջորդ ամսվա մեջ վերադարձնեմ: Մայրս գլխով էր անում ու սրտացավ ժպտում, որովհետեւ մենք ողջ կյանքում նրան ջերմություն պարտք մնացինք, կեղտոտ դրամի եղածն ի՞նչ էր, որ մայրս պարտք համարեր: 

Հազար շերտ հագած, մաքուր ու բուրավետ իր ծոցում այդպես էլ քնեց նրա պարտքը: Կորավ, էլ չեկավ Բաբուլյա Ռոզան...

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ