Սեքսով զբաղվելը, կուսաթաղանթը վերականգնելը կնոջ իրավունքն է եւ դա նորմալ է

Սեքսով զբաղվելը, կուսաթաղանթը վերականգնելը կնոջ իրավունքն է եւ դա նորմալ է

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծով առաջարկվում է նաեւ օրենքով արգելել կուսության ստուգումը, քանի որ այն դիտարկվում է որպես բռնության տեսակ։

Զարուհի Բաթոյանն իր խոսքում ասում է. «Կուսության ստուգումն աշխարհում ճանաչում են որպես բռնության տեսակ, եւ մենք էլ պետք է օրենքով ամրագրենք»: Եւ ՔՊ-ական կանայք իրենց «քունն ու դադարը» կորցրած փորձում են համոզել հայ հանրությանը, որ Հայաստանում այնպիսի բարբարոսական մթնոլորտ ու բարքեր կան, որ երիտասարդ կանանց ստիպում են իրենց կույս լինելու հանգամանքը ապացուցել եւ անգամ դիմել բժիշկներին, որ իրենց այդ մասին տեղեկանքներ տան:

Ո՞վ և ինչպե՞ս է դա անում, կա՞ արդյոք նման ստատիստիկա, կին պատգամավորները չգիտեն, սակայն վստահեցնում են` եթե հայկական հեռուստասերիալներում կույս լինելու մասին այդքան խոսվում է, այդ սերիալներում կուսություն են քարոզում, ուրեմն այդ խնդիրը կա եւ պետք է դրա դեմ պայքարել: Իհարկե, չգիտես ինչու` դրա դեմ չեն պայքարում սերիալներից նման անառողջ թեմաները վերացնելու, սերիալների սցենարները շտկելու, հեռուստաարտադրանքը վերահսկելու ճանապարհով, այլ հատուկ օրենքներ են ընդունում: Իհարկե, մեզանում հին ավանդույթներով շարժվող մարդիկ էլ կան, սակայն Հայաստանը ոչ Չեչնիա է, ոչ Իրան, ոչ Աֆղանստան և հարց է առաջանում արդյո՞ք ավանդապաշտ լինել, նշանակում է լինել բռնարար: Ի վերջո, գիտակից մարդուն ո՞վ կարող է զրկել սեռական կյանքի իրավունքից, վերահսկել նրա անձնական կյանքը եւ այլն: Եւ եթե կա կուսության պաշտամունք, դա առաջին հերթին պետք է արտահայտվի կուսաթաղանթը պահպանելու բժշկական միջամտություններով:

Շատե՞րն են այսօր Հայաստանում դիմում կուսաթաղաթանը վերականգնելու` «կարելու» միջամտության համար, զրուցել ենք գինեկոլոգ-վիրաբույժ, «Նյու-Մեդ» ուրոգինեկոլոգիական կենտրոնի «Օպերատիվ գինեկոլոգիայի» ծառայության ղեկավար Արշակ Սիմոնյանի հետ:

- Արդեն մի քանի օր է՝ հայրենի պատգամավորներն իրենց բան ու գործը թողած զբաղված են հայ կանանց կուսության եւ կուսաթաղանթների հարցերով: Ասում են, թե Հայաստանում կանայք ենթարկվում են յուրօրինակ բռնության` նրանց պարտադրում են կույս մնալ, տանում են համապատասխան հետազոտության, որ համոզվեն կույս են: Կարո՞ղ եք մեզ որոշակի ստատիստիկա ասել` օրինակ, կանայք ինչ հաճախականությամբ են դիմում նման բժշկական միջամտության` կուսաթաղանթը վերականգնելու համար:

- Մեկ տարվա կտրվածքով` մեկ-երկու դեպք կարող է լինել: Կոնկրետ ինձ մոտ այդպես է, համատարած չեն դիմում: Առավել շատ այլ խնդիրներով են դիմում:

- Այսինքն` նման խնդիր իրականում չկա մեր հասարակության մեջ:

- Ըստ տրադիցիաների՝ մեր ներսում միշտ դրված է այդ հարցը: Ինչո՞ւ ոչ, պացիենտին կարելի է օգնել, եթե իսկապես կա խնդիր: Դեպքեր են լինում, որ կնոջը բռնաբարում են, երկար տարիներ լռում է ու հետո որոշում է վերականգնել կուսությունը, ինչպես վերականգնում են կոտրված ոտքը կամ քիթը: Լինում են նաև որոշակի դեպքեր, երբ կնոջ կուսաթաղանթի կառուցվածքն այնպիսին է, որ առաջին սեքսի ժամանակ արյուն չի գալիս: Այսինքն` կինը կույս է, բայց կուսաթաղանթից արյուն չի գալիս, նրանց կառուցվածքն այդպիսին է: Կան աղջիկներ, ովքեր չեն գնում հետազոտության և այդ մասին անգամ չեն էլ իմանում:

- Ասում են, որ կուսաթաղանթը կարելուց հետո այն մի քանի օր է պահպանվում, կամ գուցե մի քանի շաբաթ: Կա՞ նման բան, թե՞ դա միֆ է:

- Կան տարբեր մեթոդներ: Կա նաև մշտական վերականգնում: Դա կախված է պացիենտի ցանկությունից:

- Հավանաբար որքան երկար է պահպանվում, այնքան ավելի թանկ արժե վիրահատությունը:

- Այո, դա այն դեպքն է, երբ պետք է օգնել պացիենտին: Կան բազմաթիվ ազնիվ կանայք, ովքեր ունեցել են տղամարդ իրենց կյանքում, սակայն խաբվել են: Այնպես որ դա իրենց իրավունքն է և շատ նորմալ է:

- Իսկ ինչպե՞ս էր առաջ պատկերը:

- Չեմ կարող հիշել, չեմ ուզում ստել: Գուցե նաև պոլիկլինիկաներ են դիմում:

- Որպես բժիշկ՝ ի՞նչ կարծիք ունեք` կինը պե՞տք է նախքան ամուսնությունն ապրի ակտիվ սեռական կյանքով, թե՞ ոչ:

- Դա ավելի շատ հոգեբանական հարց է, այլ ոչ թե ֆիզիկական: Եթե կինը գտնում է, որ մինչև իր սերը գտնելը չպետք է պատահական հարաբերությունների դիմի, դա էլ է նորմալ: Սեքսը շատ հաճախ պրոբլեմներ է առաջացնում:

Արեգ Մարգարյան