Հիմա կոնվեյերով չե՞ք որոշումներն ընդունում

Հիմա կոնվեյերով չե՞ք որոշումներն ընդունում

Շարունակենք ընթերցել, ավելի ճիշտ` զմայլվել Նիկոլ Փաշինյան պատգամավորի ելույթներով, որոնք ոչ միայն սուր էին եւ ժողովրդի սրտից էին բխում, այլեւ հետեւողականորեն քանդում էին նախկին իշխանությունների հիմքերը` հող պատրաստելով իշխանափոխության համար: Ահա մի պատառիկ 2016 թ. հոկտեմբերի 20-ի ելույթից: Քննարկվում է կառավարության գործունեության ծրագիրը, ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը:

Ասում է. «Վերջին 15 տարիներին ՀՀ կառավարության որեւէ անդամ որեւէ որոշման նախագծի դեմ չի քվեարկել։ Ընդհանրապես, կառավարությունում քվեարկության կարգն ա հանած, որոշումները կոնվեյերով ընդունվում են։ Ես ձեզ ավելին ասեմ՝ նախարարների մոտ 80%-ը որեւէ լուրջ որոշում կայացնելու լիազորություն չունի, եւ ըստ էության, գրեթե ամենօրյա ռեժիմով նախարարներին, այ, քիչ առաջ համեստորեն այն առաջին շարքում նստած համեստ անձնավորությունն էր երկար տարիներ նախարարներին զանգում եւ ասում, թե ինքը ոնց պետք է այդ օրը շնչի, ոնց պետք է այդ օրն արտաշնչի, խոսքը Վիգեն Սարգսյանի մասին է, որը նախագահականի աշխատակազմի ղեկավարն է»։

Այս տեքստում եթե միայն մեկ անուն` Վիգեն Սարգսյանը փոխարինենք Արայիկ Հարությունյանով, այն կդառնա խիստ այժմեական. որեւէ նախարար որեւէ որոշման դեմ չի արտահայտվում, որոշումները կոնվեյերով են ընդունվում, նախարարների 80 տոկոսը ոչ միայն լուրջ որոշում, այլեւ առհասարակ` որոշում ընդունելու ունակ չէ: Մի տարբերություն կա` իր աշխատակազմի ղեկավարը որեւէ հեռավոր նմանություն չունի Վիգեն Սարգսյանի հետ` համեստության, գիտելիքների, կրթվածության տեսակետից: