«Արեւմտյան Ադրբեջան» անվան տակ՝ հայկական գորգեր

«Արեւմտյան Ադրբեջան» անվան տակ՝ հայկական գորգեր

Ադրբեջանի գորգի ազգային թանգարանում բացվել է «Արեւմտյան Ադրբեջանի գորգերը. նախշի պատմական հիշողությունը» ցուցահանդեսը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, ցուցահանդեսին ներկայացված են 21 գորգեր եւ գորգագործական ապրանքներ՝ Արեւմտյան Ադրբեջանից, ասել է թե՝ Հայաստանի տարբեր շրջաններից։
Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանն ասում է, որ, ի տարբերություն նախորդ անգամների, Ադրբեջանն այս անգամ ներկայացրել է ոչ թե գողացված հայկական գորգեր, այլ 1940-ականներից հետո ստեղծված գորգեր, որոնք թեպետ հին հայկական գորգերի կրկնօրինակներ են, բայց իրենց կողմից գործված․ «Իրենց բնորոշ է, որ հենց հայկական գորգերն են դնում ու ասում՝ մերն է, բայց հիմա ցուցադրել են հենց իրենց գործած գորգերը։ Իրենց տեղադրած լուսանկարներից կարող եմ ասել, որ դրանք հենց ադրբեջանցիների գործած գորգեր են, որոնք ոչ մի պատմամշակութային կամ գումարային արժեք չունեն»։

Ի՞նչ է նշանակում՝ հայկական գորգեր են, բայց ադրբեջանցիների կողմից գործված, զարդանախշե՞րն են հայկական։ «Զարդանախշերն ազգային բնույթ շատ քիչ են կրում, դրանք համամարդկային բնույթ են կրում, այդ նույն զարդանախշը ե՛ւ հայերն են գործել, ե՛ւ պարսիկները, ե՛ւ արաբները։ Հայկականի տարբերությունը մնացած մշակույթներից նրա մեջ է, որ հայկական զարդանախշը միայն զարդանախշ չէ, այլ թեմատիկական իմաստ ունի, պատմություն է ցուցադրում, իսկ ներկայացված ադրբեջանական գորգերում ոչ մի թեմատիկա չկա, դրանք հին հայկական գորգերի կրկնօրինակներ են, բայց ադրբեջանցիների կողմից գործված, որոնք ոչ մի արժեք չունեն»։
Այս իրադարձության մեջ, ըստ զրուցակցիս, ամենավտանգավորն այն է, որ Ադրբեջանն օգտագործել է «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը, այլ կերպ ասած՝ արդեն բացահայտ ձեով Հայաստանն էլ համարում են իրենց հայրենիքը ու սկսում են Հայաստանի մշակույթը յուրացնելու քայլերը։ «Ցավալին Հայաստանի ԿԳՄՍ նախարարության պահվածքն է, չեմ ասում՝ իրենք էլ Ադրբեջանն անվանեն Արեւելյան Հայաստան, բայց գոնե Արցախի պատմական մշակութային ժառանգությանը տեր կանգնեն։ Շուշիի գորգերի թանգարանին 3 տարուց ավելի է՝ ո՛չ տարածք են տալիս, ո՛չ էլ գոնե անգամ ցուցադրում են այդ գորգերը, էլ չեմ ասում, որ մի քանի օր առաջ ասացին, որ իրենց պահոցներից հանեմ տանեմ Շուշիի գորգերը։ Սա է ամենացավալի հարցը, որ Ադրբեջանն աստիճանաբար, քայլ առ քայլ աշխարհին ներկայացնում է իր գորգերը, իսկ մերոնք չեմ հասկանում, թե ինչ քաղաքականություն են հետապնդում եւ մեր ունեցածն էլ չեն պահպանում»։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մարզային թանգարաններից մեկի տնօրենին ԿԳՄՍՆ-ից կարգադրել էին տարածքն ազատել Շուշիի թանգարանի գորգերից։ «Ես այդ մարդկանց չեմ մեղադրում ու չեմ էլ ուզում ասել, թե որ կառույցի տնօրենն է ինձ զանգել ասել, որ գորգերը հանեմ, որովհետեւ իրենք մեղավոր չեն, իրենց ընդամենը վերեւից նման կարգադրություն է իջել»,- նշում է թանգարանի հիմնադիր տնօրենն ու նկատում, որ Ադրբեջանը մշտապես փորձել է իրեն ներկայացնել ու դիրքավորել որպես գորգագործության բնօրրան, ինչը քաղաքական իմաստով եւս որոշակի մեսիջներ է պարունակում․ «Ավելին ասեմ՝ ադրբեջանական կողմից նա, ով այդ ցուցադրությունը կազմակերպել է, այս անգամ շատ գրագետ են գործել եւ ներկայացրել են սովետական ժամանակաշրջանի հենց իրենց գործած գորգերը, երբ իրենք անվանվում էին ադրբեջանցիներ, բայց նախկինում թե՛ այլ ժողովուրդների, թե՛ հայերի գորգերը մշտապես ներկայացրել են որպես ադրբեջանական»։