ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները ակցիա են անում. պահանջում են Փաշինյանին

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները ակցիա են անում. պահանջում են Փաշինյանին

Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիաներն են մեկնարկել։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները ևս բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։

«Մեր ձայնը կտրելու համար տարբեր անօրինական քայլերի են դիմում, երեկ տեսաք` բերեցին ժամանակավոր պաշտոնակատար ներկայացրին, ով էլ առաջին օրով ասաց, որ պետք է միանանք Նորքի ինֆեկցիոնին: Ժամանակավոր պաշտոնակատարի անձի դեմ ոչինչ չունենք, մենք դեմ ենք միացմանը:

Ուղիղ մեկ տարի է` մենք մասնագիտական քննարկում ենք պահանջում, պահանջում ենք, որ առողջ բանավեճ ծավալվի մասնագետների միջև, հիմնավոր պնդումներ ներկայացվի այսպիսի որոշման համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ Առողջապահության նախարարի հրամանով լուծարվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:

Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:

Վերջինիս հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր` մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Ժամանակավոր պաշտոնակատարը զբաղվելու է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 77-Ա որոշման պահանջների կատարմամբ:

Փետրվարի 26-ի երեկոյան ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հիմնարկի կնիքը, բանալիներ և փաստաթղթեր նորանշանակ ղեկավարին չտալու համար։ Ավելի ուշ նրան ազատ էին արձակել։

Այս պահին ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ, շարունակում են պնդել , որ չեն ցանկանում միանալ Նորքի ինֆեկցիոնին։