Մի նկատառում

Մի նկատառում

Օրերս մամուլում կարդացի, որ ՀՀ նախագահի 2018թ. մրցանակին հավակնում են թվով շուրջ երեսուն գրող, գրականագետ ու թարգմանիչ: Ամենեւին ցանկություն չունենալով վիրավորել մրցանակ հայցողներին՝ ասեմ, որ այդպիսի թիվը մեզանում կա՛մ գրականության բում է ենթադրում, կա՛մ էլ... գրողներն են սոցիալական շատ վատ վիճակում, փողի կարիք ունեն: Ամենահավանականն այս վերջինն է:

Ես՝ ինքս, արդեն չորս անգամ մասնակցել եմ մրցանակաբաշխությունների, ամեն մեկի մասին մի հետաքրքիր բան կարող եմ պատմել` ոչ այն պատճառով, որ միշտ «ձեռնունայն» եմ մնացել, բայց չփորփրենք անցյալը... Այս «երեսունանոց» մրցանակաբաշխությանն էլ կցանկանայի մասնակցել (գիրք` կար), մանավանդ որ էդ «անտերի» (մրցանակի) համը չեմ տեսել, փողի կարիք էլ` ո՞վ չունի որ... 2019թ. պետական մրցանակի մրցանակաբաշխությանն էլ կարող եմ մասնակցել, նոր գիրքս մոտ օրերս լույս կտեսնի (ձեռքի հետ էլ` գովազդ եմ անում...): Համ էլ` ժողովրդի ասած` ականս չիները (անվաշրջանակները) հո չե՞ն ընկնելու... Բայց չմասնակցեցի ու չեմ մասնակցելու, հիմա ասեմ` ինչու: 

Նախ` այդ ի՞նչ սովետական մնացորդ է, որ մրցանակի հավակնող գրողը պիտի երեք ուրիշ գրողներից (կամ կազմակերպություններից) երաշխավորագիր տանի հանձնաժողովին (հիշեցի Կոմկուսի շարքերն անցնելու «արարողությունը»` երեք երաշխավորող, ընդ որում` երկուսը` բանվոր): Այդ ի՜նչն են երաշխավորում, գրքի՞, թե՞ հեղինակի «մակարդակը»... Բա վիրավորական չի՞... Գնա վիզ ծռիր, թե երաշխավորագիր ես ուզում: Պատկերացնո՞ւմ եք` Պ. Սեւակը ժամանակին գնար Վահագն Դավթյանի, Համո Սահյանի մոտ, թե` տղերք, ի՞նչ կլինի մի քիչ երաշխավորագիր տաք  (համեմատությունը թող ճիշտ հասկացվի - մենք մեզ այդ «եռյակի» հետ չենք համեմատում, թեեւ` ո՜վ գիտի...): Իր ընկերներն են եղել, ամոթի հարց չկա, բայց սա էս ի՞նչ հարամ արարողություն է, իմաստը ո՞րն է...

Կամ` մրցանակի կանոնադրության մեջ ասվում է, թե երաշխավորագրերը պետք է կնիքով վավերացված լինեն, չի ասում` ո՞ւմ կնիքով: Կարո՞ղ է` Գրողների միության... Օհո՜, այդ դեպքում, օրինակ, ես, որ ոչ խաղաղ ձեւով վերջերս եմ Գրողների միությունից դուրս եկել («ձեռնամարտ» չի եղել, բայց ես ու «միությունը» ծանր խոսքերով ենք իրարից բաժանվել), ո՞նց գնամ (կամ թեկուզ` ինձ երաշխավորողը) իրենց կնիքը խնդրեմ: Ինչո՞ւ եք ինձ կախման մեջ պահում ՀԳՄ-ից, ինձ` «ազատ»

Մենք այժմ ազատ երկիր ենք (նորից լեզվիս եկավ` հարաբերականորեն ազատ երկիր), Եվրոպայից լավ բաներ ենք ձգտում ընդօրինակել: Մինչդեռ Արեւմուտքում գրողը կարող է միամիտ իր համար տանը սուրճ խմելիս լինի, մեկ էլ տան ռադիոբարձրախոսից (թեեւ դրանք այժմ դժվար թե գոյություն ունենալիս լինեն) լսի, որ տարվա ողջ գրական մամուլն ու լույս տեսած գրքերն ուսումնասիրած, աղած-մաղած, գրագետ հանձնաժողովն իր գիրքը մրցանակի է արժանացրել: Չէ, սա մեզ պետք չի, մեր մաշված սրտերն այսպիսի աչքալուսանքին չեն դիմանա: Համ էլ` որ ազարտ չլինի` ո՞ւմ է պետք․ «Տեսնես ովքե՞ր են հանձնաժողովի անդամները, արա... Ո՞նց կանալները, հեռախոսի համարները, ծանոթներին գտնենք... Արա...»:

Ուրիշ էլի հարցեր կան (օրինակ` հանձնաժողովները պիտի ընտրվեն գրողների կողմից, ոչ թե «նշանակվեն» վերեւներից), բայց հատկապես այսքանը կցանկանայի ասել:

Զավեն ԲԵԿՅԱՆ