Եթե Մարուքյանը գիտեր լուծումը՝ կարող էր կիսվել Արցախի իշխանությունների հետ իր փորձով ու խորհուրդներով․ Արցախցի պատգամավոր

Եթե Մարուքյանը գիտեր լուծումը՝ կարող էր կիսվել Արցախի իշխանությունների հետ իր փորձով ու խորհուրդներով․ Արցախցի պատգամավոր

«Հրապարակի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը։

- Գրեթե մեկ ամիս է անցել արցախցիների բռնի տեղահանումից։ Ինչպե՞ս եք գնահատում այս կառավարության քայլերը՝ արցախցիների հւոմանիտար, սոցիալական հարցերը լուծելու, արցախցիներին տեղավորելու ուղղությամբ ջանքերը։

- Այո, արդեն մեկ ամսից ավել է, ինչ արցախահայությունը բռնի տեղահանվել է Հայաստանի Հանրապետություն։ Ես չեմ ցանկանում գնահատականներ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվող ծրագրերին, քանի որ այս ծրագրերը կարճաժամկետ ծրագրեր են, սակայն կարող եմ նշել, որ մեր հայրենակիցների հետ անընդհատ լինելով կապի մեջ և ունենալով հանդիպումներ, նրանց մոտ կան դժգոհություններ՝ կապված փախստականի կարգավիճակի, թոշակների հարցի բաց լինելու, բնակվարձերի և այլնի հետ։

- Ի՞նչ եք կարծում, կկարողանանք արցախցիներին պահել Հայաստանում, թե կունենանք նույն պատկերը, ինչ 1988-ից սկսած Ադրբեջանի հայ փախստականների, Սիրիայի ու Իրաքի հայ փախստականների հետ, այսինքն նրանք կցրվեն աշխարհով մեկ, թե՞։

- Ժամանակը ցույց կտա, թե ինչ արեց կամ չարեց այսօրվա ՀՀ իշխանությունը, որ արցախցիները մնան Հայաստանի Հանրապետությունում։

- Ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը՝ արցախցիների հոգսը փոքր ինչ թեթևացնելու համար։

- Նախ սկսեմ նրանից, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տվել է հարցի կարճաժամկետ լուծում, այն է 100 հազարական միանվագ աջակցություն և վեց ամիս 40+10 և 50 հազար դրամական աջակցությունները։ Կարծում եմ, սակայն, որ արցախահայությանը անհրաժեշտ են միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր։ Միջնաժամկետ ծրագրերն իրենց մեջ պետք է ներառեն աշխատանքի տեղավորման կամ որոշ դեպքերում սոցիալական տարբեր խմբերին սպառողական զամբյուղի չափով աջակցություն։ Երկարաժամկետ ծրագրերի մասով, առաջնահերթ քայլերից մեկը պետք է լինի բնակարանաշինության ծրագիրը, որ օր առաջ տրամադրեն տներ կամ բնակարաններ մեր հայրենակիցներին, առաջնահերթություն տալով զոհված զինծառայողների, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող ընտանիքների, բազմազավակ ընտանիքներին և առհասարակ Արցախից բռնի տեղահանված բոլոր ընտանիքներին։

- Սամվել Բաբայանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ առաջարկում է արցախցիների հարցերով զբաղվող կոմիտե ստեղծել, ինչը կարծես թե համահունչ է իշխանությունների կողմից՝ Հայաստանում երկու հայկական պետականությունների կառավարություններ չպետք է լինեն կարգախոսին։

- Չեմ ցանկանում մեկնաբանել Սամվել Բաբայանի այդ հայտարարությունը։

- Արցախի վտարանդի կառավարություն պե՞տք է ձևավորվի։

- Այս հարցը տարբեր անհատների, քաղաքական գործիչների, փորձագիտական շրջանակներում շահարկվում է։ Այդ հարցը կարող է ունենալ տարբեր մեկնաբանություններ, բայց ես ցանկանում եմ ֆիքսել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները բռնի տեղահանվել են իրենց պատմական հայրենիքից։ Արցախի իշխանությունները ևս իրենց հայրենիքում չեն և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, ապա ավտոմատ ստացվում է, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ունեն վտարանդի կարգավիճակ։

- Իշխանական շրջանակները հայտարարում են՝ Արցախի վտարանդի կառավարությունը ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք է, ինչո՞ւ։

- Վտարանդի կառավարություններ կան, եղել են և կլինեն, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հետ կապված թե ինչ սպառնալիքներ կան՝ հարցը երևի ուղղեք Էդմոն Մարուքյանին՝ թող հիմնավորի ինչ սպառնալիքների մասին է խոսքը։ Եվ ավելացնեմ, այդ հարցազրույցում իր կողմից հնչեցված մեղադրանքներն Արցախի Հանարպետության իշխանություններին ուղղված, կարծում եմ, եթե ինքը գիտեր դրանց լուծումները, կարող էր ժամանակին կիսվել իր փորձով և խորհուրդներով։