Նախազգուշացրել են՝ «խաղեր չտալ»

Նախազգուշացրել են՝ «խաղեր չտալ»

Թուրքական իշխանությունները սկսել են քայլել բարակ սառույցի վրայով, շարունակելով վենեսուելական ոսկու վաճառքի իրականացումը։ Ինչպես հայտնում է BBC-ն, նման մեսիջ են ստացել Անկարայում՝ Վաշինգտոնից։ Միացյալ Նահանգներում, ըստ հաղորդման, աճում է կասկածամտությունն առ այն, որ Վենեսուելայից տարված ոսկին ի վերջո, խախտելով ամերիկյան սանկցիաները, կհայտնվի Իրանում։ «Ոսկու առեւտուրը Անկարայի եւ Կարակասի միջեւ շեշտակի աճում է։ Նախորդ տարի այն կազմել է 900 միլիոն դոլար։ Ճիշտ այդքան գումարի ոսկի է Վենեսուելան տեղափոխել Իրան, իբրեւ թե վերամշակման համար, սակայն ամերիկյան վարչակազմը չունի տվյալները, որ այդ ոսկին վերամշակվելուց հետո հետ է վերադարձվել Վենեսուելա»,- մանրամասնում է BBC-ն։ Պարբերականի աղբյուրները նշել են, որ Թուրքիան, Ռուսաստանն ու ԱՄԷ-ն հանդիսանում են ամենամեծ խնդիրը Վենեսուելայի հետ ոսկու առեւտրի հարցում, քանի որ Էրդողանն աջակցում է Մադուրոյին։ Ռուսական եւ թուրքական մասնավոր ինքնաթիռները վերջին շրջանում հաճախ են թռիչքներ իրականացնում Կարակաս։ Անկարան պնդում է, որ առեւտուրը իրականացվի միջազգային նորմերին համապատասխան։ Հայտնի է դարձել, որ Էրդողանի հետ սերտ կապեր ունեցող թուրքական Ciner group լեռնահանքային արդյունաբերական ընկերության մասնավոր ինքնաթիռը վերջերս է թռիչք իրականացրել Անկարա-Կարակաս-Անկարա երթուղով։